«ԲԱՐՁՐԱՑԱՎ ԲԵՄ ԵՎ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ Է ԻՆՁ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«X-Factor» նախագծից հայտնի դարձած երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով տարբերվող է ոչ միայն երգչուհու, այլեւ աղջկա իր տեսակով, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ երբեմն իրեն օտարված է զգում, բայց, միեւնույն ժամանակ, գնահատում է մյուսներից տարբերվելու իր արժանիքը: Նա պատմել է նաեւ ստեղծագործական ծրագրերի մասին, անդրադարձել այլ հետաքրքիր թեմաների:

-Սրբուհի՛, «X-Factor» նախագծին մասնակցելուց եւ դրա շրջանակում հաջողություն գրանցելուց հետո լայն լսարանին ներկայանալու հնարավորություններ եղե՞լ են, թե՞ սահմանափակվել եք ակումբային կյանքով:
-Երաժշտական մրցույթների շատերն են մասնակցում, իսկ թե ինչ կլինի հետագայում, կախված է տվյալ մարդուց: Ինքներդ տեսնում եք, որ շատերն այսօր մասնակցում են նման նախագծերի, բայց հետագայում չեն շարունակում իրենց գործունեությունը: Ես, այո՛, երգում եմ ակումբում, բայց կուզենայի, որ ակումբային երգիչներից ոմանց անունները լայն մասսաներին հասանելի լիներ: Նրանք շոու-բիզնեսի աստղերից շատերից լավ կատարողական արվեստ ունեն, սակայն քիչ են երեւում հեռուստատեսությամբ: Իմ ցանկությունն այն է, որ օրերից մի օր կարողանանք էկրաններ դուրս գալ, իսկ դրա համար պետք է մեր հեռուստաընկերությունները շահագրգռված լինեն:
-Երգարվեստին առնչվող Ձեր նպատակները որքա՞ն հեռու են գնում:
-Եթե խոսքը ռեալ նպատակների մասին է, ապա որ այս տարվա մեջ ունենամ թեկուզ մեկ նոր տեսահոլովակ, գոհ կլինեմ: Իսկ, առհասարակ, այն, ինչ անում ենք արտիստներս մեր ուժերով, առանց պրոդյուսերների, հատուկ կազմակերպությունների աջակցության, դա արդեն իսկ հաղթանակ է: Իմ հեռահար նպատակներից մեկն այն է, որ ունենամ երգեր, որոնք կհասնեն մարդկանց սրտերին: Հետո դահլիճներ էլ կլցվեն, դրանից այլ հաջողություններ էլ կբխեն:
-Որքանով նկատել եք` այսօր հասարակության ո՞ր շերտն է գալիս ակումբ, այցելուներն ի՞նչ հետաքրքրություններ եւ հնարավորություններ ունեն:
-Իրականում մեր հասարակությունը շատ լավն է, ճաշակով, սիրում է որակյալ երգեր լսել` նորովի մատուցմամբ, պարզապես ժամանակ է պետք, որ այդ երգը հասանելի լինի բոլորին: Իսկ ակումբներ այցելում են մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ դրա դիմաց գումար ծախսել: Խնդիրն այն է, որ երբեմն այդ հնարավորությունն ու ճաշակի զգացումն անհամատեղելի են: Օրինակ` մարզերում շատ կան երիտասարդներ, որոնք պարզապես զրկված են նման երաժշտությունից, քանի որ իրենց միակ աղբյուրը հեռուստատեսությունն է, որը բոլորովին այլ որակի արտադրանք է մատուցում:
-Ի՞նչ եք կարծում` երիտասարդ սերնդի երգիչները նոր, կրեատիվ մտքեր ունե՞ն: Մտածու՞մ են, որ կարելի է ստեղծել, մատուցել մի բան, որն անգամ դրսում տարածում չունի:
-Մեր երգիչները շատ միանման են. եթե մեկի մոտ մի բան ստացվում է, մյուսներն էլ պետք է դրանից փորձեն: Չեն էլ մտածում օրիգինալ լինելու մասին, չեն մտածում` այնպես աշխատեն, որ մի բան էլ դրսի արտիստներն իրենցից օրինակ վերցնեն: Մերոնց պակասում է նաեւ ինքնավստահությունը: Միեւնույն ժամանակ, մենք ունենք երիտասարդ կատարողներ, որոնք կարող են բարձունքների հասնել:
-Դեռեւս Ձեր մասնակցությամբ «X-Factor»-ի ժամանակ նշում էիք, որ Ձեր եւ ժյուրիի անդամներից Գարիկ Պապոյանի միջեւ համագործակցությունը, ամենայն հավանականությամբ, շարունակական կլինի: Նա նախագծի շրջանակում հասցրեց մեկ երգ գրել Ձեզ համար, որն արագ դարձավ հիթ, իսկ դրանից հետո Ձեր կապը պահպանվե՞ց:
-Եթե լինում են նոր գաղափարներ, միասին իրականացնում ենք, այս պահին նման բան դեռ չկա: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ Գարիկն ինձ համար նոր երգ գրեց, որը դարձավ ռուսական ֆիլմի սաունդթրեք: Շատ ուրախացանք, որ այն հաջողություն ունեցավ:
-Սրբուհի՛, տարբերվող է ոչ միայն երգչուհու, այլեւ աղջկա Ձեր տեսակը: Երբեմն Ձեզ օտարված չե՞ք զգում:
-Երբեմն` այո, բայց երբեմն էլ գնահատում եմ այն հանգամանքը, որ տարբերվող եմ եւ ուրիշ կերպ եմ մտածում. դա ինձ ոգեւորում է: Երբ այլ կերպ ես մտածում, արվեստում եւ կյանքում առաջ գնալու շանսերդ մեծ են:
-Պատահե՞լ է, որ ինչ-որ մեկը սիրահարվի Ձեր երգին, ասենք` ինչ-որ տղա:
-Եղել է (ծիծաղում է): Մի օր համերգներից մեկի ժամանակ մի տղա ծաղիկներով մոտեցավ, սիրահարված աչքերով նայեց ինձ, բարձրացավ բեմ եւ խոստովանեց, որ սիրահարված է ինձ, սկսեց խոսել այնպիսի մեծ էներգիայով եւ այնքան անկեղծ… Շատ գնահատեցի իր արարքը: Իհարկե, երբ հետագայում կրկին մոտեցավ, այնպես արեցի, որ չնեղանա, բայց սպասելիքներ չունենա: Լավ էր, որ վերջում կարողացա դուրս գալ այդ իրավիճակից…

 

 

 

 

 
ՊԱՏԱՍԽԱՆ «EMPYRAY»-Ի ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

«Ժողովուրդ»-ը շարունակում է, ընդառաջ գնալով երկրպագուների խնդրանքներին, հետեւելով նրանց սոցցանցային քննարկումներին եւ մեզ ուղարկած նամակներին` իրենց հետաքրքրող եւ հուզող հարցերն ուղղել այս կամ այն հանրային անձի: Այս անգամ խոսքը ոչ թե մեկ անձի, այլ խմբի` «Empyray»-ի մասին է:

Անդրադառնալով խմբի ստեղծագործական կյանքին առնչվող նորություններին` երաժիշտ, «Empyray» ռոք խմբի ստեղնահար Գիսանե Պալյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են «Եթե անգամ ուշանամ» երգի հիման վրա նոր տեսահոլովակ նկարահանել եւ աշնանն այն ներկայացնել հանդիսատեսին: Բացի դրանից` խումբը պատրաստվում է համերգային ծրագրով հանդես գալ Հայաստանում եւ արտերկրում. մանրամասներ, սակայն, Գիսանեն դեռեւս չհայտնեց: Նրա խոսքով` իրենք նաեւ նախագծել են մի պլան, ըստ որի՝ հին հայկական մոռացված երգերը, օրինակ` «Արի, իմ սոխակ»-ը, մտադիր են մշակել եւ նորովի մատուցել ունկնդրին:
Երկրպագուներին հուզող այն հարցին, թե խմբի նախկին մենակատար Սարգիս Մանուկյանի հեռանալուց հետո արդյոք «Empyray»-ի ներսում կոլապս տեղի չունեցավ, եւ արդյոք կենսափորձ չունեցող, երիտասարդ երգիչ Սուրեն Պողոսովը կարողանում է փոխարինել Սարգիսին, Գիսանե Պալյանը պատասխանեց` քանի որ «Empyray»-ը մի ամբողջ ստեղծագործական խումբ է, մեկ հոգու հեռանալը չի կարող կործանել խումբը կամ, հակառակը, չազդել խմբի գործունեության վրա: «Սարգիսի դերը խմբում շատ մեծ էր, նրա հեռանալուց հետո մի պահ նույնիսկ շոկային վիճակ էր, բայց մենք` երաժիշտներս, վստահ էինք, որ խումբը պետք է շարունակի գործել նոր ձեռագրով: Ուստի փորձեցինք գտնել ոչ թե Սարգիսի տվյալներով մեկին, այլ իրենից տարբերվող երգչի: Սուրենն ունի ժամանակակից մոտեցումներ, նա լավ է զգում իր ժամանակը: Ինչ վերաբերում է կենսափորձին, ապա ոչ ոք չգիտի` Սարգիս Մանուկյանը 20 տարեկանում ինչպես էր երգում: Պարզ է, որ երգիչը տարիների ընթացքում է կենսափորձ ձեռք բերում, զարգանում: Ի դեպ, Սուրենը երաժիշտ չէ, չնայած որ շատ լավ կիթառահար է. նա մասնագիտությամբ փիլիսոփա է, խորը անձնավորություն. այդ հանգամանքն օգնում է լավ աշխատել»:
Երկրպագուներին հետաքրքրում է մեկ այլ հարց եւս` ինչո՞ւ Սուրեն Պողոսովը շատ չի երեւում հանրային վայրերում, չի մասնակցում միջոցառումների. նրան` որպես անհատականության, ժողովուրդը դեռ չի ճանաչում. «Ով մասնակցել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերին, պարտադիր կհիշի Սուրենին. այնտեղ ժողովուրդը տեսավ նրան, ճանաչեց եւ սիրեց: Նա իր երգերով ոգեւորում էր երիտասարդներին, օր ու գիշեր նրանց հետ էր, այնպես որ, ես չեմ կարող համաձայնել, թե Սուրենը պասիվ հասարակական կյանքով է ապրում»,-եզրափակեց Գ.Պալյանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

«1915» ՖԻԼՄԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Սեպտեմբերի 1¬ից Թուրքիայում մեկնարկող ամենամյա «Վանա լիճ» միջազգային կինոփառատոնի ժամանակ կցուցադրվի Հայոց ցեղասպանության 100¬րդ տարելիցին նվիրված «1915» ֆիլմը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»¬ը` վկայակոչելով «Asbarez»-ին, այս տարի կինոփառատոնը կկրի «Մշակութային ժառանգություն» խորագիրը:
Սա առաջին անգամ է, երբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը կցուցադրվի Թուրքիայում: 2006թ. թուրքական հեռուստաընկերությունը հրաժարվել էր ցուցադրել Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը: Հետագայում այն ցուցադրվեց, սակայն խմբագրված տարբերակով. կոտորածի ու գաղթի բազմաթիվ տեսարաններ հանվեցին:
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 24¬ին, ԱՄՆ¬ում:
Հոգեբանական թրիլլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը եւ Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք երգիչ, երգահան «System of a Down» ալտերնատիվ մետալ¬ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը (կերպարը՝ Սիմոն), Սեմ Փեյջը (Ջեյմս) եւ Անժելա Սարաֆյանը (Անժելա):

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ
Հոլիվուդյան ամենագեղեցիկ ու հայտնի զույգերից մեկը՝ դերասաններ Մեգան Ֆոքսն ու Բրայան Օսթին Գրինը, ամուսնալուծվում են։ Նման լուրեր են տարածել արեւմտյան լրատվամիջոցները: Ըստ նույն աղբյուրների՝ այս զույգը դեռեւս կես տարի առաջ է նման որոշում կայացրել։ Նրանք համատեղ կյանքով ապրում են արդեն 11 տարի։ Աստղային զույգն ունի երկու որդի՝ 2-ամյա Նոյը եւ 1,5 տարեկան Բոդին։
Չնայած այս լուրերին՝ նույն լրատվամիջոցները նաեւ գրում են, որ հոլիվուդյան նշված զույգին վերջին ժամանակահատվածում միասին տեսել են հանգստանալիս։

 

ՄԱՀԱՑԵԼ Է ԴՈՒՐՈՎԸ
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում լույս օգոստոսի 20-ին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան, ռեժիսոր Լեւ Դուրովը։ Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։
Այս օգոստոսի սկզբին դերասանը սրտի շտապ վիրահատություն էր տարել։ Իսկ ավելի ուշ բժիշկները 83-ամյա դերասանի մոտ ծանր թոքաբորբ էին ախտորոշել։
Դերասանի դուստրը՝ Եկատերինա Դուրովան, հայտնել է, որ մահվանից մեկ օր առաջ եւս դերասանը վիրահատության է ենթարկվել։ Դուրովը խաղացել է շուրջ 200 ֆիլմերում։




Լրահոս