ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԾԵԾԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ Հայաստանում աղմկալի ծեծերն ու հերթական գործարարի ինքնասպանությունը լուրջ մտորումների տեղիք տվեցին: Բանն այն է, որ օգոստոսի 15-ին տեղեկություններ տարածվեցին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները ծեծել են «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանին: Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներն էլ ծեծի են ենթարկել «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին: Ծեծերից մեկ օր անց էլ ինքնասպան եղավ Հայաստանում EIFFEL շվեյցարական ժամացույցների խանութի սեփականատեր Գեորգի Մկրտչյանը:

Պաշտոնյաների թիկնապահների «ամենաթողությանը» բազմիցս ենք անդրադարձել, սակայն ինչպես նկատում ենք, նրանց կարգի հրավիրելու մասով դեռեւս շատ անելիքներ կան: Հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից:
Օգոստոսի 15-ին «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը, լրատվամիջոցներին հայտնել էր, որ իր ամուսինը՝ Արսենը, «Տարոն-Ավիա» ընկերության տնօրեն եւ սեփականատեր Գառնիկ Պապիկյանին օդանավի վարձակալության գումար է պարտք եղել: Ըստ Իզաբելլայի` ավելի ուշ Գառնիկ Պապիկյանը Արսեն Ավետիսյանին ասել է, որ նա պարտավոր է գումարը Ռուբեն Հայրապետյանին վճարել, հակառակ դեպքում այն «կվճարեն նրա երեխաները»: Եվ, ահա, այս հարցի շուրջ էլ ֆուտբոլի ակադեմիայում Արսեն Ավետիսյանը հանդիպել է ՀՖՖ նախագահին՝ Ռուբեն Հայրապետյանին. «Հայրապետյանը գողականով ասել է՝ ինձ ես պարտք, ամուսինս ասել է՝ «Էյր Արմենիան» է պարտք «Տարոն-Ավիա» ընկերությանը, ես քեզ պարտք չեմ: Դրանից հետո ամուսնուս թեւից բռնել են, քաշել, գցել գետնին, 8 հոգով հարձակվել են վրան, ծեծել են, հետո տարել են մի ուրիշ տարածք»:
Կնոջ պատմելով` ամուսնուն ստիպել են ընդունել, որ ինքը պարտք է Ռուբեն Հայրապետյանին, ինչը նա չի արել:
Նշենք, որ այս հայտարարություններից հետո Իզաբելլան բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին, որպեսզի նա ապահովի իր ընտանիքի անվտանգությունը: Ասել է թե՝ գործարարի ընտանիքի անդամները հաշվի առնելով, թե ում հետ են կռվի դուրս եկել, վախեցել են սեփական կյանքի համար եւ միգուցե դա է պատճառը, որ մինչ օրս գործարարը իրավապահներին բացատրություն չէր տվել` պատճառաբանելով առողջական վիճակը:
Այն, որ Ավետիսյանների ընտանիքը անհագստանալու պատճառ ունի, հիմնավորված է: Դեռեւս 2012թ հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրի անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել ՀՀ զինված ուժերի ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանին, որը մահացավ: Այս դեպքը պատճառ դարձավ, որ Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանին ստիպի հրաժարվել պատգամավորական մանդատից: Իսկ, ահա, ռեստորանային համալիրի անվտանգության 6 աշխատակիցները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման: Սա դեռ վերջը չէ. 2012թ-ին տեղեկություններ տարածվեցին, որ Ռուբեն Հայրապետյանը ծեծի էր ենթարկել «Փյունիկ» ակումբի եւ ՀՀ ազգային հավաքականի նախկին բժիշկ Վարդան Հովասափյանին եւ հեռացրել աշխատանքից: Թեեւ բժիշկը հայտնել էր, թե նման բան չկա: Արդյո՞ք ընտանիքի անվտանգության հարցով անհանգստացած Ավետիսյանները մինչեւ վերջ կգնան, եւ Ռուբեն Հայրապետյանը կպատժվի, ցույց կտա ժամանակը:

Մհեր Սեդրակյանի թիկնապահները
Օգոստոսի 15-ին «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապաները ծեծի են ենթարկել իրեն եւ կնոջը: Մարտիրոսյանը հայտարարել է՝ միջադեպը կապ ունի իր հասարակական գործունեության հետ: Ըստ նրա՝ վերջին շրջանում ինքը բազմաթիվ անգամ է «Գազպրոմ Արմենիա»-ի չարաշահումների մասին հայտարարություններով հանդես եկել, իսկ, ահա, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը Հայաստանում ունի գազալցակայաններ, որոնք մատակարարվում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
«Ժողովուրդ»-ը փորձեց ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալ Մհեր Սեդրակյանից, սակայն պարզեցինք, որ վերջինս հանրապետությունում չէ:

Հասցրե՞լ են ինքնասպանության
Այս տարվա ընթացքում Հայաստանում արդեն երկրորդ գործարարն է ինքնասպան լինում, եւ ավելի ուշ պարզվում է, որ նրանց այս քայլի պատճառը ֆինանսական խնդիրներն են: Եվ այսպես, օգոստոսի 16-ին Նորքի Այգիներ թիվ 282 ա հասցեում որսորդական զենքով ինքնասպան էր եղել շվեյցարական ժամացույցների հայտնի Swatch եւ Eiffel խանութների ցանցի եւ «Ստալկեր» ֆիրմայի հիմնադիր սեփականատեր Գեորգի Մկրտչյանը: Դեպքի մասին իրավապահներին հայտնել էր Գեորգիի հայրը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գեորգիի հարազատները եւ ծանոթները չեն հավատում, որ նա կարող էր ինքնասպան լինել: Ավելին՝ մտերիմների համար տարօրինակն այն է, որ դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա որոշել էր Վրաստանում բիզնես գործունեություն սկսել: Նրա մտերիմ շրջապատին տանջում է մեկ հարց՝ միգուցե տեղի ունեցածը կա՞պ ունի նրա գործունեության հետ:
«Ժողովուրդ»-ին գործարարի ինքնասպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը օրերս 30 միլիոն դրամի չափով տուգանել է նրա ընկերությանը, եւ սա էլ դեռ քիչ է, ըստ շրջանառվող լուրերի՝ ֆինանսների նախարարության քննչական վարչությունը Գեորգի Մկրտչյանի ընկերության մասով հարուցել է քրեական գործ: Եվ միգուցե գործարարը չի դիմացել ֆինանսական այս ճնշմանը եւ փորձել է տուգանքից խուսափելու համար գնալ այդ ծայրահեղ քայլին: Ի դեպ, Գեորգին ինքնասպան լինելուց առաջ գրություն էր թողել, որ իր այս քայլի համար ոչ մեկի չմեղադրեն: Նշենք, որ վերջինս ուներ երեք անչափահաս երեխա:
Ի դեպ, այս տարվա մեջ ֆինանսական խնդիրների պատճառով ինքնասպան եղավ նաեւ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր Աբրամ Ամիրխանյանը: Վերջինս գրություն էր թողել, եւ ըստ շրջանառվող լուրերի՝ անուններ էր տվել, թե ով իրեն հասցրեց այս քայլին: Գործարարի ինքնասպանության գործը քննվում է ԱԱԾ-ում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով պատգամավորն առաջարկում է քրեականացնել ՀՀ ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը:
«Խնդիրն այն է, որ գործող քրեական օրենսգիրքը պատիժ չի նախատեսում, օրինակ, ՀՀ-ն ամբողջությամբ կամ մասնակիորեն այլ պետության կազմի մեջ մտցնելուն ուղղված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելու համար, այնինչ՝ այդ բնույթի արարքը ոտնձգություն է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նկատմամբ: Մասնավորապես, համաձայն Անկախության հռչակագրի 2-րդ կետի՝ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Նման գործողություններն ուղղակիորեն խախտում են Սահմանադրությունը եւ ուղղված են հայ ժողովրդի կամքի դեմ, որն արտահայտվել է համընդհանուր հանրաքվեի միջոցով՝ հռչակելով Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 114-րդ հոդվածների անփոփոխելիությունը: Այսինքն՝ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն անփոփոխելի եւ անքննարկելի արժեքներ են: Իմ խորին համոզմամբ՝ նշված հիմնարար սկզբունքների նկատմամբ ընդգծված հարգալից վերաբերմունքը հատկապես կարեւոր է մեզ նման նորանկախ պետության համար՝ հաշվի առնելով մեր պետականաշինության դժվարին ընթացքը…»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ տապալված «Պուտին» ակումբի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն օրեր առաջ Հայաստանը Ռուսաստանին միացնելու կոչերով էր հանդես եկել, որն առաջացրել է շատ մարդկանց, այդ թվում` Էդմոն Մարուքյանի զայրույթը: Ներկայացված նախագիծը հենց այդ նպատակն ունի. չեզոքացնել ՀՀ-ին սպառնացող վտանգը:

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼՌՈՒՄ
ՀԱԿ-ը այդպես էլ որեւէ կերպ չարձագանքեց Տիգրան Առաքելյանի ձերբակալությանը եւ նրան չհռչակեց քաղաքական հետապնդյալ, իշխանություններին մեղադրանք չներկայացրեց քաղաքական ակտիվիստի նկատմամբ շինծու քրեական գործ սարքելու եւ նրան ազատությունից ապօրինաբար զրկելու համար: Գրում է 1in.am-ը եւ հավելում. ընդհակառակը՝ ՀԱԿ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Կոնգրեսում նրան համարում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից կուսակցության շարքերը ներդրված մարդ եւ հիմա լարված սպասում են, թե Առաքելյանի ձերբակալության արդյունքում ՀԱԿ-ին ինչ նոր անակնկալներ կարող են մատուցվել:
2011թ., երբ ՀԱԿ-ը բարեհաջող երկխոսում էր իշխանությունների հետ եւ հույս ուներ զիջումներ կորզել իշխանությունից, Տիգրան Առաքելյանը հարվածեց ոստիկաններից մեկին եւ տարվեց ոստիկանական բաժանմունք: ՀԱԿ-ը ստիպված էր որպես երկխոսությունը շարունակելու նախապայման պահանջել Տիգրանի ազատ արձակումը, ինչի նպատակը իշխանության հետ սկսված երկխոսության վիժեցումն էր: Այսպիսով՝ երկխոսությունը ընդհատվեց: ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ, անգամ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, անձամբ էր այցելում թերթերի խմբագրություններ եւ խնդրում, որ մամուլը Առաքելյանին չներկայացնի որպես քաղբանտարկյալ:

 
ՀԱՊՃԵՊ ԴԱՏ
Վալերի Պերմյակովի դասալքության գործով դատական քննչավարությունը ոչ թե օրենքով սահմանված արագացված կերպով է տեղի ունեցել, այլ նախապես որոշված է եղել, որ պետք է մեկ օրում անցկացնել, վերջացնել: Այս համոզմանն է Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը: «Նիստի սկզբից էլ բոլորը գիտեին, որ ամեն ինչ հապճեպ է տեղի ունենալու: Նույնիսկ ժամերն էին համընկնում: Ստացվում է, որ այդ գործողությունը բոլոր մասնակիցների միջեւ համաձայնեցված էր, ինչի արդյունքում կայացվեց մեղադրական դատավճիռ: Չկա արագացված, արդար դատաքննություն հասկացություն: Ինչը ներկայացվել է 9 հատորով ծաղկաքաղից»:

 

ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Armlur.am-ի փոխանցմամբ` երեկ՝ վաղ առավոտյան, Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցի 5 շենքի մուտքերից մեկում կողոպտել են ամուսինների: Նրանք հանգստից վերադառնալիս են եղել, երբ մուտքի մոտ երեք անձ հարձակվել եւ գողացել է նրանց մոտ եղած զարդերն ու գումարը: Ամուսինը փորձել է դիմադրել, որի պատճառով էլ դեմքին հարված է ստացել:

 

ԿԶՈՎԱՆԱ
Օգոստոսի 18-ին, 21-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 19-20-ին՝ առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ արագությամբ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ին կնվազի 1-2, արեւելյան շրջաններում` 3-5 աստիճանով, 19-ին նույնքանով կբարձրանա, 21-22-ին կնվազի 4-6, արեւելյան շրջաններում` 7-8 աստիճանով:




Լրահոս