ԸՆՏՐՈՂԻ ՎՐԱ ԿԱԶԴԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵԿ-ՄԵԿ ՑԱՎԻՑ ԿԾԿՎԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, որի նկատմամբ հունվարի 31-ին մահափորձ էր իրականացվել, դեռ չի դիմել Սահմանադրական դատարան: Հայրիկյանի նախընտրական շտաբի ղեկավար Մանյա Այվազյանը հայտարարել է, որ հարցը պարզ կլինի այսօր կայանալիք ասուլիսի ժամանակ: Նշենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում ՀՀ նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Պարզապես այդ մասին թեկնածուն պետք է դիմում ներկայացնի, որպեսզի ՍԴ-ն որոշի՝ անհաղթահարելի են արդյոք խոչընդոտները, թե ոչ:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ Պարույր Հայրիկյանը կդիմի՞ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: Եւ առհասարակ, ընտրությունները կհետաձգվե՞ն:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ հարցն այսօր դրվել է, եւ, բնականաբար, բոլորը սպասում են Պ. Հայրիկյանի քայլին, թեեւ գլխի եմ ընկնում, թե ինչ պատասխան է լինելու, սակայն եկե՛ք չգուշակենք: Շատ ավելի կարեւոր է Սահմանադրությամբ նախատեսված կարգը: Օրերս հնչեցվել էր մի շատ տարօրինակ հայտարարություն, եթե չեմ սխալվում, այդ հայտարարությունն արել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը. ասում է, թե Սահմանադրության մեջ չկա անհաղթահարելի խոչընդոտների ցանկ: Սա շատ վտանգավոր բան է, քանի որ հարկ չկա իմաստուն լինել հասկանալու համար, որ բնականոնից դուրս բոլոր խոչընդոտներն այդպիսին են եւ հատկապես այն դեպքում, երբ կրակում են նախագահի թեկնածուի վրա: Իմ կարծիքով՝ կանոնակարգ պետության օրենսդրական համակարգը, անկախ թեկնածուի կարծիքից, պետք է պահանջի սահմանադրական դրույթի անվերապահ կատարում:

ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
դերասան

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ՝ հետաձգելու դեպքում կստացվեր, որ հարձակում կազմակերպողները հասան իրենց նպատակին, ու ակամա Պարույրը ջուր կլցնի նրանց ջրաղացին: Երկրորդ, բնականաբար, միջադեպը, որը տհաճ էր, այնուամենայնիվ, բարձրացրեց Պ. Հայրիկյանի վարկանիշը, ընդ որում՝ կտրուկ: Երրորդ՝ Հայրիկյանը շատ լավ գիտակցում է, որ երկարացնելու դեպքում աստիճանաբար «հնանալու է» հարձակման «էֆեկտը», ուստի կիջնի նաեւ վարկանիշը… Ընտրողի վրա կազդի վիրավորված, թեւկապով կամ քարոզարշավի ելույթների ընթացքում մեկ-մեկ ցավից կծկվելը ու հարձակման մասին հիշեցնելը… Հայրիկյանը խելացի է, պրագմատիկ եւ քաղաքական ճիշտ հաշվարկներ կանի: Հետաձգելը միանշանակ ճիշտ չէ ո՛չ Պարույրի եւ ո՛չ էլ բոլորի համար:

ՌՈԲԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Երեւանի նախկին
փոխոստիկանապետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս