ԻՍԿ ԵԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթվա վերջը նշանավորվեց մեկը մյուսին հաջորդող աղմկալի պատմություններով: Դրանցից մեկը` «Քաղաքացիական գիտակցություն» հասարական կազմակերպության գրասենյակում «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքն է, որն աղմկոտ իրադարձություն լինելուց բացի՝ ցույց է տալիս այն ախտը, ինչով պատված է Հայաստանը: Բանն այն է, որ նշված ՀԿ-ի նախագահը լրատվամիջոցին հարցազրույց է տվել եւ ի թիվս մյուս հին ընդդիմադիր կուսակցությունների՝ խիստ քննադատել է նաեւ «Ժառանգություն» կուսակցությանը: Իսկ «Ժառանգության» երիտասարդ անդամները որոշել են հաշիվ պահանջել իրենց կուսակցության հասցեին քննադատություն հնչեցրած երիտասարդից: Նախ՝ մի քանի անգամ զանգել են, ապա գնացել ՀԿ-ի գրասենյակ՝ «հաշիվ պարզելու»: «ՄԵր կուսակիցները գնացել էին ընդամենը խոսելու: Դա արվել է միտումնավոր, սադրանք է եղել: Թե չէ, ինչ կապ ուներ գազային ատրճանակն այդ վայրում, այդ պահին, ինչու են հրավիրել, հետո գազային ատրճանակ օգտագործել, ինչու են 15 հոգով 3 հոգու ջարդի ենթարկել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ամեն դեպքում, եթե այս կուսակցությունն իսկապես հռչակել է ժողովրդավարությունը որպես գլխավոր արժեք, պետք է այդպես չվարվեր: Ու եթե որեւէ մեկի ասածների հետ համաձայն չէին, ապա պետք է կա՛մ պատասխան խոսքով հանդես գային, կա՛մ էլ, եթե ասվածի մեջ վիրավորանք կամ զրպարտություն է եղել, դիմեին դատարան: Բայց նրանք վարվել են այնպես, ինչպես կվարվեր, օրինակ, ՀՀԿ-ի Սաքուլիկը: Այդ դեպքում ի՞նչ տարբերություն կա իրենց եւ սաքուլիկների միջեւ:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս հինգշաբթի՝ օգոստոսի 20-ին, մեկամսյա ընդմիջումից հետո իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է գործադիր մարմնի նիստ հրավիրել: Ինչպես հայտնի է՝ արդեն մի քանի տարի է՝ բոլոր թափուր պաշտոնների նշանակումների եւ Հայաստանի կառավարման համակարգին առնչվող բոլոր կարեւոր հարցերի վերաբերյալ որոշումները կայացվում են հենց ՀՀԿ-ի ԳՄ նիստում: Մի խոսքով, ինչպես Խորհրդային Հայաստանի տարիներին՝ ամեն ինչ որոշում է «պարտիան»: Ի դեպ, ՀՀԿ-ականների հայտնի սեքս-սկանդալից հետո սա «պարտիականների» առաջին հանդիպումն է: Ենթադրվում է, որ ԳՄ այս նիստում կորոշվի նաեւ ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հարցը: ՀՀԿ ԳՄ անդամները մասնավոր զրույցներոմ նշում են, որ Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չի «բացահայտում», թե այդ պաշտոնում ինքն ում է պատրաստվում նշանակել: Մյուս կողմից էլ չեն դադարում լուրերը, որ իրականում վաղուց որոշվել է հարցը, եւ նախարար է նշանակվելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը:

 

 

 

 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հինգշաբթի կայանալիք նիստում հավանություն կտա «Օրանժ Արմենիայի» բաժնետոմսերի 100 տոկոսը «Յուքոմ» ընկերությանը վաճառելու վերաբերյալ գործարքին: ՀԾԿՀ-ի համաձայնության համար «Յուքոմը» համապատասխան գրությամբ դիմել է օգոստոսի 14-ին: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ այն բանից հետո, երբ օգոստոսի 12-ին ՀԾԿՀ-ն «Յուքոմին» թույլատրեց գրավադրել ընկերության բաժնետերերից Արամ Խաչատրյանին պատկանող 41 տոկոս բաժնեմասի 30 տոկոսը, «Օրանժ Արմենիայի» գնման հետ կապված բոլոր խնդիրները լուծվեցին: Մասնավորապես, լուծվել է անհրաժեշտ գումարի հարցը, եւ մնում է վերջին ստորագրությունները դրվեն: Գործարքի չափը դեռ չի հրապարակվել, բայց հաստատ հարյուրավոր միլիոն դոլարների մասին է խոսքը: Ի դեպ, «Օրանժը» գնելուց հետո «Յուքոմը» կդառնա Հայաստանի, եթե ոչ ամենախոշոր կապի օպերատորը, ապա՝ առնվազն երկրորդը:

 

 

 
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլի ընկել է աղմկալի պատմության մեջ. այս անգամ «փող ստանալու» թեմայով նա օգոստոսի 15-ին ֆուտբոլի ակադեմիայի մոտ հանդիպման է հրավիրել «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրենին եւ նրա հետ զրուցելուց հետո, հրահանգել ծեծի ենթարկել ու տանել ՀՖՖ գրասենյակ՝ ստիպելով ընդունել, որ «Տարոն Ավիա» ընկերության պարտքը պարտավոր է վճարել իրեն: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ ի՞նչ դիրքորոշում ունի Ս. Սարգսյանը այս հարցի վերաբերյալ, եւ արդյո՞ք նման պահվածքը առիթ կդառնա, որ նրան «զրկի» ՀՖՖ նախագահի պաշտոնից: ՀՀ նախագահի խոսնակն այսպես արձագանքեց. «Նշված գործով զբաղվում են իրավապահ մարմինները: Ինչպես հայտնի է՝ «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանի առեւանգման վերաբերյալ հայտարարության հիման վրա ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Թե իրականում ինչ է տեղի ունեցել, պարզելու համար դեռ նյութեր են նախապատրաստվում»: Նկատեցի՞ք՝ ՀՖՖ նախագահի ապագայի մասով խոսնակը ոչինչ չի պատասխանել: Մինչդեռ 2012-ի հունիսի 17-ին երբ Հայրապետյանի «Հարսնաքարի» թիկնապահները ծեծելով սպանեցին ռազմական բժշկին, Սարգսյանն իր մոտ կանչեց Հայրապետյանին, որից հետո նա հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից:

 

 

 

 
«ՏԻՏՈՒԼԱԶԵՐԾ»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին` ինչպես միշտ հանդես գալով յուրօրինակ մեկնաբանություններով: Նախ` խոսելով Աժ-ում կայուն մեծամասնությունն ամրագրող 89 -րդ հոդվածը նախագծից հանելու եւ ընտրական օրենսգրքին թողնելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հորդորի մասին` նա ասում է, թե դա հնարավոր չէ, քանի որ ընտրական օրենսգիրքը կարող է փոփոխվել, մինչդեռ Սահմանադրությունը ավելի կայուն է: Սակայն արդեն հաջորդ հարցի պատասխանում նա հայտարարում է, թե «եթե խնդիրը ձեր ասած խնդիրն է, դրա համար ժամանակ ունենք, կարող են առաջարկություններ անել, ավելի լավ մոդելներ գտնել»: Փաստորեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքն առ ոչինչ համարելուց հետո, ըստ Գալուստ Սահակյանի՝ իշխանությունները լսելու են ՀՀ քաղաքական ուժերի առաջարկությունները: Իհարկե, ինքնին հասկանալի է, որ Գրիգորիչի այս հայտարարությունն ուղղված է Սահմանադրության փոփոխության գաղափարին ի սկզբանե «ոչ» ասող ուժերին եւ նպատակ ունի նրանց եւս քննարկումների դաշտ բերել. «Այսօր խոսում են նրանք, ովքեր Սահմանադրությունը ընդհանրապես չեն կարդացել եւ իրենց «ոչ»-ի պոչից բռնած՝ մտածում են, որ բոլորը կասեն ոչ,-ընդգծում է Սահակյանը` երկրորդելով,-մտահոգություն ունեն՝ թող առաջարկություններ անեն: Ապա հարցին, թե արդյոք այդ առաջարկությունները կընդունվեն, Սահակյանը, առանց որեւէ անհարմարության, պատասխանում է` իհարկե:
Այստեղ հարց է առաջանում՝ եթե իշխանություններն այդքան պատրաստակամ են ընդունել քաղաքական ուժերի առաջարկները, ապա ինչու մասնագիտական հանձնաժողովի կողմից դա չի արվել մինչ օրս. ի վերջո, շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժեր տարբեր առաջարկություններ էին ներկայացրել, որոնց նվազագույն մասն անգամ այսօր ներառված չէ նոր սահմանադրության նախագծում: Եվ առհասարակ, ում առջեւ են փորձում ձեւեր թափել ՀՀԿ-ականները եւ ինչ նպատակով: «Այն տեսակետները, որոնք բխում են նեղ կուսակցական շահերից, դրանք մեզ համար ընդունելի չեն»,-հաջորդիվ վստահեցնում է ԱԺ նախագահը: Հետաքրքիր է՝ հասարակական ծաղրի նմանվող այս հայտարարությամբ նա, փաստորեն, համարում է, թե հանրությունն այնքան տգետ է, որ չի հասկանում` այս ամբողջ Սահմանադրությունը` ծայրեծայր, գրված է՝ ելնելով կոնկրետ մեկ քաղաքական ուժի` ՀՀԿ-ի նեղ կուսակցական շահերից, թե իրականում այն աստիճան չի արժեւորում իր խոսքը, որ նման պնդումներ է անում:
Անկախ ամեն ինչից` Գ. Սահակյանն իրավացի է մեկ ընդդիմության հարցում` պնդելով, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը. «Տիտուլավոր տեղ զբաղեցնելու համար պատրաստ է ամեն ինչ անել»: Եվ հենց այս հանգամանքի վրա էլ արված է իշխանության ողջ հաշվարկը` նոր Սահմանադրությամբ բավարարելու բոլոր «տիտուլավորների» ախորժակը` դրա դիմաց երկիրը տանելով «կայուն մեծամասնության» բռնապետության:




Լրահոս