ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐՆ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացել ատամնաբուժական ծառայությունները կարգավորող հարկային նոր քաղաքականության շուրջ: Ըստ այդմ` ատամնաբույժների հարկային պարտավորությունները զգալիորեն ավելացել են, ինչին, բնականաբար, դեմ են բոլոր անհատական գործունեություն իրականացնող մասնագետները: Հայաստանում ատամնաբուժական ծառայություններ մատուցում են թե՛ ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ), թե՛ անհատական գործունեություն ծավալող ատամնաբույժները: Ըստ 2011թ. պետական բյուջեի ծախսային մասի հաշվետվության` ատամնաբուժական դասի ծրագրերին հատկացվել է  815,8 մլն դրամ:
Առողջապահության բնագավառում կատարված աշխատանքների մասին հաշվետվության համաձայն` ատամնաբուժական ծառայությունների դասում ընդգրկված են երկու ծրագրեր` «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» եւ «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ», որոնց ուղղությամբ է ծախսվել վերոնշյալ գումարը: Ի տարբերություն 2010թ.` հաշվետու տարում վերոհիշյալ առաջին ծրագրի շրջանակներում բուժօգնության դեպքերի քանակը կազմել է 225,4 հազար, իսկ ծախսերը` 730 մլն դրամ: Այստեղ առանձնացնենք նաեւ երեխաների ատամնաբուժական առաջնային կանխարգելման ծառայությունների ծախսերը, որոնք կազմել են ավելի քան 85,1 մլն դրամ: Ֆինանսական այս հատկացումների արդյունքում հետազոտվել են 70,9 հազար երեխաներ: Այսուհանդերձ, հարկ է հաշվի առնել, որ ատամնաբուժական ծառայությունները մեծամասամբ մատուցվում են մասնավոր կլինիկաների ու անհատական գործունեություն ծավալող մասնագետների կողմից:
Այդ հարցում, սակայն, կառավարությունն անկարող էր հանդուրժել տիրող վիճակը, երբ մարդիկ ինքնուրույն էին աշխատում եւ կարողանում օրվա հացը վաստակել, ու դրա համար նոր հարկատեսակ է սահմանել` ծանրացնելով ատամնաբույժների հարկային բեռը: Ս. թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Արտոնագրային վճարների մասին» փոփոխված օրենքը, որը վերաբերում է նաեւ նրանց: Ըստ այդմ` մինչեւ 3 բազկաթոռ ունեցող ատամնաբուժարանները ստիպված կլինեն յուրաքանչյուր բազկաթոռի համար վճարել 60-100 հազար դրամ, իսկ 3-ից ավելի աթոռ օգտագործող ատամնաբուժարանները յուրաքանչյուր ավել բազկաթոռի համար պետք է վճարեն 48 հազար դրամ: Այստեղ հարց է առաջանում, թե այդ նույն տրամաբանությամբ ինչու հիվանդանոցներում մահճակալների համար հաստատագրված վճար սահմանված չէ: Ըստ էության, եթե օրենքը կիրառում ենք աթոռների համար, ապա մահճակալն ի՞նչ  «մեղք է գործել», որ չի հարկվում:
Այսօր Երեւանում ու մարզերում ատամի հեռացման համար գանձվող վճարը տատանվում է 3000-5000 դրամի սահմաններում: Կլինիկաներում, օրինակ, պլոմբանյութի գինը 15-27 հազար դրամ է, ինչի արդյունքում, բնականաբար, պետք է մատուցվող ծառայությունը եւս թանկանա: Նկատենք, որ բացի նոր հարկատեսակներից, արդեն բարձրացել են ատամնաբուժական նյութերի գները: Դրա արդյունքում էլ կա՛մ պետք է մատուցվող ծառայությունները թանկանան, կա՛մ էլ դրանց որակն է ընկնելու: Ըստ էության, խնդիրը կրկին «բիզնեսի խոշորացման» դաշտում է: Կառավարության ջերմեռանդ քաղաքականության արդյունքում Հայաստանում գրեթե բոլոր ոլորտները խոշորացված են կամ էլ միտումները տանում են հենց դրան: Միջին խավի ոչնչացման այսօրինակ ակտիվ գործողությունները խիստ վտանգավոր են պետության համար: Պատմականորեն ապացուցված է, որ միջին խավն է յուրաքանչյուր երկրի հիմնական հենարանը, եթե դա վերացնում ենք, ապա ի՞նչ ենք պատրաստվում թողնել: Հետաքրքիր է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, թե Դերենիկ Դումանյանը, որին Սերժ Սարգսյանը «փաղաքշորեն» անվանել էր Դերո, ատամնաբույժների հարցի շուրջ հանձնարարականներ է իջեցրել համապատասխան ստորաբաժանումներին` սեղմ ժամկետում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ուսումնասիրել առաջացած հարցերը եւ ճշգրիտ հաշվարկներ կատարելով` ներկայացնել վերափոխված առաջարկներ:
Այսպիսով` ներկայացնելով ատամնաբուժական ծառայությունների հետ կապված խնդրի այսօրվա դրությունը` նկատենք. այս քաղաքականությունը ակնհայտորեն նպաստելու է ոչ միայն միջին խավի կրճատմանը, այլեւ ծանր հետեւանքներ է ունենալու բնակչության վրա ընդհանրապես: Նպատակը պարզ է` խոշորացնել ատամնաբուժական ծառայություններ մատուցող կլինիկաները, անհատական գործունեություն ծավալող մասնագետներին հավաքել մի տեղ եւ միջին աշխատավարձով աշխատեցնել: Ատամնաբուժարանների վրա մեծ հարկեր դնելը, գործունեությանը ոչ միայն չօժանդակելը, այլեւ խանգարելը ուղղակիորեն ունենալու են տխուր հետեւանքներ: Ատամնաբույժներից շատերը կլքեն երկիրը, իսկ կառավարության պայմաններն ընդունած աշխատողները կա՛մ կթանկացնեն իրենց ծառայությունները, կա՛մ դրանց որակը կընկնի:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս