ՄԻ ԲԱԺԻՆ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալավերդի քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Սամվել Օչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 27-ի առավոտյան Դիլիջանի ուսումնական կենտրոնում իրեն ուտելիք չտրամադրելու համար վիճաբանել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Գարիկ Մխիթարյանի հետ: Ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, Ս. Օչինյանը բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ փոխադարձ քաշքշուկի ու հարվածների ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով շարքային Գարիկ Մխիթարյանի մարմնի տարբեր մասերին եւ նրան պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Վանաձոր քաղաքի  բնակիչ, 1981թ. ծնված պայմանագրային զինծառայող Գարիկ Մխիթարյանին էլ նույն միջադեպի կապակցությամբ մեղադրանք է առաջադրված առ այն, որ նա փոխադարձ քաշքշուկի եւ հարվածների ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել Սամվել Օչինյանի մարմնի տարբեր մասերին եւ պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Օչինյանի եւ Օթարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրանց երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորություններն անցնելը): Այս հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 4 տարի ժամկետով: Ս. Օչինյանը եւ Գ. Մխիթարյանը դատարանում հայտարարել էին, որ համաձայն են առաջադրված մեղադրանքի հետ եւ միջնորդել էին անցկացնել արագացված դատաքննություն:
Հունվարի 21-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Սամվել Օչինյանին դատապարտեց 2 ամիս ժամկետով կալանքի, որը նա պետք է կրի կայազորային կարգապահական մեկուսարանում, իսկ Գարիկ Մխիթարյանը 3 ամիս պետք է մնա կարգապահական գումարտակում: Դատարանը պատիժը նշանակելիս հաշվի  առավ, որ նրանք նախկինում դատված չեն եղել, հաշտվել են իրար հետ, զղջում են իրենց արարքի համար եւ բնութագրվում են դրականորեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս