ՏԱՎՈՒՇՈՒՄ ԲՈՏՈՒԼԻԶՄԻ ԴԵՊՔԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Տավուշի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 4 տուժածով: Պառավաքար գյուղի բնակիչները հունվարի 30-ին սննդում օգտագործել են տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղ, եւ փետրվարի 1-ին հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետեւյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:
Հիգիենիկ տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց. «Մի ամբողջ ընտանիք` վեց հոգուց բաղկացած, կերել են տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղ: Այնուհետեւ նկատել են, որ բոտուլիզմին բնորոշ երեւույթներ են ի հայտ գալիս, եւ անմիջապես դիմել են իրենց բնակության վայրի բժշկական կենտրոն: Արձանագրված ախտանիշների հիման վրա ախտորոշվել է բոտուլիզմ, եւ ուղարկվել են Երեւան: Հիմա նրանք հոսպիտալացված են եւ գտնվում են Նորքի հիվանդանոցում»: Նշենք, որ նրանցից մեկը 8-ամյա երեխա է, որի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության: Բոլոր հիվանդները ստացել են հակաբոտուլինային շիճուկ:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին էլ Արարատի մարզում էր արձանագրվել բոտուլիզմի 1 դեպք՝ 6 տուժածով: Իսկ հունվարի 18-ին Արցախում գրանցված դեպքը մահվան ելք էր ունեցել: Բոլոր դեպքերում էլ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել էր, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:
Այս պահի դրությամբ Արարատի մարզից գրանցված է 7 տուժած, որոնք ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Ընդհանուր առմամբ, հոսպիտալացված է 11 հիվանդ: Լիլիթ Գաբրիելյանի կարծիքով՝ սոցիալապես անապահով պայմանները չեն կարող ուղղակիորեն  կապված լինել բոտուլիզմի դեպքերի հետ: «Միգուցե տնային տնտեսուհիները շատ են իրենց ուժերի վրա վստահ, կարծում են, որ իրենց նման ոչ ոք չի լվանում, բայց դա ոչ ոք չի կարող երաշխավորել: Միայն 120 աստիճանի պայմաններում սպորը կարող է քայքայվել, իսկ դա տնային պայմաններում  հնարավոր չէ ապահովել»,-բացատրեց Լ. Գաբրիելյանը:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է. խուսափե՛ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ եթե, այնուամենայնիվ, օգտագործում եք, մինչ այդ ենթարկե՛ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե: Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապե՛ս դիմեք բժշկի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս