Երեկ Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ հերթական ֆոտոսեսիան, որ մասին «Ժողովուրդ»-ը գրել էր դեռեւս օգոստոսի 12-ին: Այս անգամ Ս. Սարգսյանի հետ հանդիպեցին ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ և ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչները:
Երեկ Սերժ Սարգսյանն առաջինը հանդիպեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ: ԲՀԿ-ն Սարգսյանի հետ գնացել էր «շատով»: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Աբրահամ Մանուկյանը, Վահան Բաբայանն ու Վարդան Վարդանյանը, հերթով մոտենալով Սերժ Սարգսյանին, «ձեռքով» բարեւել են, լուսանկարվել, որից հետո սեղանի շուրջ զրուցել Սահմանադրության նոր նախագծի մասին: ԲՀԿ-ն Ծառուկյանի կապիտուլացիայից հետո այլեւս Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը ճիշտ է համարում, ուստի Սահմանադրությունն էլ է իրենց սրտով այլեւս:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, ու, որքան էլ տարօրինակ է, ՀՅԴ-ական Արսեն Համբարձումյանը նույն «ձեւաչափով» հանդիպում են ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել խորհրդարանում շարունակել ակտիվ եւ համակողմանի քննարկումները մասնագիտական հանձնաժողովի մշակած Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ, որում, ըստ նրանց, տեղ են գտել երկրի զարգացումն ապահովող, իրենց համար կարեւոր հիմնական շեշտադրումներն ու ՀՅԴ մոտեցումները: Նկատենք, որ ՀՅԴ-ի սահմանադրագետ Արծվիկ Մինասյանը չկար:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Մհեր Շահգելդյանը, խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը, Իշխան Խաչատրյանն ու Արմեն Հարությունյանը, որը ՕԵԿ խմբակցությունից չէ, հանդիպում են ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Ու ինչպես բոլոր խմբակցության անդամները, նրանք եւս սեղմել են Սարգսյանի ձեռքն ու նույն հարցի շուրջ զրուցել: Նկատենք, որ ՕԵԿ-ը մինչ երեկ կոկորդ էր պատռում, թե դեմ է նախագծին, բայց Սարգսյանի հետ լայն ու գոհ ժպտում էին:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ ԱԺ խմբակցություններ «գործուղել» սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին, որը պետք է լսի խմբակցությունների առաջարկություններն ու այն ընդգրկի Սահմանադրության նոր նախագծում: Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկա օրերին Վարդան Պողոսյանը հանդիպում է ունենալու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, որից հետո մյուս խմբակցությունների հետ: Նշվում է, որ Վ. Պողոսյանի հանդիպումները լինելու են արդեն հաջորդ շաբաթ, որին կհետեւեն խորհրդարանական լսումները:
Իշխանությունները նպատակ ունեն արդեն մյուս շաբաթ ամբողջական ամփոփել նոր Սահմանադրության հետ կապված «հարցերը», որից հետո ԱԺ առաջին քառօրյայում կլինի նոր Սահմանադրության քննարկումն ու քվեարկությունը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ