Armlur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ այս տարվա հուլիսի 24-ին Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ Սերժ Սարգսյանին նամակ է փոխանցել նախորդ տարի Ադրբեջանի կողմից գերեվարված, ապա հայրենադարձված Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը: Նամակով Ս. Խոջոյանը խնդրել է Սերժ Սարգսյանից Երևանում անկյուն տրամադրել իր որդու համար: Բանն այն է, որ բժիշկները Արսենին ցուցում են տվել չոր կլիմայական պայմաններում մնալ, որպեսզի հիվանդությունը գլուխ չբարձրացնի:
Սվետլանա Խոջոյանը Armlur.am-ի հետ զրույցում ասել էր. «Խնդրել եմ` մի փոքրիկ խրճիթ տա, թեկուզ քաղաքի ամենածայրամասում, մի անկյուն լինի` մահճակալ դնելու համար, էրեխես քնի»: Նախագահական նստավայրի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանը հայտնել էր, որ նամակի ուսումնասիրության հատուկ ընթացակարգ կա` պատասխանը կլինի 15 օրից:
Եվ ահա, Armlur.am-ին հայրենադարձված գերու մայրը հայտնեց, որ նամակ-խնդրագրի պատասխանը նախագահականից ստացվել է: Նամակում կնոջը խորհուրդ է տրվել հաշվառվել գյուղապետարանում գործող հատուկ ծրագրում, որը նախատեսում է օգնություն անապահով և բազմանդամ ընտանիքներին: Սվետլանա Խոջոյանը ներկայացրեց պատասխան նամակը, որում ասվում է. «Նախագահին հասցեագրված Ձեր դիմումն ուղարկվել է մարզպետարան: Տեղեկացնում ենք, որ պետական աջակցության նպատակով ծրագրերի շրջանակում ներկայումս հերթագրվում և լուծում են տրվում աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 88-92 թթ. Ադրբեջանից բռնագաղթած, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ու ազատամարտիկների կարիքավոր ընտանիքների խնդիրներին: Այդ պատճառով բնակարանային պայմանների բարելավման կարգավիճակում գտնվող կամ անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրներին հնարավոր է անդրադառնալ հետագայում Հանրապետությունում մարդկանց նմանատիպ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման դեպքում: Առաջարկում ենք հաշվառվել գյուղապետարանում համապատասխան պետական կամ բարեգործական ծրագրեր իրականացնելու դեպքում` որպես բազմազավակ ընտանիք` խնդիրը քննարկման ներկայացնելու համար»:
Սվետլանա Խոջոյանի խոսքով, նախագահականում հաշվի են առել այն հանգամանքը, որ իր ընտանիքը բազմանդամ է, իսկ ինքը` բազմազավակ մայր: Սակայն, ինչպես նշեց մեր զրուցակիցը, ինքը դիմել է ադրբեջանական գերությունից վերադարձած որդուն մի փոքրիկ անկյունով ապահովելու խնդրով. «Եթե հաշմանդամներին հասնում է նման օգնություն, ինչո՞ւ Արսենին չեն ներառում, մանավանդ, որ նա հաշմանդամության թոշակ է ստանում: Գյուղապետարան գնացել եմ, ասեցին` նախ պետք է երկրաշարժից տուժածների և անօթևանների հարցերը լուծեն, հետո միայն մերը»: