Մի չստացված սիրո պատմություն. քաղաքական դաշնակիցների վերջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի քաղաքական դաշտում ընթանում է գործընթաց, որը կողքից դիտողի մոտ չի կարող նողկանք չառաջացնել. ընդամենը մի քանի ամիս առաջ դաշնակից կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր գժտված սիրեկանների պես առիթը բաց չեն թողնում՝ մեկը մյուսին խայթելու համար:
2013 թվականի աշնանից սկսած ՀԱԿ կուսակցության եւ ԲՀԿ ներկայացուցիչները դարձել էին անբաժանելի զույգեր: Խորհրդարանում բոլոր, նույնիսկ ամենաանկարեւոր օրինագծի քվեարկության ժամանակ այդ երկու կուսակցությունների ներկայացուցիչները միեւնույն դիրքորոշումն էին դրսեւորում:

Քաղաքական բոլոր հարցի վերաբերյալ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները տեսակետ էին հայտնում միայն իրենց դաշնակցի կարծիքը ճշտելուց հետո: Այս մոտեցումը լրագրողների շրջանում նույնիսկ կատակների առիթ էր դարձել, քանի որ ամեն անգամ, երբ ՀԱԿ կուսակցության որեւէ ներկայացուցչի մեկնաբանության համար դիմում էին, եւ վերջինս պատասխանելու համար ժամանակ էր խնդրում, բոլորը միանգամից կանխատեսում էին, որ այդ «պաուզան» ԲՀԿ-ականների կարծիքը ճշտելու համար է հարկավոր եղել: Նույնը ԲՀԿ-ականների դեպքում էր. նրանք եւս խուսափում էին միանձնյա կարծիք արտահայտելուց եւ խոսում էին միայն այն ժամանակ, երբ հստակ գիտեին, որ իրենց դաշնակիցների տեսակետը տվյալ խնդրի վերաբերյալ նույնն է: Չնայած այս երեւույթի արդյունքում լրագրողների շրջանում տարբեր տեսակի կատակներ էին ծնվում, բայց քաղաքական տեսանկյունից այն, անշուշտ, ճիշտ պահվածք էր: Ի վերջո, առնվազն «սիրուն չէ», երբ ինչ-որ տեսակետ է հնչում, եւ հանկարծ պարզվում է, որ այն հակասում է դաշնակցի մոտեցումներին:

Այս տարվա փետրվարյան իրադարձություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը զայրացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա, եւ վերջինս հնազանդվելով՝ լքեց քաղաքական ասպարեզը, նախկին դաշնակիցների հարաբերությունները սկզբում բավական կոռեկտ էին: ՀԱԿ կուսակցության անդամները եւ ԲՀԿ-ականները մեկմեկու հասցեին խոսելուց ձեռնպահ էին մնում: Սակայն վերջին երկու ամիսներին նախկին դաշնակիցներն առիթը բաց չեն թողնում մեկը մյուսին քարկոծելու, իսկ երբեմն նաեւ վիրավորելու համար:

ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց թույլ են տալիս հայտարարել, որ իշխանությունները ճնշեցին Գագիկ Ծառուկյանին, եւ նա ստիպված եղավ քաղաքականությունից դուրս գալ, ու ԲՀԿ-ն դադարեց գոյություն ունենալ: Իհարկե, դա այդպես է, բայց մյուս կողմից, եթե ԲՀԿ-ն միայն Գագիկ Ծառուկյանն էր, ապա ժամանակին ինչու էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն օրը մի քանի անգամ հանդիպում ԲՀԿ խմբակցության իր գործընկերների հետ եւ բոլոր հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումը ճշտում: Կամ ԲՀԿ-ականները ՀԱԿ կուսակցության ղեկավարության հասցեին խոսելիս չեն խորշում նրանց ծաղրելուց եւ հեգնելուց: Այս մարդիկ չեն էլ գիտակցում, որ մեկմեկու «խոցելով»՝ առաջին հերթին իրենք իրենց են վիրավորում: Ի վերջո, հայկական հին ասացվածք գոյություն ունի. «Ասա ով է ընկերդ, կասեմ՝ ով էս դու»: Տարօրինակ է, որ նախկին դաշնակիցները չեն գիտակցում, որ երբ գժտված զույգերը մեկը մյուսին մեղադրում են անբարոյական լինելու մեջ, երրորդ կողմի աչքերում նրանք երկուսն էլ դառնում են առնվազն նույնը:

Օրինակ՝ երբ ապրիլի կեսերին «Հրապարակ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերը գրեցին, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի միջեւ լեզվակռիվ է եղել, այդ կուսակցություններից եւ ոչ մեկը այդպես էլ չմեկնաբանեց, թե ինչ է եղել: Ընդամենը մեկ շաբաթ առաջ էլ Նաիրա Զոհրաբյանը «Առավոտին» տված հարցազրույցում անուղղակի ծաղրել էր ՀԱԿ ղեկավարությանը՝ հիշեցնելով նրանց սիրած արտահայտությունները՝ «ռեժիմը սարսափի մեջ է», «ռեժիմին մնաց 3 ժամ 15 վայրկյան», «ռեժիմը կախվել է» եւ այսպես շարունակ: Իսկ ամենաթարմ դեպքն էլ երեկ արձանագրվեց: Այս անգամ էլ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի երիտասարդներն էին լեզվակռվի բռնվել, այն էլ միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկման ժամանակ:

Նախկին դաշնակիցները մոռացել են, որ իրենց «սիրախաղը» հենց սկզբից Հայաստանի հանրության գերակշռող մեծամասնության համար կանխատեսելի ավարտ ուներ: Միայն «սիրախաղի» կողմերի ներկայացուցիչներն էին, որ ջանք ու եռանդ չխնայելով՝ փորձում էին բոլորին համոզել, որ իրենք հաղթելու են «չարիքի» իշխանությանը:
Բայց դարձյալ ստացվեց ինչպես միշտ. իշխանությունը խժռեց իր հոգեզավակին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին միայնակ թողնելով իր քաղաքական վերլուծությունների ու ծրագրերի մեջ:

Վահագն Հովակիմյան




Լրահոս