Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքն ու այնտեղ ժամանցի կենտրոնի կառուցումն առաջացրել է շատ ճարտարապետների, մշակութային գործիչների և քաղաքացիների զայրույթը: Այս ամենից զատ լուռ էր մնում Մշակույթի նախարարությունը` ի դեմս նախարար Հասմիկ Պողոսյանի:
Armlur.am-ը Մշակույթի նախարարություն հարցում էր ուղարկել` պարզելու համար նախարարի դիրքորոշումը` համալիրի վաճառքի վերաբերյալ: Սակայն, ինչպես և սպասելի էր, մենք ընդհանուր առմամբ այդպես էլ չստացանք մեր հարցերի հստակ պատասխանները: Ներկայացնում ենք մեր ուղարկված հարցերն ու նախարարությունից ստացված պատասխանները:
– Կցանկանայի իմանալ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի տեսակետը` համալիրի վաճառքի մասին:
-Արդյո՞ք ճիշտ է համալիրը դարձնել ժամանցի վայր, այն էլ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կողքին:
Ներկայացնում ենք նախարարության գրավոր պատասխանը: «Ի պատասխան Ձեր 2015 թ. օգոստոսի 19-ի հարցմանը տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 26 մարտի 2015 թվականի «Կարեն Դեմիրճյանի անվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին N 611-Ն որոշման մեջ 6-րդ կետում հստակ նշված են գործունեության տեսակները, որոնք ՀՀ մշակույթի նախարարությունը գտել է ընդունելի:
Կառավարության նախագծում նշվում է, որ շինության օգտագործման ուղղվածությունը պահպանվում է: Եթե օգտագործողը ցանկանա բացի վերոնշյալ որոշման մեջ նշված այլ գործունեություն իրականացնել, ապա օրենքով սահմանված կարգով պետք է ստանա ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությունը: Ինչ վերաբերում է վաճառքին՝ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊՆ-ն օրենքով սահմանված կարգով, որպես սեփականատեր պարտավոր է ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացնել հուշարձանի պահպանական պարտավորագիրը»:
Ներկայացնենք նաև, թե ըստ 6-րդ կետի ինչ գործունեություն կարող է իրականացվել համալիրում.
1) հանրային (մասսայական) և (կամ) մասնավոր միջոցառումների վճարովի կազմակերպում (իրականացում), մասնավորապես`
ա. փառատոներ,
բ. համերգներ,
գ. հանդեսներ,
դ. հուշ-երեկոներ,
ե. լուսաձայնային ներկայացումներ,
զ. շքահանդեսներ,
է. կինոդիտումներ,
ը. թատերական ներկայացումներ (խաղեր),
թ. ցուցահանդեսներ,
ժ. ապրանքների ցուցահանդես-վաճառքներ,
ժա. տոնավաճառներ,
ժբ. սպորտային (մարզական) բնույթի մրցույթներ (խաղեր),
ժգ. սպորտային բնույթի (մարզական) դասընթացներ (մարզումներ),
ժդ. սպորտային բնույթի (մարզական) հյուրախաղեր,
ժե. լսումներ,
ժզ. գիտաժողովներ,
ժէ. կրթական բնույթի դասընթացներ,
ժը. դասախոսություններ,
ժթ. բանախոսություններ,
ի. սեմինարներ,
իա. սիմպոզիումներ,
իբ. մասնավոր և (կամ) հանրային հանդիսություններ,
իգ. ժամանցային միջոցառումներ.
2) հանրային սննդի կազմակերպում և իրացում.
3) կինոֆիլմերի, տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի, (ինչպես նաև այլ ձևաչափերով տեսանյութերի), տեսահոլովակների, վիզուալ գովազդի արտադրության և դրանց հետ կապված ծառայությունների մատուցում.
4) լուսանկարչական նյութերի մշակման և լուսանկարչության բնագավառի ծառայությունների մատուցում.
5) երաժշտական և այլ ձայնագրությունների կազմակերպման ծառայությունների մատուցում (կամ արտադրում), մասնավորապես`
ա. ձայներիզների, խտասկավառակների, կրիչների վրա երաժշտության, ձայնային տեղեկատվության բնօրինակի գրառման ծառայությունների կազմակերպում,
բ. ձայնագրությունների հրատարակություն. արդյունքի տարածում և բաշխում (իրացում) մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կամ անմիջական սպառողների շրջանակներում.
6) մարզահամերգային միջոցառումների բնույթից բխող հուշանվերների և կենցաղային իրերի արտադրության կազմակերպում և (կամ) դրանց իրացում.
7) միջոցառումների մուտքի համար նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տարատեսակ տոմսերի իրացում.
8) մարզահամերգային միջոցառումների բնույթից բխող պրոդյուսերական ծառայությունների մատուցում.
9) միջոցառումների կազմակերպման (իրականացման) վերաբերյալ խորհրդատվության մատուցում: