Կալանավորվել են փաստաբանին սպանելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Վանաձորի բաժնի ծառայողները մայրաքաղաքի Թումանյան փողոցի 18 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանին և 1982 թ. ծնված Արեն Վերանյանին, որոնք ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էին փաստաբան Սամվել Շարբաթյանին 2012 թվականի նոյեմբերի 18-ին սպանելու կասկածանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը կալանավորված են:
Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերի 18-ին` ժամը 22:45-ին, Լոռու մարզի Շահումյան համայնքում գործող ,Մուշե ռեստորանային համալիրում հայտնաբերվել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ս. Շարբաթյանի դին` բռնության հետքերով: Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
ՀՀ դատախազության նախկինում տարածած տեղեկատվության համաձայն, 2012թ. նոյեմբերի 18-ին երեկոյան Ս. Շարբաթյանը ,Մուշե ռեստորան էր հրավիրել Վանաձոր քաղաքի բնակիչ Արտակ Վերանյանին եւ իր քրոջ որդի Հ. Ասլիկյանին` նպատակ ունենալով Արտակ Վերանյանից պահանջելու չհետապնդել իր քրոջ դստերը:
Համաձայն պայմանավորվածության` նշված ժամին ռեստորան են գնացել Հ. Ասլիկյանը և Արտակ Վերանյանը` վերջինիս եղբայր Արեն Վերանյանի եւ ընկերոջ` Ս. Դիլոյանի հետ: Ժամը 22:00-ի սահմաններում վերոնշյալ հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որը վեր է ածվել ծեծկռտուքի` արդեն ռեստորանի բակում: Արդյունքում` Ս. Շարբաթյանը դեմքին եւ քթի շրջանում մեկ հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի ֆունկցիաների խանգարման: Վնասվածքն ստանալուց հետո Ս. Շարբաթյանը տեղափոխվել է ռեստորանի առանձնասենյակ, որտեղ եւ գիտակցության չգալով` մահացել է:
“Փաստինֆո”




Լրահոս