«3 օր սարսափելի հոտ էր գալիս նրա բնակարանից. սպասում էինք, որ մի օր հետը նման բան կպատահի». մանրամասներ 52-ամյա տղամարդու սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ Աջափնյակ վարչական շրջանի իր բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա Վահան Աղաջանյանի դին` դանակից ստացված բազմաթիվ վնասվածքներով:

Երեկ հայտնի դարձավ, որ սպանության կասկածանքով բերման է ենթարկվել 32-ամյա Ռաֆայել Մ.-ն, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Իսկ տղամարդը սպանվել է բազմոցին քնած վիճակում:

Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակիցը զարմանալի տեսարանի ականատես եղավ: Սպանվածի հարևանները, կարծես, չէին ափսոսում կատարվածի համար: Մեզ հետ զրույցում Վահան Աղաջանյանի հարևանուհիներից տիկին Մարգարիտան ասաց, թե շենքի բոլոր բնակիչներն էլ սպասում էին, որ օրերից մի օր նրա հետ նման բան պետք է տեղի ունենա:

Նման համոզման բնակիչները եկել են այն հանգամանքից, որ Աղաջանյանը մշտապես անախորժությունների մեջ էր հայտնվում: Մեր զրուցակիցներն, անգամ, հաշվի չառնելով իրենց հարևանի մահացած լինելու հանգամանքը` բավականին սուր և քննադատական տոնով էին խոսում նրա մասին. «Թող Աստված մեզ ների, բայց հասնում էր դրան: Մենք շատ ուրախ ենք, որ նա այլևս մեր շենքում չի լինելու: Բոլորիս հանգիստը խաթարել էր: Ամեն Աստծո օր կռիվներ, ծեծ, գոռգոռոցներ»,- պատմեց հարևաններից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը:

Մուտքի բնակիչները հայտնեցին, որ երեք օր շարունակ զգում էին, որ շենքում տհաճ հոտ է տարածվել, իսկ սպանվածի տան դուռը բաց է: Այդ ժամանակ որոշել են ահազանգել ոստիկանություն. «Սարսափելի հոտ էր ընկել ամբողջ շենքով մեկ: Ու մինչև հիմա էլ էդ հոտը դեռ կա: Ուղղակի ափսոսում ենք, որ ինչ-որ մեկն իր ձեռքերը կեղտոտել է դրան սպանելով: Նա նույնիսկ սպանվելու արժանի չէր: 15 տարուց ավել ապրեց այս շենքում. մի օր մի լավ, գովելի բան չտեսանք: Անընդհատ մի նոր կին էր բերում, մի ամիս պահում, ծեծում-ջարդում, ճանապարհում»:

Հարևանները հայտնեցին, որ չեն զարմանում, որ ինչ-որ մեկին սպանվածն այն աստիճան կարող էր զայրացնել և հունից հանել, որ ամեն բան ավարտվեց սպանությամբ. «Միշտ տաքսի էր նստում, 10-12 հազար դրամի քաղաքում շրջում, գիշերը ուշ ժամի տուն էր գալիս ու ներսից դուռը կողպում: Խեղճ ու կրակ տաքսու վարորդները չէին իմանում դրան որտեղից գտնեին, ոնց տնից հանեին, իրենց փողը վերցնեին: Դռները ջարդում էին, մինչև լույս սպասում, դատարկաձեռն հետ գնում: Ախր շատ անշնորհք էր, գող ու ավազակ»:

Հարևանները Armlur.am-ին պատմեցին նաև, որ սպանվածը բարեկիրթ և հարգված եղբայր ունի, երեխաներ, որոնց հետ, սակայն, չէր շփվում: Նա իր բնակարան միայն կանանց էր թույլ տալիս մտնել, այն էլ ամեն բան ծեծով էր ավարտվում:

Ինչևէ, թեև տղամարդը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, մշտապես անախորժություններ է ունեցել, այդուհանդերձ, տեղի է ունեցել դաժան սպանություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

11930722_967031743369538_2004409515_n

11948011_967031750036204_1574076062_n

11925946_967031756702870_170616236_n




Լրահոս