Քաղաքական դաշտն աչքիդ առաջ ամայանում է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անշուշտ, Լյուդմիլա Սարգսյանը «ՀԱԿ-ի հետ պայմանագիր չի կնքել, որ միշտ պետք է համակարծիք լինի նրա հետ», ոչ էլ նաիրա Զոհրաբյանն է երդվել, որ պետք է հավատարիմ մնա նախկին բոցաշունչ ելույթներին։ Առավել եւս Արարատ Զուրաբյանն ու Ալիկ Արզումանյանն էլ Սերժ Սարգսյանի նստավայր չայցելելու խոստումներ չեն տվել, ինչպես Գագիկ Ծառուկյանը հավերժ բարեգործություն անելու եւ քաղաքականության մեջ մնալու երդում չի տվել։ Մարդիկ, այո, կարող են տեսակետ ու գործընկերներ փոխել, նոր ֆորմատներ ու համագործակցության ձեւաչափեր գտնել։ Բայց մարդկության պատմության վաղեմի շրջանից մինչ օրս կան, գործում են որոշ չափանիշներ, որոնք ժամանակի ու տարածության մեջ փոփոխության չեն ենթարկվում եւ հարգվում են բոլոր հասարակություններում։ Եթե մեր քաղաքական գործիչները չեն լսել դրանց մասին կամ մոռացել են՝ հիշեցնենք։ Դրանք սկզբունքներին, գաղափարներին հավատարմության։ Ընկերությանը, մերձավորներին չդավաճանելու։

Ընտրողներին, համակիրներին չխաբելու, չմոլորեցնելու։ Իշխանական խայծերը կուլ չտալու, չկաշառվելու, չծախվելու չափանիշներն են, որոնք պարտադիր են քաղաքականությամբ զբաղվողների, իրենց քաղաքական գործիչ հռչակածների համար։ Երբ քաղաքական ուժը մի օր հեղափոխության է կոչում, հայտարարում, որ «այս իշխանության հետ մատաղ ուտելու էլ չի գնա», իսկ հաջորդ օրը նախագահականում շարք է կազմում եւ երջանկությունից հալվող դեմքով սեղմում «բռնակալի, երկիրը կործանողի» ձեռքը, հասկանում ես, որ քաղաքական դաշտն աչքիդ առաջ ամայանում է։ Հասկանում ես, որ հավատն ես կորցնում քաղաքականության եւ քաղաքական կոչվող ամեն ինչի հանդեպ։ Հասկանում ես, որ ելքը հաջորդ ընտրություններին չմասնակցելն է, քանզի, որպես ընտրող, զրկվել ես ընտրության իրավունքից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս