Սերժ Սարգսյանն իրավապահներին խստագույնս հանձնարարել է ուսումնասիրել Ռուբեն Հայրապետյանի և Մհեր Սեդրակյանի հետ կապված դեպքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցությունը դեմ է ցանկացած բռնության գործադրման: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ականներ Ռուբեն Հայրապետյանի և Մհեր Սեդրակյանի կողմից մարդկանց ծեծի ենթարկելու դեպքերին,  այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հորդորեց, որպեսզի նման դեպքերի հետ կապված ենթադրություններ կամ չստուգված ինֆորմացիաներ չհրապարակեն: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրավապահներին  խստագույնս հանձնարարել է  ուսումնասիրել այս միջադեպերը և համոզված եմ, որ դրանից հետո մանրամասները կլինեն հանրության առարկա», – նշեց նա:

Շարմազանովը նաև հավելեց, որ շատ են հանդիպել այնպիսի դեպքերի, երբ գրված հրապարակումներն իրականություն չեն դառնում: «Պետք է զերծ մնալ ենթադրություններով հրապարակումներ կառուցելուց: Ես որպես քաղաքական գործիչ ձեռնպահ կմնամ այս թեմայով գնահատականներ հնչեցնելուց», – եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Արսեն Ավետիսյանի կինը հայտարարել էր, որ ամուսնուն ծեծի էին ենթարկել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով: Իսկ մեկ այլ լուրերի համաձայն, ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հրամանով էլ ծեծի է ենթարկվել ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը:




Լրահոս