Կարեն Ավագյանի ղեկավարած հիմնադրամը զբաղվում է միայն «Բազե» կազմակերպելով. որքան գումար է ծախսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ» անվանումը Հայաստանի հանրությանը առավել հայտնի է իշխանական լրահոսից: Այս հիմնադրամի առավել հայտնի գործառույթներից մեկն իշխանական ջահելների՝ «Բազե» ճամբարը կազմակերպելն է:

Իշխանական «բազեների» այս տարվա հավաքը կազմակերպվել էր օգոստոսի երկրորդ տասնօրյակում: Արդեն մեկ տասնամյակից ավել կազմակերպվող այս հավաքների հիմնական նպատակն այն է, որ իշխանական ջահելները մի փոքր հանգստանան, իսկ այդ ընթացքում էլ մի հատ ՀՀ վարչապետը այցելի եւ իր «բազեների» հետ լուսանկարվի: Այս տարի դա տեղի ունեցավ օգոստոսի 17-ին: Հավաքը սովորաբար եզրափակվում է «շեֆի» այցելությամբ: 2001-ից մինչեւ 2007 թվականները իշխանական ջահելների «շեֆը», բնականաբար, Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ 2008-ից ի վեր Սերժ Սարգսյանն է: Այս տարի նա «բազեներին» այցելության գնաց օգոստոսի 22-ին:

«Ժողովուրդ»-ը «Հայաստանի երիտասարդական հիմնադրամից» փորձեց պարզել, թե այս տարվա «Բազեի» կազմակերպման համար պետբյուջեից որքան գումար է հատկացվել: Նշված հիմնադրամից մեր հարցմանը պատասխանեցին. ««Բազե» ծրագրին 2010 թվականից ի վեր ՀՀ պետական բյուջեից որեւէ գումար չի հատկացվել»: Մի պահ ընդունենք, թե հիմնադրամից տրված պատասխանի հեղինակները չեն ստում եւ ճիշտ են ասում, որ իրենք պետբյուջեից հատկացված գումարներով չեն ֆինանսավորվում: Ուստի բնական հարց է ծագում՝ այդ դեպքում ով և որքան գումար է հատկացրել հիմնադրամին, որի հաշվին էլ հնարավոր է եղել երիտասարդ «բազեների» հավաքը կազմակերպել: Սակայն մեր երկրորդ հարցմանը ևս ՀԵՀ-ից կոնկրետ պատասխան չտվեցին:

«Ժողովուրդ»-ին տրված պատասխանում ասվում է. ««Բազե» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցներով, որոնք գոյանում են «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված աղբյուրներից: Հիմնադրամների գործունեության հրապարակայնությունը նույնպես սահմանվում է համապատասխան օրենքով: Օրենքի շրջանակներում պահանջվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ ֆինանսական, վիճակագրական, ծրագրային եւ այլն, ըստ սահմանված կարգի՝ հաստատվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից եւ ներկայացվում պետական կառավարման մարմիններին, ինչն էլ զետեղվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: «Բազե-2015»-ի ֆինանսական հաշվետվությունը դեռեւս ամփոփված չէ: Պայմանագրային ծառայություններն ընթացքի մեջ են»:

Մի խոսքով, ՀԵՀ-ում ամեն կերպ խուսափում են ասել, թե այս տարվա իրենց ամառային քեֆ-ուրախությունների վրա որքան գումար են ծախսել եւ մեզ մատնացույց են անում իրենց տարեկան հաշվետվությունները: Բայց ողջ խնդիրն այն է, որ այս հիմնադրամը թքած ունի ՀՀ օրենսդրության պահանջների վրա, եւ նրա տարեկան հաշվետվություններում եւս օրենքով նախատեսված տվյալները բացակայում են: Այսպես՝ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հովածի երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ հիմնադրամները պարտավոր են ամեն տարի հրապարակել իրենց գործունեության մասին հաշվետվություն: «Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի եւ հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում»,- սահմանում է «Հիմնադրամների մասին» օրենքը:

ՀԵՀ-ի 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունում, սակայն, վերը թվարկված տվյալները բացակայում են: Օրինակ՝ նշված է, որ անցած տարի հիմնադրամին հատկացվել է 691 միլիոն 383 հազար դրամ: Իսկ ի՞նչ աղբյուրներից եւ յուրաքանչյուրից որքա՞ն, տվյալը բացակայում է: Նշված է միայն, որ գումարները գոյացել են 105 իրավաբանական անձանցից ստացված միջոցների հաշվին: Ի դեպ, նախարարությունները եւ մնացած բոլոր պետական գերատեսչություններն ու ՊՈԱԿ-ները եւս իրավաբանական անձինք են: Աշխատակազմի վերաբերյալ տվյալները եւս բացակայում են: Օրենքը պահանջում է հրապարակել նրանց անունները եւ հիմնադրամից ստացած եկամուտների չափը:

ՀԵՀ-ի հաշվետվությունում նշված է միայն աշխատակազմի թիվը` 117 հոգի, որոնք ընդհանուր ստացել են 134 միլիոն 932 հազար դրամի աշխատավարձ:

Ի դեպ, հիմնադրամի տնօրենն է Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, որի տարեկան աշխատավարձը կազմում է 6 մլն 180 հազար դրամ: Այսինքն՝ նա ամսական ստանում է 515 հազար դրամ աշխատավարձ: Ասել է թե՝ ՀԵՀ-ի տնօրենը գրեթե ՀՀ ԱԺ պատգամավորի չափ աշխատավարձ է ստանում: ՀԵՀ-ը օրենքի պահանջներից կատարել է միայն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հրապարակելով: Ինչպես հայտնի է, այդ խորհուրդը գլխավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մի քանի նախարարներ եւ փոխնախարարներ, իսկ հոգաբարձուների խորհրդի համակարգողն էլ, ինչպես հայտնի է, 41 տարեկան երիտասրադ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանն է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս