ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏԱՆԴ Է ՎԵՐՑՐԵԼ
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Միդլենդ-Սիթի քաղաքից ոչ հեռու անհայտ տղամարդը գնդակահարել է դպրոցական ավտոբուսի վարորդին եւ պատանդ վերցրել 6-ամյա երեխային: Ականատեսների խոսքով՝ տղամարդը մտել է ավտոբուս եւ վարորդից պահանջել թույլ տալ վերցնել 6-8-ամյա 2 երեխա: Վարորդը հրաժարվել է կատարել պահանջը, ինչից հետո տղամարդը մի քանի անգամ կրակել է նրա վրա, ապա վերցրել ավտոբուսում գտնվող 6-ամյա երեխային ու հեռացել: Ավտոբուսի վարորդը ստացված վնասվածքներից մահացել է: Տղամարդու գործողությունների շարժառիթը դեռեւս հայտնի չէ:

105 ՏԱՐԻ
ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում հունվարի 29-ին ձերբակալվել է հայազգի երիտասարդ Կարեն Կազարյանը: 27-ամյա Կարենը մեղադրվում է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խարդախություն կատարելու մեջ: Դատախազության տվյալներով` Կարենը խարդախությունը կատարել է տարբեր սոցցանցերի միջոցով: Նա կոտրել է կին-օգտատերերի էջերի գաղտնաբառեր, էլեկտրոնային փոստի հասցեներ, գողացել է մերկ կամ կիսամերկ լուսանկարներ, անձնական տվյալներ, շանտաժի ենթարկել մարդկանց: Մեղավոր ճանաչվելու դեպքում Կազարյանին մինչեւ 105 տարվա ազատազրկում է սպառնում:

ՎԵՑԱԿԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ
Ամերիկացի 34-ամյա լարախաղաց եւ Գինեսի գրքի վեցակի ռեկորդակիր Նիք Վալենդան կատարել է հերթական աճպարարությունը: Նա քայլել է ավելի քան 60 մետր բարձրության վրա՝ առանց անվտանգության համապատասխան միջոցների, մետաղյա ճոպանի վրայով: Ըստ Վալենդայի՝ 15 րոպե տեւած ճանապարհի միակ խոչընդոտը եղել է ուժեղ քամին: Լարախաղացի ճանապարհորդությանը հետեւել են հազարավոր մարդիկ:

ՎԱՅՐԻ ԿԱՊԻԿՆԵՐԸ
Վայրի կապիկների խումբն անակնկալ հարձակվել է ինդոնեզական գյուղի վրա: Հարձակման հետեւանքով նյութական վնասներ են եղել, կան վիրավորներ: Հարձակվել է ընդհանուր 10 կապիկ, վիրավոր է 7 գյուղացի: Նրանցից 16-ամյա մի տղա, որին ուժեղ կծոտել են, ծանր վիճակում է: Հարձակման պատճառները դեռ անհայտ են: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել մոտակա անտառից նրանց քշելու հետեւանքով:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս