«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ» անվանումը Հայաստանի հանրությանը առավել հայտնի է իշխանական լրահոսից: Այս հիմնադրամի առավել հայտնի գործառույթներից մեկն իշխանական ջահելների՝ «Բազե» ճամբարը կազմակերպելն է:
Իշխանական «բազեների» այս տարվա հավաքը կազմակերպվել էր օգոստոսի երկրորդ տասնօրյակում: Արդեն մեկ տասնամյակից ավել կազմակերպվող այս հավաքների հիմնական նպատակն այն է, որ իշխանական ջահելները մի փոքր հանգստանան, իսկ այդ ընթացքում էլ մի հատ ՀՀ վարչապետը այցելի եւ իր «բազեների» հետ լուսանկարվի: Այս տարի դա տեղի ունեցավ օգոստոսի 17-ին: Հավաքը սովորաբար եզրափակվում է «շեֆի» այցելությամբ: 2001-ից մինչեւ 2007 թվականները իշխանական ջահելների «շեֆը», բնականաբար, Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ 2008-ից ի վեր Սերժ Սարգսյանն է: Այս տարի նա «բազեներին» այցելության գնաց օգոստոսի 22-ին:
«Ժողովուրդ»-ը «Հայաստանի երիտասարդական հիմնադրամից» փորձեց պարզել, թե այս տարվա «Բազեի» կազմակերպման համար պետբյուջեից որքան գումար է հատկացվել: Նշված հիմնադրամից մեր հարցմանը պատասխանեցին. ««Բազե» ծրագրին 2010 թվականից ի վեր ՀՀ պետական բյուջեից որեւէ գումար չի հատկացվել»: Մի պահ ընդունենք, թե հիմնադրամից տրված պատասխանի հեղինակները չեն ստում եւ ճիշտ են ասում, որ իրենք պետբյուջեից հատկացված գումարներով չեն ֆինանսավորվում: Ուստի բնական հարց է ծագում՝ այդ դեպքում ով եւ որքան գումար է հատկացրել հիմնադրամին, որի հաշվին էլ հնարավոր է եղել երիտասարդ «բազեների» հավաքը կազմակերպել: Սակայն մեր երկրորդ հարցմանը եւս ՀԵՀ-ից կոնկրետ պատասխան չտվեցին:
«Ժողովուրդ»-ին տրված պատասխանում ասվում է. ««Բազե» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցներով, որոնք գոյանում են «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված աղբյուրներից: Հիմնադրամների գործունեության հրապարակայնությունը նույնպես սահմանվում է համապատասխան օրենքով: Օրենքի շրջանակներում պահանջվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ ֆինանսական, վիճակագրական, ծրագրային եւ այլն, ըստ սահմանված կարգի՝ հաստատվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից եւ ներկայացվում պետական կառավարման մարմիններին, ինչն էլ զետեղվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: «Բազե-2015»-ի ֆինանսական հաշվետվությունը դեռեւս ամփոփված չէ: Պայմանագրային ծառայություններն ընթացքի մեջ են»:
Մի խոսքով, ՀԵՀ-ում ամեն կերպ խուսափում են ասել, թե այս տարվա իրենց ամառային քեֆ-ուրախությունների վրա որքան գումար են ծախսել եւ մեզ մատնացույց են անում իրենց տարեկան հաշվետվությունները: Բայց ողջ խնդիրն այն է, որ այս հիմնադրամը թքած ունի ՀՀ օրենսդրության պահանջների վրա, եւ նրա տարեկան հաշվետվություններում եւս օրենքով նախատեսված տվյալները բացակայում են: Այսպես՝ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հովածի երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ հիմնադրամները պարտավոր են ամեն տարի հրապարակել իրենց գործունեության մասին հաշվետվություն: «Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի եւ հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում»,- սահմանում է «Հիմնադրամների մասին» օրենքը:
ՀԵՀ-ի 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունում, սակայն, վերը թվարկված տվյալները բացակայում են: Օրինակ՝ նշված է, որ անցած տարի հիմնադրամին հատկացվել է 691 միլիոն 383 հազար դրամ: Իսկ ի՞նչ աղբյուրներից եւ յուրաքանչյուրից որքա՞ն, տվյալը բացակայում է: Նշված է միայն, որ գումարները գոյացել են 105 իրավաբանական անձանցից ստացված միջոցների հաշվին: Ի դեպ, նախարարությունները եւ մնացած բոլոր պետական գերատեսչություններն ու ՊՈԱԿ-ները եւս իրավաբանական անձինք են: Աշխատակազմի վերաբերյալ տվյալները եւս բացակայում են: Օրենքը պահանջում է հրապարակել նրանց անունները եւ հիմնադրամից ստացած եկամուտների չափը:
ՀԵՀ-ի հաշվետվությունում նշված է միայն աշխատակազմի թիվը` 117 հոգի, որոնք ընդհանուր ստացել են 134 միլիոն 932 հազար դրամի աշխատավարձ: Ի դեպ, հիմնադրամի տնօրենն է Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, որի տարեկան աշխատավարձը կազմում է 6 մլն 180 հազար դրամ: Այսինքն՝ նա ամսական ստանում է 515 հազար դրամ աշխատավարձ: Ասել է թե՝ ՀԵՀ-ի տնօրենը գրեթե ՀՀ ԱԺ պատգամավորի չափ աշխատավարձ է ստանում: ՀԵՀ-ը օրենքի պահանջներից կատարել է միայն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հրապարակելով: Ինչպես հայտնի է, այդ խորհուրդը գլխավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մի քանի նախարարներ եւ փոխնախարարներ, իսկ հոգաբարձուների խորհրդի համակարգողն էլ, ինչպես հայտնի է, 41 տարեկան երիտասարդ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանն է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԱՌԱՆՑ ԻՐԵՆ ՈՉ ՄԻ ՆԻՍՏ
«Ժողովուրդ»-ը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է, որ առանց իրեն ՀՀ Կառավարության նիստ չգումարվի: Այդպես էլ եղավ. այս շաբաթ ՀՀ Կառավարությունը նիստ չի գումարի: Գործադիրի նիստերը ավանդաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին: Իհարկե, եղել են դեպքեր, որ երբ ինչ-ինչ պատճառով մեկ-երկու օրով նիստը տեղափոխվել է: Բայց սա առաջին դեպքն է, երբ շաբաթվա ընթացքում գործադիրն ընդհանրապես նիստ չի գումարում: Կառավարության առաջիկա նիստը տեղի կունենա եկող երկուշաբթի` օգոստոսի 31-ին: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանն արձակուրդից Հայաստան է վերադառնալու օգոստոսի 30-ին: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետի պարտականությունները ֆորմալ առումով դրված են ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի վրա: Բայց, ինչպես տեսնում ենք, վարչապետը փոխվարչապետին հնարավորություն չի տալիս, որպեսզի նա լիարժեք վայելի իր «վարչապետությունը», թեկուզ մեկ շաբաթով: Ի դեպ, ըստ լուրերի՝ Հովիկ Աբրահամյանն ընտանիքի հետ Ֆրանսիայում է հանգստանում:
ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ի ԳՄ այս նիստում, ի վերջո, պետք է որոշվի, թե ով է նշանակվելու ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում: Ըստ ՀՀԿ-ականների՝ Սերժ Սարգսյանն այդ հարցում արդեն որոշում ունի, սակայն դրա մասին կտեղեկացնի ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: Երեկ հանրապետականները մասնավոր զրույցներում ասում էին, որ երկու թեկնածություն է դիտարկվում` ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի: Արփինե Հովհաննիսյանի «տակը փորողներ» շատ կան:
ԼՈՒԾԱՐՈՒՄ ԵՔ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՔ
ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչությունը երկուշաբթի կայանալիք կառավարության նիստում կներկայացնի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Մարտունու գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան»-ի եւ «Մխչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան»-ի լուծարման մասին նախագիծը: Ըստ անշարժ գույքի կառավարման վարչության՝ տարիների ընթացքում համապատասխան վերանորոգման աշխատանքներ չիրականացնելու հետեւանքով ներկայումս ընկերություններին պատկանող շենքերն ու շինությունները գտնվում են անմխիթար վիճակում եւ չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Ի դեպ, «Մխչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան»-ի շենքերի ընդհանուր մակերեսը 3 հազար 546,2 քմ է, իսկ զբաղեցրած տարածքի մակերեսը 2,8 հեկտար: Իսկ թե ում, ի վերջո, բաժին կհասնի այդ անշարժ գույքը, դժվար չէ կռահել: Հիշեցնենք, որ Մխչյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղն է:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀՕԳՈՒՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ
«Սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը որոշողը հասարակությունն է լինելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին: Բանախոսը նշեց, որ սահմանադրական «բարեփոխումների սեղանին ոչինչ սկզբունքորեն եւ աննահանջ կերպով դրված չէ»: Ըստ նրա` բոլոր առաջարկները ենթակա են քննարկման, բոլոր առաջարկների շուրջ իշխող կուսակցությունը փորձելու է որպես իշխանություն, որպես թիվ մեկ պատասխանատու, ունենալ այնպիսի տարբերակ, որն առավելագույն համաձայնություն եւ առավելագույն ընդունելի կլինի:
Արտակ Զաքարյանի կարծիքով` այս նախագծի ակնհայտ առավելություններից մեկն այն է, որ ընդդիմությանը տրվում է շոշափելի հնարավորություն քաղաքական կյանքին ավելի ակտիվ եւ կազմակերպված մասնակցելու համար:
ՄԱԿՆՇՈՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խոսվում է ՌԴ արտահանվող պտուղ-բանջարեղենի պարտադիր մակնշման մասին: Հայտարարության մեջ ասվում է. «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պտուղ-բանջարեղեն արտահանող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պտուղ-բանջարեղենի տարաների վրա փակցնել պիտակներ հետեւյալ տեղեկատվությամբ՝ ապրանքի անվանումը, ծագման երկիրը, արտահանողի եւ/կամ վերարտահանողի անվանումը: Մակնշման անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված ՌԴ-ի կողմից արեւմտյան մի շարք երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներով եւ ՌԴ-ի տարածքում երրորդ երկրների մթերքը ԵԱՏՄ անդամ-երկրների, այդ թվում՝ հայկականի անվան տակ չիրացնելու հանգամանքով: Արտահանվող պտուղ-բանջարեղենի տարաների մակնշումը կպաշտպանի մեր արտահանողներին, որպեսզի այլ երկրների արտադրանքը հայկական պտուղ-բանջարեղենի անվան տակ չիրացվի ռուսական շուկայում, ինչպես նաեւ ՌԴ արտահանման գործընթացում խոչընդոտներ չլինեն»:
ԱՆՈՐՈՇ
Ucom ընկերությունը դեռ չի որոշել՝ կպահպանի արդյոք Orange բրենդը մեկ տարի հետո: Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողներին հայտնել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը: Այն հարցին՝ արդյոք ընկերությունը մտադիր է 12-ամսյա համաձայնության ավարտից հետո ֆրայչայզինգի իրավունքով օգտագործել Orange բրենդը, Բարսեղյանը պատասխանել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվել: «12 ամսվա աշխատանքի արդյունքներով մենք կորոշենք՝ արդյոք շահավետ է թողնել հին բրենդը, թե պետք է այն փոխարինել նորով»,- հայտարարել է Բարսեղյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին «Orange Armenia»-ն (ֆրանսիական Orange հեռահաղորդակցության ընկերության դուստր ընկերությունը) պաշտոնապես Ucom-ին է փոխանցել բաժնետոմսերի 100 տոկոսը: