ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ 5-րդ գումարման ինն ամիսների ընթացքում երեկ վերջապես առաջին անգամ խորհրդարանում է հայտնվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, եւ ինչպես միշտ, կարճ ժամանակով: Սակայն իր հայտնությամբ Ծառուկյանը որեւէ նոր բան չի հաղորդել. ընդամենը հաստատել է, որ իր անհասկանալի գործելաոճը չի փոխվել:
Կարծես թե Ծառուկյանին դուր է եկել «խորհրդավորի» կերպարը, եւ նա ամբողջությամբ մտած է դերի մեջ: Հատկապես իրեն այլընտրանք հռչակելուց հետո ԲՀԿ առաջնորդն աչքի է  ընկնում լրագրողների հետ շփումներից խուսափելու սովորությամբ: Նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշումը ձգձգելը, ինչպես հիշում ենք, նրա մոտ իդեալական ստացվեց, իր ընտրազանգվածին հիասթափեցնելը՝ էլ ավելի կատարյալ, իսկ երեկ ԱԺ-ում Ծառուկյանի խորհրդավորությանը հաղորդվեց նաեւ միստիկ երանգ: Բանն այն է, որ ԱԺ չորս մուտքերի մոտ էլ լրագրողները կանգնած սպասում էին Գագիկ Ծառուկյանին, սակայն այդպես էլ մնացին սպասելով, քանի որ Ծառուկյանը ոչ մի մուտքից էլ դուրս չեկավ, բայց շենքից ուղղակի անհետացավ: Այսինքն՝ ԲՀԿ առաջնորդը կա՛մ տիրապետում է տելեպորտացիայի (նյութական իրերի վայրկենական փոփոխություն մի կետից մյուսը՝ առանց ֆիզիկական ուժի կիրառման) հնարքին, կա՛մ կարողանում է անտեսանելի դառնալ, կա՛մ էլ մնում է հավատալ շրջանառվող այն լուրերին, որ Ծառուկյանին Գալուստ Սահակյանը «դուրս է տարել» այն մուտքից, որով մտնում եւ դուրս է գալիս Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը:
Փաստորեն, ավելի ժողովրդական լեզվով ասած՝ Ծառուկյանը լրագրողներից ճողոպրել է, ինչի առիթն ուներ, քանի որ ժամանակի ընթացքում կուտակվել եւ կուտակվում են բազում հարցեր, որոնք մնում են անպատասխան: Օրինակ՝ ճի՞շտ է արդյոք վերջերս «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, որ Գագիկ Ծառուկյանն Աբովյան քաղաքում իր կողմնակիցներին պատվիրել է Սերժ Սարգսյանի համար 90% ձայն ապահովել, կամ ինչո՞ւ են իրենց «այլընտրանք» հռչակած եւ ընտրողներին սին հույսեր տված հարուստ ԲՀԿ-ականները՝ ի դեմս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, բացահայտ սատարում Սերժ Սարգսյանին:
Երեկվա իր պահվածքով Գագիկ Ծառուկյանը, կարծում ենք, վերջնականապես հօդս ցնդեցրեց ԲՀԿ-ի «այլընտրանք» կոչվող միֆը ու եւս մեկ անգամ հաստատեց այն պարզ ճշմարտությունը, որ օլիգարխն ամեն դեպքում մնում է օլիգարխ, որի համար առաջնայինը եղել է եւ կմնա սեփական բիզնես շահը:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս