Հրապարակ.Գագիկ Ջհանգիրյանը կողմ է քվեարկել խայտառակ օրինագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե փետրվարի 1-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում մի խայտառակ օրինագծի հաստատմանն աջակցել է նաեւ ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որը կողմ է քվեարկել այդ օրինագծին:
Խոսքը  “Դատախազության մասին” օրենքում փոփոխություն կատարելու մասինե է, որով նախատեսվում է այդ համակարգում համազգեստ կրելը պարտադիր դարձնել, եւ բյուջեն ստիպված կլինի մի քանի 100 հազար դոլարի հատկացում անել: Այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձը բարձրացնում են 2.5 հազար դրամով: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած նախագիծը պետաիրավականի նիստում ընդամենը մեկ “դեմ” է ունեցել՝ ԲՀԿ-ական  Տիգրան Ուրիխանյանը, ինչը թերեւս կարելի է բացատրել ԲՀԿ-ի՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ ոչ բարիդրացիական վերաբերմունքով:
Ընդդիմադիրներից նիստին չեն մասնակցել Զարուհի Փոստանջյանը եւ Արծվիկ Մինասյանը, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ ՀՀԿ-ականներ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Հովհաննես Սահակյանն ու Լեւոն Մարտիրոսյանը կողմ են քվեարկել, եւ հարցը մտել է օրակարգ:
“Այո, դուք ճիշտ եք, միայն ես եմ դեմ քվեարկել”,- մեզ հետ զրույցում հաստատեց Տիգրան Ուրիխանյանը: “Ես հարցրել եմ՝ արդյո՞ք սոցիալական նման ծանր իրավիճակում, սոված ընտանիքների գոյության պարագայում նման միջոցների վատնումն արդարացված եք համարում”: Իսկ նախարարը, ըստ Ուրիխանյանի, պատասխանել է. “Իհարկե արդարացնում եմ, որովհետեւ դրանից դատախազներն ավելի զգոն ու զգաստ կլինեն, ավելի պատկառելի տեսք կունենան”:




Լրահոս