«ՈՉ ՄԵԿՆ ԷԼ ՀԱՋՈՐԴԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆՆ անպայման մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին: Նա չի հասկանում երեւույթը, երբ հիասթափված ու նեղացած մարդիկ ասում են, որ չեն մասնակցելու ընտրություններին:
-Չեմ հասկանում՝ հայրենիքից նեղանա՞նք, հիասթափվե՞նք, ումի՞ց, ինչի՞ց: Մեզնից կարող ենք հիասթափվել, բայց երկրից…
-Հիասթափությունը ոչ թե երկրից է, այլ իշխանություններից:
-Իշխանությունները գալիս գնում են, մեկը մյուսին անընդհատ փոխարինում է: Ու ինչքան գիտեմ, ոչ մեկն էլ հաջորդից ավելի լավը չէ: Բոլոր երկրներում էլ բողոքում են եկողից ու գնացողից: Էականն այն է, որ դու՝ որպես քաղաքացի, ունենաս քո դիրքորոշումը` համոզված լինելով քո անձնական արդարության մեջ:
-Ուզում եք ասել՝ այսօրվա իրավիճակի համար իշխանությունները մեղավո՞ր չեն:
-Իշխանությունները հենց մենք ենք ներկայացնում: Մենք շատ վառ արտահայտված, հավասարակշռված, իմաստուն, հեռատես, մեր պատկերացմամբ համաշխարհային մակարդակի լիդեր չունենք: Մեր ամբիցիաները շատ մեծ են, բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք դրան: Եթե պատրաստ լինեինք, մեր նմանին կծնեինք:
-Այսինքն՝ մեր մեղավորությո՞ւնն է, որ այս վիճակում ենք:
-Ես դրանում կասկած չունեմ: Պետք չէ կեղծավորություն անել, իհարկե մեր մեղքը կա: Մեր կարգավիճակը հենց առաջին հերթին գալիս է մեր մտքերից, մեր ցանկություններից: Մենք արժանանում ենք նրան, ինչ որ կա:
-Բայց բոլորս էլ ուզում ենք ապրել ավելի լավ երկրում:
-Բոլորս ուզում ենք, բայց արդյո՞ք ցանկանում ենք, որ մեր կողքինն էլ լավ ապրի: Երբ մենք ստանում ենք լավ կյանք, սկսում ենք ճնշել ու թալանել մեր կողքինին: Ուրիշ բան է, երբ մենք քրիստոնեական երկրին վայել մեկս մյուսին սիրեինք: Գիտեք՝ ինչպես է. ես ուզում եմ լավ ապրել, բայց չեմ ուզում, որ դու լավ ապրես: Նկատում եմ՝ այն մարդիկ, որ հանկարծ հաջողություն են ունենում, ու իրենց կյանքը լավանում է, թքած ունեն բոլոր նրանց վրա, ում կյանքը չի ստացվում, նույնիսկ օգնության ձեռք չեն ուզում մեկնել: Շատ հայրենասեր մարդիկ կային, որ գումար ու պաշտոն ձեռք բերեցին ու իրենց ժողովրդին սկսեցին նայել արհամարհանքով: Շատ կարեւոր է մեկս մյուսին հարգելը, սիրելու մասին չեմ էլ ասում:
-Երկրից հեռանալու մտքեր Ձեզ չե՞ն այցելում:
-Եթե լավ առաջարկ ու աշխատանք լինի, ոչ մեկն էլ չի հրաժարվի: Դրա մեջ վատ բան չեմ տեսնում, ուղղակի մենք շատ ցավագին ենք ընդունում:
Ավելի լավ կլիներ՝ այնպիսի մի կյանք ապահովեին, որ ծնելիությունը շատանար: Գնալը մեզ համար խնդիր է` համեմատ նրան, թե մենք ինչ աճ ունենք: Գնացողներն էլ էսպես թե էնպես ինչ-որ օգուտ տալիս են իրենց ընտանիքներին: Երեւի ընտրությունների հետ կգա մի ուրիշ իշխանություն, որ դեղատոմսը գիտի, բայց ես ինչքան հասկանում եմ, ամբողջ մոլորակն է խառնվել իրար:
-Ութ թեկնածուներից ո՞ւմ հետ եք նման հույսեր կապում:
-Մենք պետք է համեմատություններ չանցկացնենք: Ո՞ր երկրի նախագահի հետ ենք ուզում համեմատել մերին` Ռուսաստանի՞, ԱՄՆ-ի՞, թե՞ Շվեյցարիայի: Այն, ինչ ունենք, ունենք, այդ ութն էլ մերն են: Նրանք համապատասխանում են ե՛ւ մեր մտածողությանը, ե՛ւ մեր կարգավիճակին, մենք էլ համապատասխանում ենք այս իշխանություններին: Եթե դու ուզում ես ինչ-որ լավ բան, դու անպայման այդ լավ բանը կունենաս: Ուրեմն, մենք ընդամենը խոսքի մեջ ենք ասում, որ ուզում ենք, դրա համար էլ շատ բան այնպես չէ, ինչպես մենք երազում ենք: Մեր մտքերը շատ պղտոր են, եւ հենց այդ մտքերն էլ մեզ դրդում են պղտոր գործողությունների:
-Ի՞նչ անենք, չնկատե՞նք այդ վատը, թե՞ վատի մեջ լավը տեսնենք:
-Ամեն ինչ էլ իր տեղում պետք է լինի, մարդուն տրված է հատկությունը, որ քննադատի եւ հանգիստ ընդունի քննադատությունը, իսկ դա մեզ մոտ չկա: Քննադատել սիրում են բոլորը, քննադատությունն ընդունել` ոչ ոք: Այսինքն՝ բոլորը ճիշտ են, այստեղ է մեր սխալը:
-Գո՞հ եք այսօրվա Ձեր սոցիալական կարգավիճակից:
-Ես կուզենայի, որ իմ սոցիալական կարգավիճակը լիներ Շվեյցարիայի քաղաքացու նման շատ բարձր, բայց այսօր ես Հայաստանում եմ ապրում, ու սա է: Իհարկե, ես կցանկանայի, որ իմ կենցաղն էլ ավելի ապահովված լիներ, իմ երեխաների ու թոռների ապագան` նույնպես: Բայց եկե՛ք չմոռանանք, որ մենք Հայաստան ենք, մենք անընդհատ մեզ ուզում ենք համեմատել բարեկեցիկ, կայացած երկրների հետ: Վերջում կհավելեմ` ես շատ կուզենայի, որ բոլորն էլ, ովքեր իրենց թեկնածությունը դրել են, ճռճռան խոսքեր են ասում ու խոստանում, թե երբ իրենք գան, ամեն ինչ լավ կլինի,  հիշեն, որ Աստված իրենց սիրտն է կարդում: Ու եթե նրանց սրտի մեջ չկա այն ամենը, ինչ ասում են, նշանակում է՝ նրանք ամենամեծ հանցանքն են գործում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս