Աներոջը սպանելու համար եղբորն էլ էր հետը տարել. Կոտայքում տեղի ունեցած սպանության մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում դաժան սպանություն էր տեղի ունեցել: Նախ դանակահարված վիճակում բժշկական կենտրոն էին տեղափոխվել Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղի 2 բնակիչ: Հիվանդանոցում 50-ամյա Ժուլվեր Սայադյանը մահացել էր, իսկ նրա որդին՝ 27-ամյա Վահագն Նազարյանը, ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ:

Դեպքից անմիջապես հետո պարզ էր դարձել, որ սպանություն կատարողը տուժողի փեսան է, իսկ դրդապատճառը տարիներ շարունակ չդադարող լարված հարաբերություններն են եղել:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայր:

Եվ այսպես, մեղադրյալի կարգավիճակում հայտնվել են սպանվածի փեսան` Հունան Մարտիրոսյանը, և նրա եղբայրը` Սերյոժա Մարտիրոսյանը: Մեղադրական եզրակացության համաձայն` Հունան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աներոջը՝ Ժուլվերտ Սայադյանին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տարիներ ի վեր ձևավորված ընտանեկան խիստ լարված հարաբերությունների հերթական պարզաբանումների արդյունքում ծագած վիճաբանության ժամանակ ավտոմեքենայի սրահում պահվող դանակով հարվածել է աներոջ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին՝ ձախ թոքին, սրտապարկին, սրտամկանին՝ սպանելով նրան:

Այսինքն` Հունան Մարտիրոսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն:

Իսկ Սերյոժա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերելով Ժուլվերտ Սայադյանի հետ և նույն վայրում Ժ. Սայադյանին քաշելով` դուրս է հանել նրա ավտոմեքենայից, գցել է գետնին, ապա հարվածել գլխին, դեմքին ու մարմնի տարբեր հատվածներին: Այսինքն, Սերյոժա Մարտիրոսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, այն է` ծեծ:

Հունան Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եղբոր նկատմամբ` ստորագրությամբ չհեռանալը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արգել (Լուսակերտ) համայնքի ղեկավար Մաթևոս Ավագյանը Armlur.am-ին հայտնել էր, որ փեսան՝ Հունան Մարտիրոսյանը, երկար ժամանակ տարաձայնություններ է ունեցել խնամիների հետ: Դեպքի օրը, գյուղապետի փոխանցմամբ, աները զանգահարել էր փեսային և ասել, թե «գալիս եմ ձեր տան մեջ խփեմ ձեզ»: Լսելով այս խոսքերը՝ տան անդամները հասկացել են, որ անախորժություններ են լինելու, որոշել են երեխաներին դուրս բերել տանից, որպեսզի վերջիններս ականատես չլինեն հնարավոր խառնաշփոթին:
Ընտանիքի անդամների անհանգստությունը տեղին էր. տեղի ունեցավ ընտանեկան ողբերգություն: Աները չկա, փեսան ամբաստանյալի աթոռին է:




Լրահոս