ԴԻԱԲԵՏԻԿՆԵՐԻ ԴԵՂԵՐԸ ՉԻ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հաղորդավար, ռեժիսոր ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆԸ, որը մինչ այս ինքն էր օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին հորդորում վերադառնալ հայրենիք, հիմա ինքն է մտածում երկրից հեռանալու մասին: Իսկ թե ինչու, կպարզենք ստորեւ: 
Պարո՛ն Եղոյան, առաջիկա ընտրություններում որեւէ թեկնածուի սատարելո՞ւ եք:
-Երբեք ոչ մեկի կողքին էլ չեմ կանգնի, որովհետեւ ոչ մեկին էլ չեմ վստահում: Հենց այդ աթոռը տեսնում են, իրենց կորցնում են: Սրանք ընտրություններ չեն, եթե ընտրություններն ազնիվ լինեն, Հանրապետականը 15-20 տոկոս էլ չի հավաքի: 
-Թեկնածուներից ո՞վ քիչ թե շատ ազնիվ ձայներ կհավաքի:
-Րաֆֆին ու Պարույրը: Ես քաղաքականության մեջ չեմ ուզում մտնել: Ես աշխարհ եմ ման եկել ու տեսել եմ տարբեր երկրների սոցիալական պայմանները, բայց ոչ մի երկիր, նույնիսկ  հետամնացները, իրենց քաղաքացիներին այս օրի չեն հասցնում: Երեւի հիմա մենք աֆրիկյան պետությունների շարքում ենք, ջունգլիներում ապրողների, որտեղ գոյության կռիվ է: Հիմա այդ գոյության կռիվն այստեղ է: Բեսպրեդել է դարձել: Հացը թանկացնում են, քանի գնում՝ փոքրացնում են: Բայց սրանք մի բան չեն հասկանում՝ ինչքան նյութը սեղմում ես, այնքան ավելի է կարծրանում, ադամանդն էլ է այդպես ու մի օր կկտրի ժողովրդին այս օրը գցողների գլուխը, կստանան իրենց հասանելիքը:  
-Ընտրություններին գնալո՞ւ եք:
-Իհարկե, քաղաքացիական պարտքս կատարելու եմ: Սա միակ դեպքն է, երբ գնալու եմ առանց ուզելու, հենց էնպես: Կուզեի բոլորին դեմ քվեարկել, շատ հիասթափված եմ, բայց, այնուամենայնիվ, որեւէ մեկին ձայն կտամ: Որպես այդպիսին՝ ընտրությունների ինստիտուտը խաթարված է Հայաստանում: Հայկական մենթալիտետի տհաճ գծեր կան, որ ես չեմ կարողանում տանել. էդ ապերոյական, հաստավզական, խծբ-ական մոտեցումները պետական լուրջ հարցերին հիասթափեցրել են ոչ միայն ինձ, այլեւ ամբողջ ժողովրդին: Բոլորս էլ զզվում ենք սրանցից:
Հիմա Ձեզ մի զարմանալի բան ասեմ. Սերժ Սարգսյանի դեմ անձամբ ոչինչ չունեմ, հարգում եմ որպես ազատամարտիկ, որպես լավ մարդ, բայց չեմ ընդունում որպես նախագահ, որովհետեւ կողքիններին չեմ ընդունում:
-Կարծում եք՝ արժանի մարդկանցո՞վ չի շրջապատել իրեն: 
-Եթե շրջապատված լիներ, ինչ-որ բան կաներ, եւ ոչ միայն ինքը, շատերը: Ինքը երբեք չի կարող, որովհետեւ ի սկզբանե սխալ ուղով եկավ նախագահության, ու հիմա ուղղելն ահավոր դժվար է: 
Այսօրվա դրությամբ հարգարժան Դերոն (ոնց դիմում է նախագահը առողջապահության նախարարին) շաքարախտով հիվանդների դեղերի գների բարձրացումով է զբաղված: Այդ էլ այն դեպքում, երբ պետք է անվճար հատկացնի: Այսօր նորից դուրս եկա դեղ գնելու, ու արդեն քանի ամիս է՝ մենք մեր դեղերն ինքներս ենք գնում: Ամո՛թ իրենց, ո՞նց են մարսելու…
Ես արդեն քանի տարի է՝ շաքարային դիաբետ ունեմ, Ղարաբաղից եմ ձեռք բերել: 40 ընկեր եմ թաղել, ,Տիգրան Մեծե ջոկատից եմ եղել, երեւի այդ սթրեսներից եմ ստացել, իմը ձեռքբերովի է: Ու այս տարիների ընթացքում դեռ չէր եղել դեպք, որ մեր դեղերն ընդհատվեին ու չտային: Շաբաթական երկու-երեք  հազար դրամ տալով՝ առնում ենք, բայց էնտեղ մարդիկ են նստած, որ դողալով գալիս են բժշկի ու դռան առաջ սպասում, որ իրենց հասանելիք դեղը ստանան: Թող անիծյալ լինեն ողորմելի ընչաքաղցները, որ հիվանդների փողերը լափում են ու հարստանում:
-Չե՞ք փորձել բարձրաձայնել այս խնդրի մասին:
-Ո՞ւմ ձայնեմ, սրա՞նց: 
-Նույն առողջապահության նախարարին:
-Ինչպե՞ս դիմեմ կամ ո՞ւմ, երբ երեսպաշտությամբ հայտնվում են էկրանին ու սկսում միայն խոսել, թող գործո՛վ ապացուցի: Մարդիկ շաքարախտով հիվանդ են, նրանց այդ դեղը անհրաժեշտ է, նրանք էդ դեղերն առնում են դեղատնից սարսափելի գներով, եւ օրեցօր ամեն ինչ թանկանում է: Իսկ սրանք, ամեն մեկից կոպեկ-կոպեկ, լումա-լումա տանելով, դղյակներ են սարքում…
Մինչ այսօր որ երկրում որ եղել եմ, հավաքել եմ բոլորին ու ասել` հե՛տ վերադարձեք: Էսօր ինքս եմ մտածում՝ որտեղ ջհանդամվեմ գնամ, սրանց երեսը չտեսնեմ, զզվում եմ բոլորից: Այդքան հիասթափված եմ, մանավանդ հենց հիմա, երբ դեղատնից վերադարձա: 
Եթե Դուք էլ գնաք, մենք էլ գնանք, ո՞վ կմնա այս երկրում:
-Տականքները: Հիմա այնքան զայրացած եմ, որ ինչ ասես կասեմ: Ես նույնիսկ մտածում էի բաց նամակ գրել: Օրեր առաջ գնացի արյուն տալու, 42.000 դրամ ուզեցին մի արյան անալիզի համար: 
Իսկ պետպատվերի շրջանակներում արտոնություններ չկա՞ն:
-Պետպատվերի անուն է տալիս Դերենիկ Դումանյանը եւ թոզ ու դուման անում Հայաստանում: Հիմա պոլիկլինիկան դեղ չունի, որ տա դիաբետիկներին, միշտ նորմալ տվել է, ինչ նախարարը փոխվեց` արդեն 3-րդ անգամն է, ինչ մի քանի ամսով չկա, կամ տալիս են կես ամսվա ու կորչում:  Զանգում ենք, ասում են` դեղ չկա, սպասե՛ք: Սպասում ենք, բայց մինչեւ ե՞րբ… Մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:
Ես զարմացած եմ: Ինչպե՞ս կարող են ժողովրդի ծոցից ելած չինովնիկներն այդքան արհամարհել իրենց ստնտուին…
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 474 համար




Լրահոս