Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից հրապարակված «Նախագծի» ամենաշատ քննադատված թեզը վերաբերում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին: Նորամուծության անվան տակ հրապարակ նետված այդ խայծը կուլ չտվեցին ո՛չ տեղական շրջանակները, ո՛չ էլ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը, որը կոչ էր անում փոփոխություն մտցնել այս հարցում: Իշխանության համար, սակայն, խորհրդարանում բացարձակ մեծամասնություն վերցնելու եւ ընդդիմությանը որեւէ շանս չթողնելու իմաստով բավականին ձեռնտու է այս դրույթը: Պատահական չէ, որ Վենետիկի հանձնաժողովի բացասական գնահատականից հետո էլ նույնիսկ հանձնաժողովը փորձում է կառչած մնալ այս մեխանիզմից: Նկատենք, որ Եվրոպական ժողովրդավարություններում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անց է կացվում միայն Իտալիայում:
Այսպես՝ իշխանության հրապարակած նախագծի 89-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»:
Ստացվում է, որ խորհրդարանում արհեստականորեն մեծամասնություն ապահովելու նպատակով կարելի է քաղաքացուն հարկադրել երկրորդ անգամ գնալ քվեարկության ու ընտրել ոչ ամենեւին իր համակրած կուսակցությանը: Այս դեպքում ծագում է ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների մասնակցության շեշտակի նվազման հարցը, եւ, փաստորեն, հասարակության իրական մեծամասնության աջակցությունը չվայելող կուսակցությունը կարող է միանձնյա կառավարություն կազմել: Կարելի է փաստել, որ նման համակարգի պարագայում մենք կունենանք լիովին օրինական եւ միաժամանակ լեգիտիմության խայտառակ բաց ունեցող խորհրդարան: Ի դեպ, «Հայեցակարգում» անուղղակիորեն բարձրացնելով իշխանության լեգիտիմության հիմնախնդիրը՝ այս նախագծում իշխանությունը գտավ դրա լուծման «ամենափայլուն» եղանակը՝ իր լեգիտիմության դեֆիցիտը դարձրեց սահմանադրական կատեգորիա:
Ելնելով այն հանգամանքից, որ երկրորդ փուլի գաղափարը «գողացվել» է Իտալիայից, փորձենք հասկանալ, թե ինչպես է խնդիրը կարգավորվում այդ երկրում: Իտալիայի խորհրդարանը երկպալատանի է, որտեղ նվազագույն շեմը սահմանված է 3 տոկոսը, իսկ ընտրությունը կատարվում է կուսակցական ցուցակների միջեւ: Ընտրական այս համակարգով Իտալիան բաժանվում է 100 շրջանների, որոնցից յուրաքանչյուրի համար կուսակցությունն ընտրվողների ցուցակ է ներկայացնում: Ընտրաշրջանները կարող են ընտրել 3-9 պատգամավորների: Առաջին փուլում ընտրողը կարող է քվեարկել մեկ կուսակցության ու դրա առաջին համարի օգտին եւ ցուցակից երկու այլ թեկնածուի օգտին՝ նրանց անունները գրելով քվեաթերթիկի վրա:
Կուսակցությունը, որ ստանում է 40 տոկոս, ինքնաբերաբար ձեռք է բերում 54 տոկոսին համարժեք տեղ, եւ երկրորդ փուլ չի անցկացվում: Սակայն եթե որեւէ մեկը 40 տոկոսի շեմը չի հաղթահարում, երկու շաբաթ անց անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները: Հարկ է նկատել, որ այս մեխանիզմի ներդրումը հատուկ է այն պետությանը, որտեղ տեւական ժամանակ հնարավոր չէ խորհրդարանական դասական ընտրական ճանապարհով կառավարություն ձեւավորել: Երկար ժամանակ ընտրական ճգնաժամի մեջ եղած երկրի համար սա ճարահատյալ քայլ է, ինչպես համոզվում ենք Իտալիայի դեպքից: Սակայն Հայաստանում նման վտանգ չի եղել եւ հազիվ թե առաջիկայում լինի, իսկ ինչպես Վենետիկի հանձնաժողովն է փաստում, այս մեխանիզմը չպետք է տեղափոխվի մի երկիր, որը նոր է փորձարկում խորհրդարանական կարգերը:
Արձանագրենք, որ խորհրդարանական համակարգի երկրորդ փուլը լիովին տարբերվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլից: Եթե երկրորդի պարագայում դա հարկադիր քայլ է՝ ընտրված նախագահ ունենալու համար, ապա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը դրսեւորվում է իբրեւ հակաժողովրդավարական մեխանիզմ, քանզի բացառում է համեմատաբար ցածր տոկոսներ ստացած կուսակցությունների դերակատարությունը խորհրդարանում: Նախ վերջիններս զրկվում են երկրորդ փուլին մասնակցելու հնարավորությունից: Ենթադրենք մի իրավիճակ, երբ երեք կուսակցություն ստացել է բավականին մեծ տոկոսներ, եւ դրանցից մեկը լոկ չնչին ձայներով է ետ մնացել: Ի՞նչ է, այդ կուսակցությունը պիտի չմասնակցի՞ կառավարության ձեւավորման գործընթացին ու բավարարվի ոչինչ չասող մանդատներով:
Իսկ որ խորհրդարանական ընդդիմադիր մանդատը գրոշի արժեք չի ունենալու կայուն մեծամասնության առկայության պարագայում, դա ապացուցվում է այս նախագծով: Ի վերջո, Հայաստանի դեպքում ՀՀԿ-ն երկրորդ փուլում ստանալու է բացարձակ մեծամասնություն, իսկ մնացածները խորհրդարանում ճառ ասող են լինելու: Ի տարբերություն ներկայիս իրավիճակի, երբ գուցե տեսականորեն չի բացառվում ՀՀԿ-ից մի քանիսի հեռանալու պարագայում խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների մեծամասնություն ունենալը, ապա նոր նախագծով այս ճանապարհը եւս իսպառ փակվում է, եւ պառլամենտում վերանում է առնվազն 5 տարի իշխանություն փոխելու հնարավորությունը:
Նման պարագայում պետական այդ ինստիտուտը անխուսափելիորեն կորցնելու է իր՝ հակակշռի դերակատարությունը: Վերացնելով կոալիցիոն կառավարություն կազմելու ժողովրդավարական սկզբունքը՝ Սերժ Սարգսյանը բացառում է նաեւ մյուս կուսակցությունների հետ պայմանավորվելու ու զիջումների գնալու հավանականությունը: Ցուցադրաբար երկու-երեք 5 հոգանոց խմբակցություններ ձեւավորելով՝ Սարգսյանը դրան հարկադրում է մեծ մասշտաբներ ունեցող մի մեծամասնություն, որը կախված չէ որեւէ ինստիտուտից եւ ցանկացած պահի կարող է հոշոտել կուսակցական «վոժդին» ընդդիմանալ փորձող վարչապետին կամ նախագահին:
Հիշեցնենք, որ «Հայեցակարգում» իշխանությունը խոստանում էր ստեղծել կառավարման ամենաժողովրդավարական համակարգը, մինչդեռ այս նախագծով ստանում ենք ՀՀԿ-ի առաջնորդի սահմանադրական դիկտատուրան եւ ուրիշ ոչինչ:
Ն. Հովսեփյան