Անհերքելի փաստ է, որ Հայաստանում արտագաղթի ցուցանիշները գնալով մեծանում են, ինչն ավելի ցայտուն է զգացվում սահմանամերձ գյուղերում: Մարդիկ նախկինի պես ոչ թե արտագնա աշխատանքի են գնում` գոյատեւելու համար, այլ ողջ ընտանիքով են տեղափոխվում արտերկիր անվերադարձ:
Իմանալու համար՝ ինչպես է ազդել արտագաղթը աշակերտների թվի վրա, եւ ինչպիսի ուսումնական տարի է սպասվում, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Տավուշի մարզի Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանի հետ:
-Պարո՛ն Չիլինգարյան, գյուղում ինչպե՞ս են պատրաստվում սեպտեմբերի 1-ին:
-Ինչպես միշտ: Գնում ենք դպրոց: Դպրոց գնացողներին նվերներ ենք տալիս: Մասնակցում ենք առաջին զանգի միջոցառմանը:
-Դպրոցում քանի՞ աշակերտ կա:
-Դպրոցում ընդհանուր 71 աշակերտ կա: Առաջին դասարան այս տարի 3 հոգի է գնում:
-Իսկ ինչպե՞ս են ապրում գյուղի բնակիչները:
-Ինչպես բոլորը: Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Մի քանի հոգի պետական աշխատողներ են: 4 հոգի պայմանագրային զինծառայողներ են: Զգալի մասն էլ կենսաթոշակներով է ապրում:
-Սահմանադրական բարեփոխումների մասին գյուղացիները ի՞նչ կարծիք ունեն: Կո՞ղմ են, թե՞ դեմ:
-Ընդհանրապես գյուղում այդ մասին քիչ են քննարկում: Ժողովուրդը հիմնականում տեղյակ չէ: Մի քիչ անտարբերությամբ են վերաբերվում: Մարդիկ մտածում են իրենց հանապազօրյա հացի խնդիրները լուծելու մասին: Այնքան էլ հավատ չունեն, որ Սահմանադրությունը փոխելով՝ կարող է՝ ապրուստը լավանա: Սահմանամերձ գյուղի բնակիչները հիմնականում մտածում են խաղաղության մասին:
-Իսկ Դուք ի՞նչ եք մտածում սահմանադրական բարեփոխումների մասին: Ուսումնասիրե՞լ եք այն:
-Ես մի կողմից խորհրդարանական կառավարման կողմնակից եմ: Բայց շատ բաներ կան այդ վերապահումներով, որ անհասկանալի են: Օրինակ՝ երկրորդ փուլը, 28 մանդատ ունենալը: Բայց ընդհանուր առմամբ, դեմ չեմ, բայց կողմ էլ չեմ: Պետք է տեսքի բերվի, վերամշակվի, լավ քննարկում գնա:
Արփինե Թովմասյան