ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարություն է տարածել իր եղբոր մասնակցությամբ վթարի մասին՝ հորդորելով անհարկի շահարկումներ չանել:
«Դժբախտ դեպքերից ոչ ոք ապահովագրված չէ։ Ցավոք, մեր ընտանիքն էլ չի խուսափել նման պատահարից։ Ցավում եմ կատարվածի հետ կապված։ Հիվանդին շուտափույթ ապաքինում եմ մաղթում։
Եղբայրս դեպքի պահից վթարի ենթարկվածի կողքին է մինչ այժմ։ Քննչական գործողություններն ընթանում են, ընթանում են խստորեն օրենքի սահմաններում։ Ինքս եմ անձամբ հետեւում ընթացքին ու անաչառությանը:
Մենք մեծ դժբախտություն ենք ունեցել այս գիշեր:
Խնդրում եմ՝ անհարկի շահարկումներով, իրականության հետ կապ չունեցող գունավորումներով չավելացնել մեր ընտանիքի ցավը: Առաջին հերթին տուժողի ընտանիքի:
Փառք ենք տալիս Աստծոն, որ հնարավոր եղավ խուսափել վատագույն սցենարից»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում օգոստոսի 23-ին, ժամը 23:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը :