«Հայկական պետական ապարատն արդեն ահաբեկում է Սփյուռքին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ վերջերս Սյուզի Գևորգյանի՝ բռնության ենթարկվելու դեպքի մասին: Հայտարարության մեջ ասվում է. «Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի բնակիչ Սյուզի Գևորգյանը Համահայկական խաղերին մասնակցելու և Հիմնադիր խորհրդարանին աջակցելու նպատակով ժամանել էր հայրենիք։

Մի քանի օր Հայաստանի Հանրապետությունում տիրող ծանր իրավիճակի մասին թռուցիկներ տարածելու և բացատրական աշխատանքներ տանելու համար օգոստոսի 14-ի երեկոյան երկու անծանոթ «տղամարդիկ» հարձակվել են Սյուզի Գևորգյանի վրա, ծեծի ենթարկել նրան, հայհոյել և սպառնացել առավել դաժանորեն պատժել նրան` եթե նա չդադարի իր բացատրական աշխատանքն ու աջակցությունը Հիմնադիր խորհրդարանին։ Այնուհետև այդ «տղամարդիկ» փախել են։

Սփյուռքի լայն շրջանակներում դեռևս չեն դադարել հայ ազգային-քաղաքական գործիչ, «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերիչյանի մուտքը ս.թ. մայիսի 21-ին Հայաստան արգելելու անընդունելի փաստի քննարկումներն ու դրա խիստ դատապարտումը և ահա, Հայաստանի իշխանությունները մատուցում են երկրորդ անակնկալը` փողոցում ծեծում են երիտասարդ հայուհուն, ով չի ցանկանում հաշտվել իր հայրենիքի կործանման հետ ու ընդվզում է բարոյալքման ու կոռուպցիայի մեջ մեր ժողովրդին խեղդել ցանկացող իշխանությունների դեմ:

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժումը խիստ դատապարտում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության այս վտանգավոր քաղաքականությունը, որը լուրջ անջրպետ է առաջացնում սփյուռքի և հայրենիքի միջև և հիմքային սպառնալիքներ ստեղծում ազգային միասնության ճանապարհին: Հայաստանի Հանրապետությունը բոլոր հայերի հայրենիքն է և ՀՀ ռեժիմին իրավունք չի տրված սփյուռքին բաժանել երկու հատվածների`մի կողմում իրենց հնազանդ ու մեդալակիրների մի խումբ, մյուս կողմում` հայրենապաշտ, բայց ըմբոստ ու ինքնուրույն մտածողներ, որոնք անցանկալի են տիրող կոռուպտ վերնախավին:

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժումը տրամադրված է խիստ վճռական և կպայքարի յուրաքանչյուր հայի իրավունքի համար ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»:

20 օգոստոսի 2015թ.

Հարգանքներով`

«Հայկական վերածնունդ» շարժում
Ստորագրությամբ`

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ




Լրահոս