Այսօր դատարանի առջեվ է կանգնելու քրեական հետախուզության բաժանմունքի պետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Ֆուչիկի 19 հասցեից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչ Դավիթ Եդիգարյանը: ՀՀ օրենսդրության համաձայն` պետք է նշանակվեր տոքսիկաքիմիական փորձաքննություն, որպեսզի նրա նկատմամբ եղած կասկածները կամ փարատվեին, կամ հաստատվեին, սակայն, ըստ մեղադրական եզրակացության, ոստիկանների մի խումբ արդեն նախնական համաձայնության էր եկել…
Քննությամբ պարզվել է, որ Վաղինակ Վարդանյանն աշխատելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետի պաշտոնում, Դավիթ Եդիգարյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել հիշյալ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանի և օպերլիազոր Գևորգ Գևորգյանի հետ:
Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դավիթ Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով, ինչպես նաև նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով, հիշյալ խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դավիթ Եդիգարյանից ու վերջինիս բարեկամ Խաչատուր Մանուկյանից պահանջել է 1 217 940 դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք:
Ինչպես Վաղինակ Վարդանյանին, այնպես էլ Էդուարդ Զաքարյանին և Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այսինքն` այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի կաշառք: Նրանց բոլորի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Մարտիրոսյանին` կաշառքի միջնորդություն կատարելու համար:
“Փաստինֆո”




Լրահոս