Ամենաշատ ձայն ստացած ՀՎԿ թեկնածուն չի՞ տխրել, որ չի անցել խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր նաեւ Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանը: Նկատենք, որ գյուղապետ պատգամավորության թեկնածուին հաջողվել էր բավականին շատ` 8092 քվե ստանալ: Ինչպե՞ս հաջողվեց գյուղապետին այդքան ձայն հավաքել եւ չի՞ տխրել արդյոք, որ այդքանից հետո հնարավորություն չընձեռվեց դառնալ պատգամավոր. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հունան Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, ինչպե՞ս հաջողվեց Ձեզ այդքան ձայն հավաքել:

-Ես չէի ասի, թե շատ մեծ թվով ձայներ եմ տարել, իմ ակնկալիքները ավելի շատ էին, քան տարածս: Բնականaբար ես մարզում ունեցել եմ որոշակի չափով ճանաչելիություն, հեղինակություն, ընկերներ, աշխատողներ: Իմ թիմի շնորհիվ, իմ կատարած աշխատանքի շնորհիվ, իմ անձի շնորհիվ մեր կուսակցության շնորհիվ, ձայները կարողացա տանել, բայց ես իմ տարած ձայներից դժգոհ եմ, ես մի քիչ ավելի շատ էի ակնկալում:

-Իսկ ի՞նչն է պատճառը, որ ակնկալիքները չարդարացան:

-Դե, ես կարծում եմ, որ մյուս կուսակցությունները, մյուս ռեյտինգային թեկնածուները կարող է ավելի լավ են աշխատել, դե, քանի որ ես հանդես էի գալիս, իմ կուսկացությունն ընդիմություն էր, իշխանական լծակները ճնշում գործադրեցին մեր ունեցած ձայների վրա, պակաս ստացվեց: Քանի որ մենք, այսպես ասած, ընդդիմության դաշտից էինք, դրա համար մեր ձայները քիչ եղան, վերջին օրերին իշխանական լծակները շատ ուժեղ աշխատում էին, կարողացան մեր ձայները տանել:

-Պատգամավորական մանդատ չստանալը Ձեր տրամադրության վրա չի՞ ազդել:

-Չէ, չի ազդել, որովհետեւ ես մեր կուսակցության մեջ տարել եմ բավականին լուրջ ձայներ, իմ խիղճը հանգիստ է, ես պարզ ճակատով եմ, որովհետեւ ես ամբողջ հանրապետության մեջ կուսակցությունով եղել եմ առաջին տեղում: Այնպես որ, իհարկե, երբ որ չենք հասել հաղթանակի, կուսակցությունը չի մտել խորհրդարան, բնականաբար, դա տրամադրությունը քցում է, բայց այն, որ ես իմը կարողացել եմ անել եւ մեղքի բաժին չունեմ, որ կուսակցությունը չի մտել խորհրդարան, այս առումով իմ խիղճը հանգիստ է, այդքան էլ շատ վատ չեմ զգում, որովհետեւ ես իմ ձայները կարողացել եմ ապահովել:

-Հովհաննես Մարգարյանը չի՞ նեղվել, որ իրենից այդքան շատ եք ձայն հավաքել:

-Չեմ կարող ասել, դա իրեն հարցրեք, ճիշտն ասած՝ ես ինքս էլ էի մտածում, որ ինքը կարող է ինձ հաղթել, ես իրենից չէի սպասում այդքան քիչ ձայներ: Բայց արդյունքում եղավ այն, ինչ որ կա այսօր:

-Բարձրաձայնվեց ընտրակաշառքներ բաժանելու մասին, Դուք չեք բաժանե՞լ:

-Մեր կուսակցությունը ընտրակաշառք չի բաժանել, եթե բաժանած լիներ, մենք շատ ձայներ կտանեինք, համենայն դեպս ես կարող եմ իմ տեղը ասել: Միանշանակ ոչ, ես չեմ բաժանել: Չունեի, ճիշտն ասած, գումար չկար:

Վահագն Հակոբյան




Լրահոս