Լոռու մարզի ուսուցիչներին ճնշում են, որ չմասնակցեն խախաղաղասիրության դասընթացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել` Լոռի մարզի ուսուցիչների նկատմամբ ճնշումների վերաբերյալ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
“2013 թ-ի փետրվարի 7-10-ը ընկած ժամանակահատվածում Ստամբուլում նախատեսվում է կազմակերպել “Ոսուցիչները հանուն ժողովրդավարության եւ խաղաղասիրության Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանումե թեմայով դասընթաց: Դասընթացի նպատակն է հզորացնել նշված երկրներում հանրակրթական դպրոցների ուսուցիչների լսարանի կառավարման հմտությունները՝ համեմատելով ֆորմալ կրթության համակարգի դերը, այդ երկրներում ուսուցիչների վերապատրսատման /ուսուցման մեթոդները: Դասընթացի արդյունքում կրթական տարբեր մեթոդների տիրապետմամբ, փորձի փոխանակման  միջոցով մասնակից ուսուցիչները կտիրապետեն խաղաղասիրության եւ կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ մեթոդներին: Դասընթացին մասնակցելու համար  տարածվել է մրցույթի մասնակցության հայտարարություն:
Ծրագրին դիմել են ուսուցիչներ նաեւ Լոռիի մարզից: Այս պահի դրությամբ ուսուցիչների նկատմամբ Լոռիի մարզպետարանի կողմից իրականացվում են ճնշումներ՝ պահանջելով, որպեսզի նրանք հրաժարվեն դասընթացին մասնակցությունից: Նման վարքագիծը ոչ միայն անթույլատրելի է, այլեւ ցույց է տալիս մարզպետարանի անգրագիտությունը եւ ժողովրդավարական պետությունում մարզային վարչակազմի հակաժողովրդավարական վարվելակերպը եւ բնույթը:
Անհապաղ պահանջում ենք չխոչընդոտել ուսուցիչների մասնակցությանը դասընթացին, քանի որ այն իրականացվում է Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության տրամաբանության շրջանակներում, իսկ Հայաստանի Հանրապետությունը ընդգրկված է Արեւելյան գործընկերության գործընթացում:
Ուսուցիչների չմասնակցելը դասընթացին, որի կազմակերպման համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են, կդիտարկվի որպես ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը ակնհայտ հակասող դիրքորոշում, որի պատասխանատվությունը կկրեն ոչ միայն Լոռիի մարզպետարանը, այլեւ ՀՀ իշխանությունները”:




Լրահոս