ՀՀՇ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱԿ ԴԱՌՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե իր կարծիքով՝ ժամանակն է, որ «Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ, որը ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարներից դեռեւս միակն է, որ կիսում է ՀՀՇ անդամ Լ. Տեր-Պետրոսյանի կարծիքը:
-Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ է մտածում ՀՀՇ-ն ՀԱԿ առաջնորդի հայտարարության մասին:
-ՀՀՇ-ն առաջիկայում դեռ պետք է քննարկի այդ հարցը: Իսկ քննարկումները լինում են տարածքային կառույցներում, վարչությունում եւ հանրապետական խորհրդում: Այդ քննարկումների արդյունքում էլ կհայտնենք մեր կուսակցության պաշտոնական դիրքորոշումը: Ընդհանուր առմամբ հակված ենք ինչ-որ բան անել` ԱԺ ընտրություններից հետո շարժման խնդիրները լուծելու համար: Շատերը կարծում են, որ հարկավոր է ավելի կուռ կառույց ստեղծել շարունակականությունն ապահովելու համար:
-ՀՀՇ-ն նաեւ Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության մաս է կազմում: Որոշե՞լ եք, թե այդ հարցն ինչպես եք լուծելու, եթե ՀՀՇ-ն տարրալուծվի ՀԱԿ-ի կազմում:
-Եթե մենք այս հարցում դրական որոշում ունենանք, իսկ ես հակված եմ դրան, պետք է նաեւ այստեղ այնպիսի տարբերակ գտնենք, որ շարունակենք մնալ եվրոպական այդ կուսակցության լիիրավ անդամ: Մենք այժմ եվրոպական 3 կառույցի լիիրավ անդամ ենք, իսկ դա մեզ համար լուրջ արժեք է: Ուստի այդ ամենը  պարտադիր պետք է պահպանվի: Կարծում եմ` մենք գիտենք այդ ամենը պահպանելու ձեւերը:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում այն հարցին, որ այդ կուսակցությունը պետք է ղեկավարի Լ. Տեր-Պետրոսյանը:
-Ես դրական եմ համարում Լ. Տեր-Պետրոսյանի ցանկությունը՝ ղեկավարելու այդ շարժումը, դա շատ ճիշտ որոշում է այս փուլում շարժումը պահելու, ուժեղացնելու համար: Համոզվա՛ծ եղեք, որ Տեր-Պետրոսյանի` կառույցն ու շարժումը ղեկավարելու նախաձեռնությունն իսկապես դրական կընդունվի մեր կառույցներում: Բայց սա բոլոր դեպքերում լինելու է կամավոր մարդկանց, կամավոր կուսակցությունների միություն: Նախաձեռնությունն ինչո՞վ է ինձ դուր գալիս. կուսակցություններից դուրս կան կուսակցականներ, որոնց ներգրավվածությունը կուժեղացնի շարժումը, պատասխանատվությունը կմեծացնի: Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ իսկապես համարում եմ ճշգրիտ արձագանք իրավիճակին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս