Armenian text to speach

Եթե նոր սահմանադրության նախագիծն «անցկացնեն», երկու սահմանադրություն կունենանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եթե Հայաստանի իշխանություններին հաջողվի նոր Սահմանադրության նախագիծն «անցկացնել» եւ դրան իրավական ուժ տալ, ապա այդ պահից մինչեւ 2018 թվականը Հայաստանի Հանրապետությունը կունենա երկու՝ զուգահեռ գործող մայր օրենքներ: Ինչպես հայտնի է՝ անցած շաբաթվա վերջին ՀՀ իշխանությունները հրապարակեցին նոր Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը, որը նույն օրն իսկ` օգոստոսի 21-ին, Սերժ Սարգսյանն ուղարկեց ՀՀ ԱԺ:

Այսպես, ըստ նախագծի՝ անցումային դրույթների մեջ մտնող 208 հոդվածի՝ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո նոր Սահմանադրության դրույթներից անմիջապես ուժի մեջ կմտնեն 1-3-րդ գլուխները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, 9-րդն ու 10-րդը, այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող գլուխները: Իսկ Հայաստանի կառավարման համակարգն ամբողջությամբ վերաձեւող դրույթները որոշակի հերթականությամբ են ուժի մեջ մտնելու: Մասնավորապես, նոր Սահմանադրության նախագծի 4-րդ գլուխը, որը վերաբերում է Ազգային ժողովին, գործելու է հաջորդ գումարման խորհրդարանի լիազորությունները ստանձնելու պահից: Իսկ մինչ այդ գործելու է գործող Սահմանադրության 4-րդ գլուխը, որով սահմանվում են ներկայիս խորհրդարանի լիազորությունները եւ գործունեության սկզբունքները: Տվյալ դեպքում առաջիկա խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2017 թվականի գարնանը` ապրիլի վերջին:

Այսինքն՝ լավագույն դեպքում նոր խորհրդարանը կձեւավորվի 2017-ի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Մի խոսքով, եթե «նոր Սահմանադրություն» օպերացիան ՀՀ իշխանություններն այս աշնանն իրենց համար դրական ելքով ավարտեն, ապա տարվա վերջից Հայաստանի իրավական համակարգի հիմքում դրված կլինեն երկու Սահմանադրություններ:

Ի դեպ, գործող Սահմանադրության հանրապետության նախագահին վերաբերող դրույթները եւս շարունակելու են գործել, բայց ի տարբերություն խորհրդարանին վերաբերող դրույթների, որոնք կգործեն մինչեւ 2017-ի մայիս, նախատեսվում է, որ նախագահին վերաբերող հատվածը ուժի մեջ կմնա մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը: Ենթադրվում է, որ այդ օրը նոր միայն կավարտվի Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, եւ կսկսվի նոր Սահմանադրությամբ նախատեսված նախագահի լիազորությունները, որը, ինչպես հայտնի է, չնչին լիազորություններ է ունենալու ու կառավարման համակարգում լինելու է «անգլիական թագուհու» կարգավիճակում: Այսինքն՝ անունը նախագահ է լինելու, բայց իշխանական համակարգում իրենից ոչինչ չի ներկայացնելու:

Նշենք, որ «Ընտրիչների ժողովը», որին, ինչպես հայտնի է, վերապահված է նոր նախագահ ընտրելու լիազորությունը, պետք է գումարվի Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն եւ ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում: Այսինքն, եթե հաշվի առնենք, այն փաստը, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2013-ի ապրիլի 9-ին, ապա ստացվում է, որ նոր Սահմանադրության նախագծին իրավական ուժ տալու դեպքում «Ընտրիչների ժողովը» պետք է գումարվի 2018 թվականի մարտի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում:

Մեկ ուշագրավ փաստ եւս. նոր Սահմանադրության նախագծի 209-րդ հոդվածը նախատեսում է, թե ինչ ժամկետներում պետք է օրենսդրությունը համապատասխանեցվի նոր մայր օրենքին: Այս հոդվածի դրույթների բովանդակությունը հաշվի առնելով՝ կարելի է կարծել, որ Հայաստանի խորհրդարանը ոչ թե քաղաքական, բանավեճերի հիման վրա գործող մարմինն է, այլ հրամայականի սկզբունքով գործող գործադիր մարմին: Բանն այն է, որ մի շարք օրենքների ընդունման համար կոնկրետ ժամկետ` ամսաթիվ է նախատեսված:

Այսպես՝ ըստ նախագծի՝ նոր ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը եւ ուժի մեջ մտնի 2016 թ. հունիսի 1-ից, ԱԺ կանոնակարգը, կուսակցությունների մասին եւ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքները պետք է համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը եւ ուժի մեջ պետք է մտնեն մինչեւ հաջորդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի բացման օրը եւ այսպես շարունակ: Այսինքն՝ նոր Սահմանադրության նախագծի հեղինակները ի սկզբանե բացառում են, որ խորհրդարանում կարող են տարաձայնություններ լինել, եւ որեւէ օրենքի քննարկում կարող է տապալվել: Նոր Սահմանադրության նախագծի ներքին տրամաբանությամբ գործող խորհրդարանն ընդամենը դակող մարմին է:

Իհարկե, այդպես էլ կա, բայց մի բան է, երբ ընդդիմադիր գործիչները կամ լրագրողներն են այդ մասին բարձրաձայում, մեկ այլ իրավիճակ է, երբ կարեւորագույն փաստաթղթով գործող խորհրդարանին ընդամենը դակողի գործառույթ է վերապահվում: Համաձայնեք՝ սիրուն չէ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս