Սերժ Սարգսյանը խաբել է ժողովրդին և դրա պատասխանը պետք է ստանա փողոցում. «Ոչ թալանին»-ը վերսկսում է պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք նոր անհնազանդության ալիք ենք սկսելու: Դուրս ենք գալու փողոց, վերսկսվում ենք փողոցային պայքարը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրին` այսպիսի հայտարարությամբ հանդես եկան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները և կոչ արեցին բորորին սեպտեմբերի 1-ին հավաքվել Սիրահարների այգում:

Նրանց խոսքով` Սերժ Սարգսյանը խաբել է ժողովրդին և դրա պատասխանը պետք է ստանա փողոցում: Վերջիններս չբացառեցին կրկին փողոցներ փակելը:

«Վերջին շրջանում մենք փոքր ու միջին ձեռնարկատերերի կողմից ահազանգեր ենք ստանում այն մասին, որ իրենց են մոտենում մարդիկ ու ասում՝ պետք է ստորագրեք ինչ-որ փաստաթուղթ, որում նշված է, թե իրենք համաձայն են վճարել էլէկտրաէներգիայի սակագինը թանկացված չափով» ,-նշեց նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը:-Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ հստակ նշված էր, որ կառավարությունն է իր վրա վերցնելու սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Այնտեղ ոչ մի խոսք չկար խոշոր, փոքր և միջին ձեռնարկատերերին չսուբսիդավորելու մասին: Ստացվում է, որ Սարգսյանը խաբել է ժողովրդին»:

Չիբուխչյանը կոչ արեց փոքր և միջին ձեռնարկատերերին չստորագրել նման փաստաթուղթ, քանի որ անօրինական է հակասում է Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի արած հայտարարություններին: Նա նաև նշեց, որ անցել է արդեն երկու ամիս, բայց դեռ աուդիտ չի սկսվել: Ըստ ակտիվիստի` եթե Սերժ Սարգսյանը ցանկանար, այս խնդիրը կլուծեր:

Նախաձեռնության անդամներից Միհրան Ավագյանն էլ, անդրադառնալով այն հարցին, թե ինչու հավատացին նախագահի հայտարարությանն ու դուրս եկան պայքարից, ասաց. «Մենք մասնագետ չէինք ու չէինք հասկանում` այդ աուդիտն ինչ է, դուրս եկանք, փորձեցինք հասկանալ: Հիմա հասկացանք, որ ոչ մի օգուտ չի բերի, մեզ խաբել են, ու նորից դուրս ենք գալու փողոց»:

Արտուշ Չիբուխչյանն էլ հավելեց. «Հնարավոր է, որ ինչ-որ մարդկանց մոտ վստահության կորուստ է եղել նախաձեռնության հանդեպ, հնարավոր է՝ մեր ոչ բոլոր քայլերն են ճիշտ եղել, սակայն դա պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով. մեկը մեր անփորձությունն է եղել»: Վերջինիս խոսքով` նրանք Բաղրամյանում բավականին փորձ են ձեռք բերել, լավ դասեր են քաղել և նույն սխալները չեն կրկնի:

Նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանն էլ, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, ասաց, որ իրենք չեն վախենում ոստիկանության նոր ճնշումներից. «Մենք միշտ էլ դուրս ենք եկել փողոց՝ ամենավատ սցենարը կանխատեսելով: Ոստիկանական համակարգը ինքնագլուխ գործունեություն չի ծավալում: Նա Բաղրամյան 26-ից հրաման է ստանում` հավաքը ցրելու կամ չցրելու: Սա քաղաքականություն է, և եթե Սերժ Սարգսյանը ուզենա, դա կանի: Նրանց համար վայրկյանների խնդիր է 10 մարդ սպանել: Զենքը, ամեն ինչ նրանց ձեռքն է, ինչ ուզեն, կանեն»:




Լրահոս