«ՈՉ ԹԵ ՀԻՇԵՆՔ ՈՒ ՊԱՀԱՆՋԵՆՔ, ԱՅԼ ՀԻՇԵՆՔ ՈՒ ԽՆԴԱՆՔ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որն ավելի վաղ փոխանցվել էր պաշտպանության նախարարությանը, 30 միլիոն դոլարով վաճառվել է մասնավոր ընկերության: Նախատեսվում է, որ ընկերությունը կստեղծի ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը կներառի հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ով նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ճարտարապետն է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ծրագիրը որակեց որպես բարբարոսություն եւ վանդալիզմ:

-Պարո՛ն Քալաշյան, մարզահամերգային համալիրի վաճառքի ու դրա` ժամանցային կենտրոնի վերածման մասին որոշումն ինչպե՞ս կորակեք:
-Ես դա համարում եմ պետական մակարդակի օրինախախտում, քանի որ օրենսդրությամբ եւ փաստաթղթերով ունենք որոշում այն մասին, որ Ծիծեռնակաբերդի այգու ողջ տարածքը պաշտպանական գոտի է, իսկ մարզահամերգային համալիրի շենքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում, այսինքն` դրանք որոշակի ռեժիմի տակ են, որեւէ կամային լուծում այս պարագայում չի կարող լինել: Իսկ եթե որեւէ բան ծրագրվում է, պետք է անցկացվի հանրային, մասնագիտական քննարկում, որից հետո նոր որոշում ընդունվի: Այս պարագայում խոսքը մի ամբողջ տարածք կառուցապատելու մասին է… Բոլոր դեպքերում, այս մասշտաբի որոշումն ինձ համար անհասկանալի է: Կա՛մ Կառավարությունը տեղյակ չէ համալիրը պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառելու իր իսկ որոշման մասին, կա՛մ, պարզապես, իր համար հետաքրքիր չեն նման որոշումները. դրանք ուղղակի փաստաթղթեր են: Մշակութային արժեք հասկացությունը Կառավարության մոտ չի ընկալվում: Պատմամշակութային հուշարձանի պահպանումն այն կլիներ, որ որեւէ կառուցապատում չթույլատրվեր… Հիմա ինչի՞ համար է այս ամենն արվել. ուրեմն՝ թքա՞ծ ամեն օրենքի վրա, ոչ մի պետական փաստաթուղթ, ռեժիմ գոյություն չունի՞: Այս բարոյական կեցվածքն ինչո՞վ են արդարացնում: Սա վանդալիզմ է, ուրիշ ոչինչ:
-Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարեւանությամբ կառուցվելու է զվարճանքների կենտրոն, խաղատուն: Արդյո՞ք այս կերպ չեն ոտնահարվում նաեւ մեր հոգեւոր արժեքներն ու ազգային արժանապատվությունը:
-Դե, դա արդեն ծաղրանք է, նշանակում է` վերջ, այլեւս ոչ թե պետք է հիշենք ու պահանջենք, այլ հիշենք ու խնդանք… Ի՞նչ է նշանակում զվարճանալ… Հիշել ու զվարճանալ…
-Այսինքն` սա զուտ պատմամշակութային կառույցի կորուստ չէ. խնդիրն ավելի խորն է:
-Սա բարբարոսություն է:
-Ըստ Ձեզ` ինչպե՞ս է գործում այս մեխանիզմը, ըստ որի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցը հեշտորեն վաճառվում է, իսկ հանրության կարծիքը հաշվի չի առնվում:
-Շատ պարզ: Ինչ-որ բարձրաստիճան մարմին կամ մարդ գումարի խիստ կարիք է ունենում, իսկ այդ գումարը գտնելու ուղիներից մեկն էլ հենց սա է:
-Ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուն ո՞վ է:
-ՀՀ մշակույթի նախարարությունը: Այդտեղից մասնակցել են Կառավարության որոշմանը, ուրեմն ո՞րն է եղել նրանց արձագանքը, ստորագրե՞լ են, համաձայնությո՞ւն են դրել տվյալ որոշման տակ, թե՞ մեկը գիշերը ստորագրել է ու որեւէ մեկին չի ասել այդ մասին… Այդ ի՞նչ երկնքից իջած կազմակերպություն է, որի տեղն ու անունն էլ չգիտեն, որն ընդամենը մեկ ամիս առաջ է ստեղծվել… Ինչի՞ համար. փո՞ղ էր պետք, փողի պատճառով կարելի է խախտել բարոյական ամեն սահմա՞ն:
-Հակառակ կողմը կարող է նշել, որ ներդրումների արդյունքում տնտեսությունը կզարգանա, նոր աշխատատեղեր կբացվեն…
-Բիզնեսն ու մշակույթը տարբեր ոլորտներ են: Մեկի շահը գումար վաստակելն է, մյուսինն էլ` մշակութային արժեք պահպանելը: Դրանք կարող են հակասության մեջ մտնել, բայց մեզ մոտ բիզնեսի օղակը խախտում է ամեն ինչ: Ուրեմն մենք թքած ունենք մշակույթի վրա: Եկեք, էլ չխոսենք տուրիզմի զարգացման մասին. այս կարգի վերաբերմունքով մենք պարզապես ծաղրի ենք արժանի:
-Այս կարգի ծրագիրն, ինչպես նշեցիք, կարիք ունի հանրային քննարկման, բացի այդ` թերեւս, ժողովրդի ակտիվությունը ստեղծված իրավիճակում եւս կարեւոր է:
-Այս ծրագիրն, ըստ օրենքի, պետք է դրվեր քննարկման. որտե՞ղ է կայացել դրա քննարկումը, որեւէ մեկն ունկնդրե՞լ է մասնագիտական կարծիքներ, գիտական խորհրդի եզրակացություն էր պետք… Հանրային խորհուրդ գոյություն ունի. այն աչքի տակ անցկացրե՞լ է այս հարցը: Այս խորհուրդն ինչի՞ համար ստեղծվեց, հիմա ո՞ւր է: Այդ ինչպե՞ս գիշերը քնեցինք, առավոտյան արթնացանք, տեսանք` որոշումն արդեն եղել է: Իսկ ժողովրդի ակտիվությունը հիմա շատ պետք է: Անցյալում ստեղծածը ոտնահարում ենք հօգուտ ո՞ւմ, մեր թշնամիների՞, ի վնաս մեր ժողովրդի՞: Այդ շահած կոպեկների դիմաց մենք ի՞նչ ենք կորցնում: Այս պայքարի ետեւից պետք է ժողովուրդը գնա, այլապես պայքարողների ձայնը կմնա օդի մեջ:

 

 

 

 
ՊԱՏԱՍԽԱՆ` ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Երգչուհի Սիլվա Հակոբյանն այս ամառ հասցրել է հանգստանալ Հայաստանում` Աղվերանում, Վրաստանի քաղաքներում, Ռուսաստանում` Սոչիում, եւ այլ վայրերում. նա փորձում է գործնական կյանքը համատեղել հանգստի հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Սիլվայի հայրը` Հակոբ Հակոբյանը, ով նաեւ երգչուհու պրոդյուսերն է: Նա պատասխանեց նաեւ Սիլվայի երկրպագուներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Խոսելով երգչուհու ստեղծագործական կյանքի նորություններից` պրոդյուսերը նշեց, որ նա առաջիկայում համերգներով մեկնելու է Ռուսաստան, Հունաստան, իսկ աշնանն արդեն եվրոպական մի շարք երկրներ: Հ. Հակոբյանի խոսքով` Սիլվան 15-20 նոր երգ ունի եւ ռուսաստանյան համերգից հետո կմտածի նոր տեսահոլովակ նկարահանելու մասին:
Ինչ վերաբերում է երեւանյան մենահամերգին, պրոդյուսերը նկատեց, որ այն այս տարի հազիվ թե կայանա. «Թեպետ պետք է ասեմ նաեւ, որ մենահամերգով հանդես գալու գաղափարն արդեն «եռում է». հավանաբար հաջորդ տարի կզբաղվենք դրա իրականացմամբ»:
Այն հարցին, թե ինչ ոճային փոփոխություններ ակնկալենք Ս. Հակոբյանից, նրա պրոդյուսերը պատասխանեց, որ Սիլվան մտածում է ռոք երգիչներից մեկի հետ այդ ժանրում դուետ ձայնագրելու, ջազային մոտիվներով երգի վրա աշխատելու, շանսոն երգելու մասին:
Մեր այն դիտարկմանը, որ դեռ տարիներ առաջ Հ. Հակոբյանը վստահեցնում էր, թե իրենք անում են ամեն ինչ, որ Սիլվան մուտք գործի միջազգային բեմ եւ «նվաճի աշխարհը», այնինչ՝ ժամանակի ընթացքում, կարծես, այդ արդյունքը չգրանցվեց, ավելին` ոմանց կարծիքով` Սիլվայի ստեղծագործական կյանքում լճացման շրջան է, պրոդյուսերը պատասխանեց. «Ամեն ինչի համար համապատասխան տարիք գոյություն ունի. տարիքն իրենն ասում է, իսկ Սիլվան այդքան էլ փոքր չէ: Բացի այդ` տվյալ հարցում մեծ խոչընդոտ հանդիսացավ նաեւ իմ` օտար լեզուների չտիրապետելու հանգամանքը: Բայց չի բացառվում, որ նա օրերից մի օր կթողարկի մի երգ, որն ամբողջ աշխարհը կսիրի: Մենք չենք կարծում, թե լճացել ենք. մենք մեր գործն ենք անում»:
Մենք նաեւ հարցրինք` գուցե ժամանակն է, որ Սիլվայի պրոդյուսերությամբ պրոֆեսիոնալ բարձր որակներով մեկ այլ մասնագետ զբաղվի. «Ինձնից լավ ոչ ոք չի կարող այդ գործով զբաղվել: Ու այնպես չէ, որ բոլորը լավն են, ես վատը, լավագույններից մեկն էլ ես եմ»,-վստահեցրեց երգչուհու հայրը:
Երկրպագուների մեկ այլ` երգչուհու անձնական կյանքում հնարավոր փոփոխություններին առնչվող հարցին անդրադառնալով` Հ. Հակոբյանը նշեց, որ այս տարի կարգավիճակի փոփոխություն չի սպասվում. «Կարեւորը` ընկեր ունի, մնացածը մեր որոշելիքն է. երբ իրենք երկուսով պատրաստ կլինեն լուրջ քայլերի, այդ ժամանակ էլ կգրանցվի կարգավիճակի փոփոխություն»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 
ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Քրիստին Ուզունյանը, որը սիրավեպ է սկսել հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ, ցանկանում է գնալ Քիմ Քարդաշյանի հետքերով։
«Լոս Անջելեսում լուրեր են տարածվել, որ Քրիստինն իր համար գործակալ է փնտրում եւ ռեալիթի շոուում նկարահանվելու առաջարկների սպասում։ Նա վստահ է, որ այլեւս երբեք իր նախկին գործին չի վերադառնա։ Նա մտադիր է օգտագործել իր անվան շուրջ բարձրացած աղմուկը՝ շոու-բիզնեսում կարիերա կերտելու եւ հաստատվելու համար»,- հայտարարել է Աֆլեքի երեխաների դայակին մոտ կանգնած աղբյուրը։
Աղբյուրը նշել է, որ նա նաեւ դեմ չէ վաճառել իր եւ Բենի սիրավեպի պատմությունը ամերիկյան որեւէ պարբերականի։

 

ԲԼՈՒՄԸ` «ԾՈՎԱՀԵՆ»
Բրիտանացի հայտնի դերասան Օռլանդո Բլումը կհայտնվի «Կարիբյան ծովի ծովահենները: Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմում` Ֆրանշիզայի հինգերորդ կինոնկարում: Այդ մասին հայտնել է The Walt Disney Company կինոընկերության ղեկավարությունը: Անցած հանգստյան օրերին կայացած համաժողովում The Walt Disney Company-ն անսպասելիորեն հայտարարել է այդ մասին:
Ֆիլմի վրա աշխատում են նորվեգացի ռեժիսորներ Էսպեն Սանդբերգը եւ Հոակիմ Ռոննինգը: Այն էկրան կբարձրանա 2017 թվականի հուլիսին:

 

ՇՈՒՖՈՒՏԻՆՍԿՈՒ ԴԵՄ
Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումում կիրակի օրը բողոքի ակցիա է անցկացվել` ընդդեմ ՌԴ հայտնի երգիչ Միխայիլ Շուֆուտինսկիի համերգի անցկացման։
Երգչի այցին դեմ են ոչ պետական կազմակերպությունները եւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները։ Նրանց խոսքով՝ Ռուսաստանի կողմից վրացական տարածքների շրջափակման ֆոնին անընդունելի է ռուս երգիչների համերգների անցկացումը:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ այդ համերգի համար պատասխանատու են ոչ միայն կազմակերպիչները, այլեւ Բաթումի քաղաքապետարանը։




Լրահոս