Այսօր կեսօրին հրավիրելիք ասուլիսում Պարույր Հայրիկյանի փաստաբանները կներկայացնեն վերջինիս որոշումը` կապված ընտրությունները հետաձգելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու հետ: Հունվարի 31-ի գիշերը մահափորձի հետեւանքով վիրավորված նախագահի թեկնածուն, ով, ի դեպ, բժիշկների գնահատմամբ արդեն 2-3 օրից դուրս կգրվի, երեկ լրագրողներին ասել էր, որ անկախ ամեն ինչից, ինքը դեմ է նոր ընտրություններ անցկացնելու Անդրիաս Ղուկասյանի կոչին, քանի որ դա համարում է «դավադրություն հայ ժողովրդի նկատմամբ»: «Ահաբեկչության ճանապարհով հայ ժողովրդին ստիպել փոխել իր ճանապարհը` ես դրան ընդառաջ գնալու իրավունք չունեմ»,-ընդգծել էր թեկնածուն: Անշուշտ, դժվար է կասկածել նոր ընտրություններ չհայտարարելու` Հայրիկյանի դիրքորոշման արդարացիության մեջ: Խնդիրն այն է, սակայն, որ վերջին օրերին նա սկսել է մեկը մյուսի հետեւից բավականին վտանգավոր հայտարարություններ անել` սկսած Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրին մեղադրանքներ ներկայացնելուց, ավարտած իր դեմ կատարված մահափորձը ահաբեկչություն որակելով: Եվ, որ էլ ավելի մտահոգիչ է` զուգադրելով ահաբեկչություն եւ ընտրություններ հասկացությունները: «Ահաբեկչություն եւ ժողովրդավարական սկզբունքների միաժամանակյա ներկայություն, դրանք արդյոք համադրելի են»,-երեկ ինչ-որ անհայտ մասնագետների անունից նման հռետորական հարց է ուղղել Հայրիկյանը եվ ապա պատասխանել. «Ո՛չ, համատեղելի չեն»: Նախ՝ զարմանալի է, որ ԱԻՄ առաջնորդը հանկարծ սկսեց հավատալ այս ընտրապայքարում ժողովրդավարական սկզբունքների առկայությանը, ինչի մասին մինչեւ մահափորձը, մեղմ ասած, այլ կարծիք ուներ: Սակայն էլ ավելի տարակուսելի են իր նկատմամբ կատարված չհաջողված մահափորձը «ահաբեկչություն» որակելու նրա փորձերը: Հիշեցնենք, որ մինչ այժմ հետաքննող մարմնի կողմից չեն բարձրաձայնվել կատարվածի հիմնական վարկածները: Հետեւաբար` գոյության նույնպիսի իրավունք ունեն մահափորձը ե՛ւ բիզնես հետաքրքրություններով պայմանավորող (գաղտնիք չէ, որ Հայրիկյանը, օրինակ, բենզալցակայան ունի), եւ անձնական վրեժխնդրության (Հայրիկյանի` կանացի սեռի որոշ ներկայացուցիչների հետ ոչ միանշանակ հարաբերությունների մասին նախօրեին բարձրաձայնեց Ա. Ադիբեկյանը), ե՛ւ, ի վերջո, քաղաքական վարկածները: Հետեւաբար` ահաբեկչության մասին Հայրիկյանի պնդումներն առնվազն վաղաժամ են եւ չհիմնավորված: Սակայն անկախ այդ հանգամանքից, կասկածից դուրս է, որ հենց «ահաբեկչություն» տերմինը կարձանագրվի միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցներում, էլ չասած` Թուրքիայի եւ Ադրբեջանի անթաքույց հրճվանքը` Հայաստան եւ ահաբեկչություն բառերը զուգադրելու այդպիսի հնարավորություն ստանալու համար: Մի՞թե իր կյանքի լավագույն տարիները ՀՀ պետականության կերտման ու ինքնորոշման համար զոհաբերած գործիչն այդ ամեն չի հասկանում: Եվ արդյո՞ք նման անզգույշ հայտարարություններով սեփական վարկանիշը բարձրացնելու նրա փորձերը պակաս դավադրություն են հայ ժողովրդի նկատմամբ:
ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ