«Underground»-ի աստղերն ընդդեմ եթերային թիթեռնիկների (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ եթերից երևացող վառվռուն աստղերի մեծամասնությունն իր մատուցած երաժշտությամբ, արտիստիզմի մակարդակով առանձնապես չի փայլում, եւ ոմանք թիթեռնիկի կյանքից էլ կարճ ժամանակ ունեն եթերում, դրանում ամենքս էլ անընդմեջ համոզվում ենք, բայց որ «underground»-ում կարելի է հանդիպել շշմելու արվեստագետների, այդ մասին քչերն են տեղյակ:

srbuhi

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, օրինակ, արդեն երկու տարի է՝ հանդես է գալիս ակումբային համերգներով: Նրա խոսքով՝ ակումբի երգիչը սխալվելու իրավունք չունի, քանի որ անմիջական շփման մեջ է հանդիսատեսի հետ: Սրբուհին այն կարծիքին է, որ եթերում երեւում են մարդիկ, ովքեր ունեն գումարներ եւ լավ ծանոթություններ. «Այնուամենայնիվ, ակումբային երգիչներն էլ, թեկուզ դժվարությամբ, բայց կարող են իրենց համար ուղի հարթել, պահանջարկ վայելել»,-նկատեց նա՝ հավելելով, որ «տաշած քարը գետնին չի մնա, եւ ակումբի երգիչը ժամանակի ընթացքում կգտնի իր տեղը:

marta

Իսկ Մարտա Կիրակոսյանը, օրինակ, հանդես է գալիս ջազ, ֆանկ, սոուլ ոճերում, կատարում է իր ճաշակի երգեր եւ դրանից հաճույք է ստանում. «Արվեստագետ-երգիչը պետք է որ առաջին հերթին սիրի կենդանի երգեցողությունը, ինձ համար միշտ խորթ են եղել եթերի անիմաստ հաղորդումները, անիմաստ երգերն ու համերգները: Այս ոլորտում գործելով՝ ես երբեք ոչ մի մտավախություն չեմ ունեցել, եթե շոու-բիզնեսում երգեի այն, ինչ երգում եմ հիմա՝ լինելով միշտ առաջինը, մյուսները մտահոգվելու առիթ շատ կունենային»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նա:

narine

Մեկ այլ երգչուհի՝ Նարինե Դովլաթյանը, կոտրում է այն կարծրատիպը, որ ակումբային երգիչը չի կարող լավ վաստակել: Միեւնույն ժամանակ նա նկատում է, որ եթերում երեւացողներն իրենց նկատմամբ մի առավելություն ունեն. «Մենք զրկված ենք ճանաչվածությունից, ինձ շատ են կանչում զանազան հաղորդումների, բայց ես ներկայանում եմ միայն այն ժամանակ, երբ կոնկրետ ասելիք ունեմ»,-ընդգծեց երգչուհին:

Ամեն դեպքում, նրանք բոլորն էլ այն կարծիքին են, որ, թեեւ եթերում իրենց ներկայացրած երաժշտության քարոզչությունը շատ թույլ է տարվում, կգա մի ժամանակ, որ հանդիսատեսն էլ հոգնելով եթերով մատուցված երաժշտությունից՝ կգնահատի «underground»-ում ներկայացվող արվեստը:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարները՝ Bravo.am




Լրահոս