Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ արդեն տևական ժամանակ նստացույց հայտարարած «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամները պատրաստվում են սեպտեմբերի 4-ի հանրահավաքին: Armlur.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ հանրահավաքին ակնկալում են տարբեր քաղաքական ուժերի ներկայությունը. «Ինձ թվում է` հանրահավաքին իրենք կունենան ելույթներ: Մենք հիմա նախապատրաստական փուլում ենք»:
Սահմանադրական բարեփոխումների հետ կապված «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը բազմիցս նշել է, որ իրենք դեմ են դրան: «Մենք բազմիցս ասել ենք, որ դա Հայաստանի համար այս պահին նպատակահարմար չէ, շատ կետեր կան, որոնք թերի են, տպավորություն է, թե մասնագետ չի գրել այն: Պետք է հասնել նրան, որ սահմանադրական բարեփոխումներն ընդհանրապես չլինեն, ոչ թե հորդորենք քաղաքացիներին գնալ դեմ քվերակել: Դա չարիք է մեր երկրի համար: Մենք հանրաքվեի չիրականցումը տեսնում ենք ՀՀ նախագահի հրաժարականի դեպքում միայն: Այսինքն, եթե նախագահը հրաժարական է տալիս, ոչ մի հանրավքե տեղի չի ունենում»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը:
Վերջինս չի կարծում, որ իրենց հանրահավաքին կգան այն քաղաքական ուժերը, որոնք այս օրերին հանդիպումներ են ունեցել Սերժ Սարգսյանի հետ: «Մենք խոսում ենք այն ուժերի հետ, որոնք տարբեր ժամանակներում անկեղծորեն պայքարել են Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, որոնք նպատակահարմար չեն գտնում հանդիպել նրա հետ: Հիմա կոնկրետ անուններ չտամ, ընթացքում ավելի պարզ կլինի: Ամսի 4-ին պարզ կլինի` ով կգա, ոչ չի գա: Բայց հաստատ Սերժ Սարգսյանի հետ շախմատ խաղացող ուժերը չեն գա»,- ընդգծեց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամը:
Նա հավելեց, որ իրենք ունեն քայլերի համապատասխան հաջորդականություն: «Մեզ մոտ ոչինչ չի փոխվել, մենք մեր պայքարը հասցնելու ենք տրամաբանական ավարտին»,- շարունակեց Դ. Հովհաննիսյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան