«ՇԱՏ ԲԱՆ ԽԱՌՆՎԵՑ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ ԷՐԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ ծնվել է 1977թ. Երեւանում: Ստացել է ռուսական կրթություն, երկար տարիներ ապրել եւ աշխատել է Սոչիում, այնուհետեւ Մոսկվայում, ինչպես ինքը կատակով բնութագրեց` «քոչվորի կյանք եմ ունեցել, գնացել եկել եմ»: Սակայն վերջին երկու տարիներին  բնակվում է Երեւանում, աշխատում «Շանսոն» ակումբում:
-Ստացվում է այնպես, որ Դուք չունեք բարձրագույն երաժշտական կրթություն, բայց երգում եք:
-Ես միշտ զբաղվել եմ երաժշտությամբ ու դրանով վաստակել գումար, այդ իսկ պատճառով էլ ոչ մի տեղ չսովորեցի: Չընդունվեցի Կոնսերվատորիա, չնայած հիմա էլ ուշ չէ: Իմ հայրը թմբկահար էր, ես էլ մի տարի զբաղվեցի, հետո թողեցի: Երգել սկսել եմ շատ ուշ, քանի որ սկզբում տարբեր նվագախմբերում` ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սոչիում, թմբուկների վրա էի նվագում: Կար շրջան, երբ ես Սոչիում էի ու գումար չէի վաստակում: Մի երաժիշտ ինձ ասաց, եթե ուզում ես փող աշխատել, երգի՛ր: Ես էլ ստիպված սկսեցի երգել, ինչպես տեսնում եք, մինչեւ հիմա էլ երգում եմ:
-Սկսել եք ռեստորանների՞ց:
-Ես նույնիսկ կասեի` սրճարաններից, ճաշարաններից…
-Երգիչներից շատերը պնդում են, որ ռեստորանները մեծ դպրոց են իրենց համար:
-Իմ կոլեգաների մեծ մասը, որոնք այսօր ստացել են ժողովրդական արտիստի կոչում, բոլորն էլ աշխատել են ռեստորանում: Ռեստորանի նման մեծ դպրոց, ինձ թվում է, չկա:
-Հիմա որտե՞ղ եք աշխատում:
-«Շանսոն» ակումբում, այդ ակումբի մթնոլորտը շատ եմ սիրում: Իսկ Սոչիում աշխատում էի հայկական ռեստորանում, հայկական նվագախմբի հետ: Հետո այդ ամեն ինչը ցրվեց, ես մնացի մենակ ու սկսեցի երգել: Երգում էի վրացիների հետ, ու սկսվեց իմ անհատական կարիերան:
-Քանի՞ տարի է, որ հետ եք եկել Հայաստան:
-Արդեն 2 տարի է` իմ տունն այստեղ է: Այնտեղ ապրած տարիներս ինձ պետք էին կարիերայի աճի համար: Աշխատել եմ նաեւ Դնեպրովի հետ, բայց նա մահացավ, մի խոսքով, շատ բան խառնվեց իմ կյանքում: Ես մի պահ չէի երգում, ակումբ ունեի Մոսկվայում, հետո այդ ակումբն էլ փակվեց: Ես վերադարձա տուն` Հայաստան:
-Այսքան տարի երգում եք, բայց տեսահոլովակներ չունեք, ինչո՞ւ:
-Երեւի չէի ուզում ունենալ, բայց հիմա ուզում եմ, պահը հասունացել է, ես էլ ցանկություն ունեմ: Շուտով կնկարեմ տեսահոլովակ նոր` «Չեմ հավատում» երգիս հիման վրա, հեղինակը Նարի Հարությունյանն է: Չեմ կարծում, որ տեսահոլովակների առատությունը պետք է նպաստի, որ երգչին սիրեն, նկատեն, լսեն: Ես միշտ փայլել եմ իմ համեստությամբ: Երբեք չեմ մտել այնտեղ, որտեղ իմ տեղը չէ, արել եմ իմ գործը շատ ավելի լավ, քան մեկ ուրիշը կաներ իր գործը: Ես սիրում եմ իմ աշխատանքը ու այն կատարում բարեխղճորեն: Դրա համար էլ, չունենալով տեսահոլովակներ, սիրված եմ:
-Եթե չեմ սխալվում, մի քանի միջազգային մրցույթների էլ եք մասնակցել:
-Մասնակցել եմ ու հաճախ բերել գլխավոր մրցանակներ, բայց երբեք չեմ հրապարակել այդ ամենը: Բազմաթիվ անգամներ ելույթ եմ ունեցել Կրեմլի դահլիճում:  
-Դրսում արժանացել եք մրցանակների, բայց Հայաստանում կարծես թե ոչ մի մրցանակ չունեք:
-Ամիսներ առաջ ես մասնակցեցի «Հեռուստառեստորան» նախագծին ու ճանաչվեցի հաղթող: Բայց կարծում եմ՝ դա վերջին անգամն էր, ես այն տարիքում չեմ, որ մրցույթների մասնակցեմ: Իսկ «Հեռուստառեստորան»-ին մասնակցեցի, քանի որ նոր էի եկել Մոսկվայից, հետո` յուրաքանչյուր արտիստի մոտ էլ լինում են ստեղծագործական դադարներ: Ինձ համար դժվար էր Մոսկվայից հետո հայտնվել Երեւանում: Այն էլ այն պարագայում, երբ ես Մոսկվայում շատ բաների էի հասել, ամբողջը թողեցի ու եկա:
-Ինչպես նշեցիք, «Շանսոն» ակումբում եք աշխատում, հետաքրքիր է՝ ինչպես են հայերը վերաբերում շանսոնին:
-Եկե՛ք չմոռանանք, որ մենք 70 տարի ապրել ենք Սովետական միությունում, մենք՝ հայերս, սիրում ենք ռուսական երգեր ու դրանց շանսոն անվանում:  
-Ակումբի այցելուներն ամենից շատ ի՞նչ երգեր են ուզում լսել:
-Ռուսը լավ խոսք ունի` ամեն ապրանք ունի իր գնորդը: Ամեն ինչ էլ լսում են` «Մուրկայից» բռնած, վերջացրած ռոմանսներով, հայկական ֆոլկ երգերով, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններով:
-Հայ հանդիսատեսն ունի՞ ակումբում ժամանակ անցկացնելու մշակույթ, թե՞ նմանատիպ վայրերը նրանց համար միայն ուտել-խմելու տեղեր են:
-Քանի որ ես երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում, կարող եմ համեմատել: Ասեմ, որ նախկինում այլ կերպ էին, նույնիսկ ամաչում էին ծափ տալ կամ տեղից վեր կենալ պարել: Հիմա այդ ամենը շտկվում է, հավատացե՛ք՝ մերոնք ավելի լավ են ուրախանում, քան ռուսները: Մեր քեֆ անողներին ոչ ոք չի հասնի:
-Որպես արտիստ՝ ինչի՞ պակաս ունեք:
-Շատ բան է պակաս, ամենից առաջ` լավ լսարան: Երբ ինչ-որ արտիստի լսում են, լավ կլինի՝ գիտակցաբար լսեն, հասկանալով, ոչ թե մոդայի հետեւից ընկնելով:
-Կա՞ մի բան, ինչի մասին երազում եք:
-Ինչ երազում էի, ունեմ: Ունեմ լավ ընտանիք, կին, երկու զավակ: Տղաս 9 տարեկան է, աղջիկս՝ 8 ամսական: Էլ ի՞նչ է պետք երջանկության համար:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս