ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՐՁԸ ՀԱՋՈՂՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 29-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 16 շենքի 43 բնակարանում: 56-ամյա Լուսինե Գալոյանն իր սեփական բնակարանի խոհանոցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Տեղեկացանք, որ սա ինքնասպանության առաջին փորձը չէր:  Երեք տարի առաջ Լուսինեն եւս մեկ փորձ էր կատարել, սակայն հարազատներն այն կանխել էին: Ըստ մեր տեղեկությունների՝ ինքնասպան եղած կինը հիվանդ էր:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց Փափազյան 16 շենք, որտեղ Լ. Գալոյանը բնակվում էր իր ամուսնու եւ միակ տղայի հետ: Նրա որդին` Ալիկ Մուրադյանը, ուսանող է եւ սովորում է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում, իսկ ամուսինը` 57-ամյա Վարդան Մուրադյանը, նախկինում օդաչու է եղել, իսկ այժմ պահակություն է անում` այդպիսով մի կերպ կարողանալով հոգալ ընտանիքի օրվա ապրուստը: «Լուսինեն  վերջին մի քանի տարիներին տառապում էր նեւրոզով, եւ ընտանիքի ողջ հոգսը գրեթե ընկած էր ամուսնու` Վովայի ուսերին»,-ասաց հարազատներից մեկը, որի անունը  նրա խնդրանքով չենք հրապարակում:
Հարազատների պնդմամբ` Լուսինեն հիվանդությունը ձեռք է բերել մի քանի տարի առաջ, իսկ   մինչ այդ առողջական ոչ մի խնդիր չի ունեցել: «Ուսուցչուհի է աշխատել տարբեր մարզերում, սակայն հիվանդությունից հետո նրա մոտ հաճախակի էին սկսվել դեպրեսիվ վիճակներ, ինչի հետեւանքով դուրս էր եկել աշխատանքից»,-նշեցին նրանք:
Տեղեկացանք, որ Լուսինեն 3 տարի առաջ ինքնասպանության փորձ է կատարել, սակայն ընտանիքի անդամները կարողացել են փրկել նրա կյանքը: «Լինում էին դեպքեր, երբ նրա մոտ նոպա էր սկսվում, եւ նա տրամադրության անկում էր ունենում, փակվում էր իր սենյակում ու ոչ ոքի չէր ցանկանում տեսնել»,-պատմեցին հարազատները:
Դեպքի օրը տանը եղել է ամուսինը` Վարդանը, տղան` Ալիկը, եւ Լուսինեի մայրը` Ռոզան: Լուսինեի ամուսինը եւ տղան հարազատներին պատմել են, որ այդ գիշեր նա շատ լավ է զգացել իրեն եւ ոչ մի դժգոհություն չի ունեցել, իսկ առավոտյան, երբ ամուսինը գիշերային աշխատանքից վերադարձել է տուն,  մտել է խոհանոց  եւ տեսել, որ կինը խոհանոցում կախված  է, ու այդ պահին անմիջապես զանգահարել է ոստիկանություն»:   
Հարեւանները նույնպես զարմացած էին միջադեպից: Նրանք շքամուտքի ձայներից են իմացել, որ իրենց հարեւանուհին ինքնասպանություն է գործել. «Լացուկոծի ձայն լսեցինք, դուրս եկանք եւ հասկացանք, որ նման բան է եղել: Շատ լավ ամուսին ունի եւ հոգատար երեխա: Մենք գիտեինք, որ Լուսինեն առողջական խնդիրներ ունի, բայց որ ինքնասպանություն կգործեր, դա մեզ համար էլ էր զարմանալի»,-ասացին նրանք:
Ըստ հարեւանների՝ ընտանիքը բավական ծանր սոցիալական պայմաններում է ապրում` մի կերպ ծայրը ծայրին հասցնելով: Տեղեկացանք նաեւ, որ Լուսինեն մինչ հիվանդությունը դրկիցների հետ շփվել է, իսկ հիվանդությունից հետո լրիվ մեկուսացել է` դադարեցնելով բոլոր շփումները:  «Նա անգամ իր ընտանիքի անդամների հետ չէր խոսում, ուր մնաց՝ մեզ հետ խոսեր»,-ասացին հարեւանները` հավելելով, որ Լ. Գալոյանի ամուսինն այնքան լավ անձնավորություն է, որ անգամ այդ հիվանդությունից հետո կնոջից չի բաժանվել, եւ արդեն 4-5 տարի է, ինչ հանուն տղայի մնացել էր կնոջ կողքին:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս