Երեկ խորհրդարանական ուժերը՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, հանդիպում ունեցան Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելով Սահմանադրության նոր նախագծի բովանդակությունը: Արդեն հայտնի է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հրաժարվել է հանդիպում ունենալ Սերժ Սարգսյանի հետ, իսկ ինչ վերաբերում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը, ապա կուսակցությունը Ս. Սարգսյանի հետ հանդիպման հրավեր չէր էլ ստացել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այսօր էլ Սերժ Սարգսյանը պլանավորել է հանդիպում ունենալ ոչ խորհրդարանական ուժերի հետ՝ մասնավորապես ՀՀՇ-ի, որի ղեկավարը Արարատ Զուրաբյանն է: Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի ղեկավարը ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է, երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ հայտարարելով, թե իրենք դեմ են Սահմանադրության փոփոխությանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխությունների այն նախագիծը, որն այսօր դրված է քննարկման, ամենևին չի բխում ՀՀ քաղաքացիների կյանքի բարելավման և ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարության ապահովման ու զարգացման, իշխանությունների տարանջատման, քաղաքացու իրավունքների պաշտպանության, քաղաքական և տնտեսական ազատ մրցակցության ապահովման սկզբունքների իրացման մեկնակետից: