Բողոք` ընդդեմ սահմանդրական բարեփոխումների. ուսանողները դասադուլ են հայտարարելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին մի խումբ ուսանողներ իրենց նախաձեռնությամբ դասադուլ են իրականացնելու: Ուսանողների բողոքը վերաբերում է սահմանադրական փոփոխություններին: Նախատեսվում է առավոտյան ժամը 9:00-ին հավաքվել Երեւանի Ազատության հրապարակում, այնուհետեւ շարժվելու են դեպի Երեւանի պետական համալսարան, որտեղից էլ երթը շարունակելու են մյուս բուհերի տարածքներով:

Հիշեցնենք, որ նախաձեռնության հեղինակներից Զարուհի Սիմոնյանը հայտարարել էր, որ դասադուլի նպատակն ուսանողներին իրազեկելն է, որ սահմանադրական փոփոխություններն ավելացնելու են երկրում եղած մի շարք խնդիրների թիվը, նվազեցնելու են ժողովրդավարության մակարդակը, լուծելու է Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը: «Հետագայում պատրաստվում ենք մեծացնել իրազեկման շրջանակը եւ միասնական «ոչ»-ի ճակատ կազմել. անհրաժեշտ է, որ ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի, պայքարի: Միայն հասարակական լայն ընդվզման դեպքում կարող ենք արդյունքի հասնել: Ամբողջ աշխարհում շատ ընդունված են դասադուլները, իսկ մեր ուսանողները փորձում են հնարավորինս հեռու մնալ քաղաքականությունից, ինչը միանշանակ սխալ է»,-նշել էր նախաձեռնության հեղինակը:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է իշխանության ներկայացուցիչներից պարզել, թե ինչ են պատրաստվում անել սեպտեմբերի 1-ին՝ ուսումնական տարվա սկզբին: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե դեռեւս հասարակության շրջանում անհասկացություն կա՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Հանրապետական կուսակցության պատգամավորը վստահ է, որ առաջիկա քննարկումներից հետո անգամ բողոքող ուսանողներն իրենց այո-ն են ասելու Սահմանադրության նոր նախագծին:

-Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչ են պատրաստվում անել իշխանության ներկայացուցիչները՝ սեպտեմբերի 1-ին բողոքի ակցիան չեղյալ համարելու համար: Մի խումբ ուսանողներ նպատակ ունեն սեպտեմբերի 1-ին դասադուլ անել սահմանադրական փոփոխությունների դեմ, արդյո՞ք ուսանողներին «արգելելու» եք նման քայլի դիմել:

-Ես որեւէ տեղեկություն չունեմ: Պետք է ուսանողների հետ բացատրական աշխատանք տանել եւ սահմանադրական փոփոխությունները ճիշտ ներկայացնել, երբ որ ուսանողներն ընկալեն դրա կարեւորությունը եւ ապագայում դրա առաջնայնությունը, ամեն ինչ կհարթվի: Ես կարծում եմ, որ ինֆորմացիայի պակաս կա, որը պետք է լրացնել: Իսկ դրա համար ժամանակ է անհրաժեշտ:

-Ինչո՞ւ եք կարծում, որ ուսանողները ինֆորմացիա չունեն Սահմանադրության նախագծի վերաբերյալ, ուսանողները պնդում են, որ ուսումնասիրել են ու պարզել, որ այդ փոփոխությունները մեր երկրին անհրաժեշտ չեն: Ո՞վ պետք է իրազեկի ուսանողներին, որպեսզի փոխեն իրենց դիրքորոշումները, գուցե Հանրապետական կուսակցությո՞ւնը:

-Այսինքն՝ ես կարծում եմ, որ կարող է՝ ուսանողների համար պարզ չի, թե իրականում Սահմանադրությունում ինչ փոփոխություններ են կատարվելու, դա պետք է անեն հանձնաժողովի ներկայացուցիչները, քաղաքական ուժերը, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ լինի: Կարծում եմ, որ երբ Ազգային ժողովում քննարկումներ սկսվեն, հանրությանն ամեն ինչ ավելի հստակ կլինի: Ես կարծում եմ, որ հանրության շրջանում եւս պետք է լուրջ աշխատանք իրականացվի, լավ մատուցվի այդ ամենը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է իրականում կատարվում, որովհետեւ դա բոլորի Սահմանադրությունն է, դա բոլորին է վերաբերում, դա միտված է բոլորի ապագային:

-Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ հանրությունն ինքը չի ուսումնասիրել նոր Սահմանադրության նախագիծը ու միայն խորհրդարանական քննարկումները կկարողանան հանրությանը ապացուցել, որ այդ փոփոխություններն անհրաժեշտ են:

-Ո՛չ, ես կարծում եմ, որ բավականին աշխատանքներ կատարվել են իրազեկման հարցում, նաեւ մարզերում, ուղղակի ինչ-որ չափով ինֆորմացիայի պակաս դեռ կա: Կարծում եմ, որ երբ կլինի նախագծի վերջնական տարբերակը, քննարկումներ կկազմակերպվեն խորհրդարանում, այդ ժամանակ էլ վերջնական տարբերակը կմատուցվի հանրությանը: Մամուլով, հեռուստատեսությամբ այդ իրազեկումը կլինի, երբ կլինի նախագծի վերջնական տարբերակը:

-Ըստ Ձեզ՝ այդ իրազեկումից հետո «դեմ» չի՞ լինելու հանրությունը սահմանադրական փոփոխություններին:

-Ինձ թվում է՝ ոչ, եթե ըմբռնումով մոտենան, ինձ թվում է՝ դեմ չեն լինելու, քանի որ այդտեղ շատ լուրջ քայլ է կատարվում դեպի ապագա: Դե, որոշ քաղաքական ուժերի թմբկահարության արդյունքում է, որ հանրությունը կարծում է, թե դա վերարտադրության համար է կատարվում, բայց իրականում նման որեւէ բան չկա: Եթե իշխանությունը ցանկանում է վերարտադրվել, ապա դա կարող է անել նաեւ այս Սահմանադրության միջոցով: Իրականությունը սա է, սրանով ավարտենք: Շնորհակալ եմ:

Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց դասադուլի հետ կապված զրուցել նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, որը հայտարարեց, թե ինքն արձակուրդում է: «Ես քաղաքում չեմ, արձակուրդում եմ, թույլ տվեք՝ իմ մի քանի օրվա արձակուրդը ես վայելեմ»,-հայտարարեց Ա. Սիմոնյանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս