Արսեն Խոջոյանի նկատմամբ լարվածությո՞ւն է առաջացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է նաև սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքում, որտեղ կայացել է 80 երեխայի համար նախատեսված մսուր-մանկապարտեզի բացման արարողությունը:

Armlur.am-ի տեղեկություններով, համայնքի մի շարք բնակիչներ նամակ-խնդրագրեր են փոխանցել Ս. Սարգսյանին: Եվ, բնականաբար, դրանք վերաբերել են իրենց նյութական խնդիրներին:

Մեր տեղեկություններով, նամակ փոխանցողների թվում է եղել նաև նախորդ տարի Ադրբեջանի կողմից գերեվարված, ապա հայրենադարձված Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը, ով Սերժ Սարգսյանից խնդրել է Երևանում անկյուն տրամադրել իր որդու համար: Բանն այն է, որ բժիշկները Արսենին ցուցում են տվել չոր կլիմայական պայմաններում մնալ, որպեսզի հիվանդությունը գլուխ չբարձրացնի:

Մեր ունեցած տեղեկությունը հաստատեց Սվետլանա Խոջոյանը` հավելելով. «Խնդրել եմ` մի փոքրիկ խրճիթ տա, թեկուզ քաղաքի ամենածայրամասում, մի անկյուն լինի` մահճակալ դնելու համար, էրեխես քնի»:

Նախագահական նստավայրի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանը հայտնեց, որ նամակի ուսումնասիրության հատուկ ընթացակարգ կա, որը դեռևս շարունակվում է. «Մենք մեկ ամիս ժամանակ ունենք, որը դեռևս չի լրացել: Նամակը կուսումնասիրվի, համապատասխան եզրակացությունը կտրվի, այն կներկայացվի աշխատակազմի ղեկավարին, որից հետո միայն հանձնարարություններ կլինեն: Այս պահին ես որևէ հրահանգ չեմ ստացել»:

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ Առողջապահության նախարարությանը հարցում է ուղարկվել` Արսեն Խոջոյանի առողջական վիճակի մասին հստակ տեղեկություններ ստանալու նպատակով:

Նշենք, որ մեզ լուրեր են հասել այն մասին, որ Սերժ Սարգսյանին նամակ հանձնելուց հետո Վերին Կարմիրաղբյուրի համայնքապետ Կամո Չոբանյանը գյուղացիների որոշակի շրջանակներում հայտարարել է, թե ինչո՞ւ են Խոջոյանները նման հարցով դիմում նախագահին, «իր տղան երկրի համար ի՞նչ է արել, որ նման հարց է բարձրացրել»: Նման խոսակցություններ, գյուղում շրջանառվող լուրերի համաձայն, համայնքապետը հաճախ է անում: Թեպետ մեզ հետ զրույցում հենց Սվետլանա Խոջոյանը հերքեց այս լուրերը` ասելով, թե գյուղապետն ինքն է շահագրգռված, որպեսզի իրենց խնդիրն արագ լուծում ստանա, այդուհանդերձ մեզ նաև տեղեկություններ հասան, թե նախագահական նստավայրի համապատասխան բաժնից Արսեն Խոջոյանի կենսագրականն է պահանջվել, սակայն գյուղապետը չի իմացել` ինչպիսի բնութագիր ուղարկել` ի պատասխան և դժվարացել է կազմել համագյուղացու կենսագրականը:

Մեզ հետ զրույցում Կամո Չոբանյանը ևս լուրերը հերքեց` նշելով, որ իրենցից նման բան չի պահանջվել. «Ոչ ոք մեզնից այդպիսի բան չի ուզել»,- կարճ պատասխանեց սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավարը:

Թե ինչ է իրականում կատարվում գյուղում Խոջոյանների ընտանիքի և գյուղապետի միջև, դեռևս պարզել չհաջողվեց: Սակայն գյուղում ակտիվ լուրեր են շրջանառվում, թե նրանց միջև լարված հարաբերություններ են:

Վերջում հավելենք, որ մոտ երկու ամիս բժիշկների հսկողության տակ գտնվելուց հետո այսօր Արսեն Խոջոյանը դուրս է գրվել և վերադարձել հայրենի գյուղ, որտեղ էլ նրան մնալ բժիշկները խորհուրդ չեն տալիս: Թե ինչպիսին կլինեն զարգացումները, ցույց կտա ժամանակը:




Լրահոս