Ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի մայրը՝ տիկին Փառանձեմը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի կայացրած դատավճռով ֆինանսական բուրգի գործով մեղադրյալ Արթուր Անդերասյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ մինչեւ վերջերս Երեւանում գործող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գումարներ եւ անշարժ գույք հափշտակելու մեջ:
Այսինքն՝ ողջ քրեական գործն այնպես է կառուցած, որ դրանով անցնող բոլոր պաշտոնյաները, որոնք, ի դեպ, իրավական համակարգի ղեկավար կազմում են եղել, դառնան «տուժողներ»: Սակայն այն փաստը, որ այս գործի ի հայտ գալուց հետո բոլոր պաշտոնյաներն ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից, վկայում է այն մասին, որ նրանք այդքան էլ «զոհեր» չեն:
Պարզապես նրանք իրենց դիրքի շնորհիվ կարողացան խուսափել քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից եւ պաշտոնանկությամբ «փրկվեցին»: