ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԱԴՐԵԼ ՌՈՒՍՆԵՐԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերի շարքում քանիցս քննարկվում է Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած կախումը: Այդ թեմայի շրջանակներում ուշագրավ են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոն Էվանսի՝ 2005թ. հեղինակած երկու զեկուցագրերը: Դրանցից մեկը ներկայացնում է ՀՀ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի տեսակետը ՀՀ Կառավարության վրա բանեցվող ռուսական ճնշումների մասին, իսկ մյուսը քննարկում է Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գնի բարձրացման հիմնահարցը:

Առաջին փաստաթղթում փաստվում է, որ ՀՀ իշխանությունները անկարող են Ռուսաստանին հեռու պահել Հայաստան-Իրան գազամուղից եւ էներգետիկ ոլորտում ապահովել այլընտրանքային հնարավորությունները: Երկրորդում էլ արձանագրված է, որ գազի գնի բարձրացումը իսկական աղետ կլինի ՀՀ Կառավարության համար, որ թույլ դիրքերում գտնվելով` հազիվ թե կարողանա դիմադրել ռուսական ճնշումներին:
Այսպես՝ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ Ռուսաստանը ջանք չի խնայել Հայաստանին համոզելու, որ հարկավոր է փոքրացնել գազատարի տրամաչափը: Ըստ նրա՝ ի սկզբանե այն պիտի լիներ 1 մետր, սակայն Ռուսաստանը պնդել է 253 մմ վրա՝ վերջում համաձայնելով 500 մմ-ին: Մովսիսյանի պարզաբանմամբ, սակայն, Հայաստանին հարկավոր է նվազագույնը 720 մմ՝ տարեկան 2.4 մլրդ խմ. գազ մատակարարելու համար: Ա. Մովսիսյանն արտահայտել է իր թերհավատությունը ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի խոսքերի հանդեպ, թե իրենք շահագրգռված են մասնակցություն ունենալ Իրան-Հայաստան գազատարի կառուցման գործին: Մովսիսյանը վերահաստատել է, որ այդ գազամուղի ամբողջ իմաստը ռուսական կախվածությունը նվազեցնելն է, այնինչ՝ ՌԴ-ի մասնակցությամբ այդ նպատակը ի չիք է դառնում: Նրա համոզմամբ՝ ռուսական հետաքրքրությունը պայմանավորված է տարածաշրջանում ՌԴ-ի ուժեղ դիրքերի անկումը թույլ չտալու հանգամանքով:
Նախկին նախարարը խոստովանել է, որ Հայաստանը իրանյան գազը այլ երկիր փոխադրելու որեւէ ցանկություն ու միտում չունի, ինչն էլ փաստվում է ռուսական ճնշումների արդյունքում գազամուղի նվազեցված տրամաչափի հանգամանքով: Հիշենք, սակայն, որ իշխանական քարոզիչները բազմիցս թմբկահարում էին իրանյան գազամուղի կառուցման պարագան՝ իբրեւ Հայաստանի՝ տրանիզտ երկիր դառնալու առհավատչյա: Իրականում, սակայն, իշխանությունները ոչ միայն չէին պատրաստվում կատարելու իրենց խոստումները, այլեւ գազատարի կառուցմանը ստիպված մասնակից դարձրին նաեւ ռուսներին՝ ոչնչացնելով իրանյան այլընտրանքային գազամուղի տրամաբանությունը: Քոչարյանի վարչակազմը հազիվ թե կարող էր գլխի ընկնել, որ մի քանի տարի անց սկսվելու էր Իրան-Արեւմուտք հարաբերությունների կարգավորումը, որը մեծագույն նշանակություն կարող էր ունենալ Հայաստանի զարգացման համար:
Ի դեպ, դեսպանը այս փաստաթղթի վերջում նկատում է, որ ՀՀ իշխանությունները բավականին թույլ դիրքերում են գտնվում, որ կարողանան նվազեցնել ՀՀ կախվածությունը Ռուսաստանից: Նրա պնդմամբ՝ Կառավարությունն արդեն իսկ ընկրկել է ռուսական ազդեցության տակ եւ նվազեցրել տրամաչափը՝ ի հեճուկս գազատարի տրանզիտի մասին իր իսկ ամպագոռգոռ հայտարարությունների: Էվանսն արձանագրում է, որ ՀՀ Կառավարությունը շարունակաբար խոսում է շուկայի դիվերսիֆիկացիայի մասին, սակայն խոսքից իրական գործի անցնել չի կարողանում:
2005թ. դեկտեմբերին հեղինակած մյուս զեկուցագրում ԱՄՆ դեսպանը քննում է ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գնի բարձրացման հիմնահարցը: Հղում անելով նույն թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի հետ իրենց քննարկումներին՝ դիվանագետը հայտնում է, որ փոխնախարարը թվում էր հիասթափված ու զարմացած գազի գնի բարձրացման մասին «Գազպրոմի» հայտարարության առիթով: Նրա պնդմամբ՝ ՀՀ իշխանությունն այն տպավորության տակ էր, որ գազի գինը առնվազն 2 տարի չբարձրացնելու մասին Քոչարյանի բանավոր պայմանավորվածությունը «Գազպրոմի» ղեկավարության հետ հաստատուն էր: Դեսպանը հավելում է, որ Քոչարյանն այս մասին անգամ տեղեկացրել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրեյդին՝ պնդելով, թե ֆիքսված գնի շրջանակներում լիկվիդացվում էին ՀՀ-ի մի շարք պարտքերը, ինչպես նաեւ մեծանալու էր ՌԴ մասնաբաժինը «Հայռուսգազարդ»-ում: Ինչեւէ, Գալստյանը պնդել է, որ գազի գնի բարձրացումը աղետալի կլինի ՀՀ Կառավարության համար, քանզի իրենց ծրագրերում այդպիսի գնաճ չի նախատեսվել առաջիկա 2 տարիների համար: Նրա համոզմամբ՝ գնաճը մղձավանջային է լինելու ու քայքայիչ նշանակություն կունենա հատկապես հայաստանյան աղքատ խավի համար:
Զեկուցագիրը Էվանսը ամփոփում է` ՀՀ Կառավարության հնարավորություններն ու գործելակերպը գնահատելով: Նա նկատում է, որ ՀՀ իշխանությունները թեեւ հույս ունեն նվազեցնել գազի գնի բարձրացման ծանր հետեւանքները, սակայն նրանց դիրքերը իրականում բավականին թույլ են: Հեղինակը չի բացառում, որ իշխանություններին կհաջողվի հետաձգել գնաճը, սակայն Հայաստանը դրանից չի դադարի ծանրորեն կախված մնալ ռուսական էներգիայից եւ իրավիճակը, ի վերջո, ստիպելու է հայ սպառողին հարմարվել շուկայի գներին: Դիվանագետը եզրակացնում է, որ իրենց հետ զրույցներում ՀՀ իշխանությունները մշտապես կարեւորում են Հայաստանի էներգետիկ անկախության անհրաժեշտությունը եւ գուցե «Գազպրոմի» նմանօրինակ պահվածքին հղում անելով՝ փորձեն արդարացնել Իրանի հետ խորացող էներգետիկ հարաբերությունները:
Հարկ է, սակայն, նկատել, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների լավագույն բնորոշումը տվել է հենց Սերժ Սարգսյանը՝ ամերիկացիների հետ իր հանդիպումներից մեկում դրանք անվանելով անլուրջ ու մակերեսային: Այսօր, երբ Արեւմուտքի ու Իրանի միջեւ հարաբերությունները կարծես կարգավորվում են, Հայաստանը հրաշալի հնարավորություններ է ստանում էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ձեռք բերելու համար: Սակայն ՀՀ գործող իշխանությունները բնավ էլ չեն շտապում Իրանի մեկնած ձեռքը սեղմել ու շարունակում են կառչել միջազգային մեկուսացման նոր թիրախ դարձած Ռուսաստանից: Վերոնշյալ զեկուցագրերը վկայում են, որ այն ժամանակ ՀՀ իշխանությունները չեն կարողացել հավասարի պես խոսել Ռուսաստանի հետ, ինչը, ցավոք սրտի, ավելի նվաստացուցիչ ձեւով շարունակվում է այսօր:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆ
Նախագահական նստավայրից արձագանքել են «Ժողովուրդ»-ի՝ օգոստոսի 13-ի համարում հրապարակված «Նախագահականը՝ նախկին պաշտոնյաների հավաքատեղի» հրապարակմանը եւ տեղեկացրել, որ Սերժ Սարգսյանի խորհրդական Գագիկ Գուրգենի Գեւորգյանին խորհրդական նշանակելու մասին հրամանագիրը ստորագրվել է 2013 թվականի հունիսի 11-ին: Ըստ այդմ, Գեւորգյանը խորհրդական է նշանակվել հասարակական հիմունքներով, այսինքն՝ նրան աշխատավարձ չի վճարվում:
Իհարկե, լավ կլիներ, եթե նախագահականի աշխատակազմը կարգավորեր իրենց պաշտոնական կայքի` փաստաթղթեր բաժնի որոնման համակարգը, քանի որ մեր բոլոր փորձերը, որպեսզի կայքի փաստաթղթեր բաժնում գտնենք Գեւորգյանին նշանակելու հրամանագիրը, անցան ապարդյուն: Կարծում ենք՝ նախագահականում չեն կարծում, որ լրագրողները բոլոր հրամանագրերը մեկիկ-մեկիկ պետք է անգիր իմանան: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանի խորհրդականի հայտարարագրում նշված է, որ նա տարեկան 1 միլիոն 300 հազար ռուսական ռուբլի աշխատավարձ է ստանում, ենթադրվում է, որ հենց որպես խորհրդական է այդ գումարը ստանում: Ի դեպ, ՀՀ դեսպանները տարբեր երկրներում նույնպես արտարժույթով են իրենց աշխատավարձերը ստանում:
Ի դեպ, նախագահականում սրտնեղել են նաեւ «Ժողովուրդ»-ի այն մեկնաբանությունից, որ համացանցում հայերենով Գեւորգյանի մասին ոչ մի տվյալ հնարավոր չէ գտնել, այդ թվում նաեւ՝ նրա լուսանկարը: Այս առնչությամբ նախագահականից տեղեկացնում են. «ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված են ՀՀ Նախագահի, ՀՀ Նախագահի աշխատակազմի հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տվյալները եւ էլեկտրոնային փոստի հասցեն, որոնց շարքում բացառություն չեն նաեւ Գագիկ Գեւորգյանի տվյալները»:
Դե, իհարկե, այդպես էլ կա, բա ուրիշ որտեղից մենք տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը նման խորհրդական ունի: Նախագահականում լուսանկարը եւ կենսագրականը չեն տարբերում անուն-ազգանունից, ծառայողական հեռախոսահամարից ու ծառայողական էլեկտրոնային փոստից: Նախագահականում մի քանի հարյուր հոգուց բաղկացած աշխատակազմում չկա մեկը, որպեսզի գիտակցի, որ երբ մարդուն խորհրդական են նշանակում, լավ կլինի, որ ապահովեն նրա մասին որոշակի տեղեկություն, որ ցանկացողները համացանցը քչփորելիս կարողանան պարզել, թե ով է տվյալ անձը, որ խորհուրդներ է տալիս մեր երկրի ղեկավարին: Այլապես բոլորն էլ մեզ նման այդ հասարակ հարցը պարզելու համար ստիպված են լինելու հատուկ հետաքննություն անցկացնել եւ արձանագրել, որ անհայտ ծագումով մարդիկ օտար երկրում բնակվելով՝ մեր երկրի ղեկավարությանը վճարովի խորհուրդներ են տալիս:

Վ. Հ.

 

 

 

 
ԴԱՏ

Վաղը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կշարունակվի «Հայէկոնոմբանկի» հաշվապահ-գանձապահ Մերի Մուրադյանի դատավարությունը:

Հիշեցնենք, որ կալանավորված Մերի Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 30-ին, աշխատելով «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերությունում որպես հաշվապահ-գանձապահ, ունենալով այլ լիազորություններ, իր լիազորությունները «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության շահերին հակառակ է օգտագործել՝ հօգուտ Կարեն Գրիգորյանի: Ասել է թե՝ Կարեն Գրիգորյանի անձնական միջոցները բարելավելու եւ նրա նկատմամբ անձնական մտերմիկ փոխհարաբերություններ ունենալու շահագրգռվածությունից ելնելով՝ դիտավորությամբ խախտել է «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության խորհրդի թիվ 25/01-29.07.2013թ. որոշմամբ հաստատված «կարգերը եւ բանկի ու Մերի Մուրադյանի միջեւ կնքված թիվ 1528 աշխատանքային պայմանագրի մի շարք կետեր: Զբաղեցնելով Բանկի ՀՍՎ-ի հաշվապահ-գանձապահի պաշտոնը եւ պարտականություններ ունենալով բարեխղճորեն կատարել ստանձնած իր աշխատանքային պարտականությունները, պահպանել գործատուի ներքին իրավական ակտերի պահանջները եւ աշխատանքային կարգապահությունը, ստանձնել է լիակատար նյութական պատասխանատվություն իրեն վստահված նյութական արժեքների պահպանության, պակասորդի եւ կորստի համար, որի կապակցությամբ պարտավոր է եղել ապահովել բանկի նյութական արժեքների պահպանությունը, ստորագրել եւ կնիքել է անդորագրերը, որից հետո մեկ օրինակը վաճառվող արժույթի հետ միասին հանձնել հաճախորդին, մեկ օրինակը պահել իր մոտ: Մինչդեռ Կարեն Գրիգորյանին է հանձնել 69.060.800 ՀՀ դրամին համարժեք 170.000 ԱՄՆ դոլլար գումար՝ առանց բանկային գործարք կատարելու, գործառնական ծրագիր մուտքագրելու, գնվող արժույթն ընդունելու, անդորագրերը ձեւավորելու, ստորագրելու եւ կնիքելու: Այս արարքը ծանր հետեւանքներ է ունեցել «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության համար»։
Թե ինչ որոշում կկայացնի դատավորը, դեռ վաղ է ասել, բայց որ մեղադրական եզրակացությունը կազմված է հնարավորինս մեղադրանքը հաստատելու հստակ ուղղվածությամբ, ակնհայտ է:
Հիշեցնենք, որ «Հայէկոնոմբանկը» պատկանում է Սուքիասյանների ընտանիքին, որոնք բավականին դրական համբավ ունեն:




Լրահոս