ԹԱՂԱՊԵՏԵՐՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ՝ ԱՇԽԱՏԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Երեւանի բոլոր վարչական շրջանների ղեկավարներն այս օրերին հատուկ հանձնարարություն են ստացել, ըստ որի՝ նրանք պետք է շատ ակտիվ աշխատեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ձայներ ապահովելու համար: Այս անգամ վարչական շրջանների ղեկավարներին հստակ ասվել է, որ նրանց հավաքած ձայներից է կախված թաղապետերի հետագա “ճակատագիրը”: 
“Ժողովուրդ”-ը զրուցեց նրանցից մի քանիսի հետ՝ պարզելու, թե ինչ են անում:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար ԱՐՄԵՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ

-Պարո՛ն Ուլիխանյան, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է, Դուք՝ որպես Նոր Նորքի ՀՀԿ շտաբի ղեկավար, ի՞նչ աշխատանքներ եք կատարում:
-Աշխատում ենք օրենքի տառին համապատասխան:
-Ի՞նչ է նշանակում “օրենքի տառին համապատասխան” աշխատելը: Համատիրության ղեկավարների՞ն եք հանձնարարում ձայներ ապահովել:  
-Համատիրության նախագահներին մենք հանձնարարություն չենք տալիս, մենք հանձնարարություն տալիս ենք այն մարդկանց, որոնք մեր կուսակցության անդամներն են:
-Կոնկրետ կնշե՞ք, թե ինչ եք հանձնարարում Ձեր կուսակցության անդամներին:
-Մեր նախընտրական շտաբներում աշխատել:
-Ի՞նչ են անում նրանք. քաղաքացիներին ստիպում են, որ իրենց ձայնը տան ՀՀԿ առաջնորդի՞ն:
-Նման գործելաոճ մենք չունենք, այդպիսի բան չենք անում: Ո՞նց կարող ենք մարդկանց ասել, թե ում ընտրեն, դա աբսուրդ է, նման բան չի կարող լինել: Մենք մեր կուսակցության անդամների միջոցով, իհարկե, քարոզարշավ ենք իրականացնում: Տեղեկացնում ենք, որ մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է, որ մեր թեկնածուն լավն է, ամենակարող է:
-Իսկ կոնկրետ Ձեզ վրա ինչքա՞ն “քվե” է դրված, որ պետք է ապահովեք:
-Ո՛չ, նման բան չկա, մենք փորձում ենք մաքսիմալ շատ ձայներ ապահովել, կոնկրետ թիվ ֆիքսված չէ, ինչ-որ նման բաներ չունենք:
-Ումի՞ց եք հանձնարարություններ ստացել, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյա՞նն է “հաշիվ” պահանջելու:
-Կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել, իսկ մենք էլ այդ որոշումով շարժվում ենք:
Ավան վարչական շրջանի ղեկավար ՄԱՆՎԵԼ ՋԱՎԱԴՅԱՆ
-Պարո՛ն Ջավադյան, քարոզարշավը վաղուց սկսվել է, ի՞նչ եք անելու ՀՀԿ առաջնորդի համար:
-Ինչ-որ առանձնահատուկ ոչ մի բան էլ չենք անում, կենտրոնական շտաբն ինքն է ղեկավարում քարոզարշավը, իսկ նախագահի թեկնածուն էլ բոլոր տեղերում պտտվում է:
-Դուք հստակ հանձնարարություններ չե՞ք տալիս, թե ով ինչ պետք է անի, ինչքան ձայն պետք է ապահովի:
-Չէ՛, մենք հիմնականում մեր կուսակցականների հետ ենք աշխատում, ինչ-որ կոնկրետ բաներ չունենք: Տարածքային կազմակերպության ղեկավարն էլ եմ ես, իսկ ամեն մեկն էլ իր աշխատանքն է կատարում:
-Տեղեկություններ կան, որ Դուք համատիրությունների ղեկավարներին եք հանձնարարություն տալիս, թե ով որքան ձայն պետք է բերի՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կարող են աշխատանքից զրկվել:
-Բա եղա՞վ, բա մենք համատիրության ղեկավարների հետ ի՞նչ գործ ունենք, որ ընտրությունների մասով հանձնարարություն տանք: Չէ՛, չէ՛, նման բան չկա, դա սխալ ա: Բայց ես ուրիշ ոչ մի բան չեմ ուզում խոսել հեռախոսով: Մյուս հարցերը հետո:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար ԴԱՎԻԹ ՕՀԱՆՅԱՆ

-Պարո՛ն Օհանյան, արդեն սկսե՞լ եք աշխատել Սերժ Սարգսյանի համար ձայներ ապահովելու համար:
-Ես ընտրական շտաբի պետն եմ, այժմ գտնվում եմ արձակուրդի մեջ, իմ կուսակից ընկերներին համախմբել եմ, ու աշխատանքներ ենք իրականացնում: Ես կարծում եմ, որ իմ աշխատանքով, իմ պատգամավոր ընկերների կատարած աշխատանքով ապացուցել ենք, որ ոչ իրատեսական ձայներ չենք ապահովել: Մենք՝ մեր, իսկ նախագահն էլ՝ իր աշխատանքով, արդեն ցույց ենք տվել, թե ինչպես ենք աշխատում եւ ինչ արդյունքների ենք հասել: Այսքանը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս