ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈ՞ՂՄՆ Է ԳԵՏԸ ՆԵՏԵԼ ԳԼԽԱՏՎԱԾ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի եւ Շիրակի մարզերի Արագածավան եւ Անիպեմզա գյուղերի բնակիչներն արդեն մի քանի օր է, ինչ անհանգստացած են: Նշված գյուղերի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ մոտ օրերս իրենք Ախուրյան գետում նկատել են մեծ քանակությամբ գլխատված ոչխարների: Նրանք կասկածներ ունեն, որ թուրքական կողմից են գլխատված ոչխարները նետվել գետը:

ՀՀ Արագածոտնի եւ Շիրակի մարզերի Արագածավան եւ Անիպեմզա (այս համայնքները հարեւան են) գյուղերի բնակիչները մտահոգված են. կարծում են, որ Ախուրյան գետի ջուրը, որից իրենք ոռոգման նպատակով են միայն օգտվում, թունավորված կլինի: Ինչի համար էլ մեծ աղմուկ են բարձրացրել: Սակայն այս պատմության հետագա մանրամասների մասին տեղեկություն այդպես էլ բնակիչներին չի հաղորդվել: Եւ անտեղյակ բնակիչները ստիպված դիմել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն: Նրանց պատմելով՝ գործին խառնվել է նաեւ ազգային անվտանգության ծառայությունը, որովհետեւ դեպքի մասին ահազանգողները նշել են, որ ոչխարները գետ է նետել թուրքական կողմը: Բացի այս՝ անհրաժեշտ ստուգումներ է իրականացրել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղը:
Սակայն բնակիչները նշված կառույցների կողմից տրված «հանգստացնող» պատասխաններից ավելի են զայրացած եւ համոզված են, որ սա կկրկնվի: «Մենք շատ վախեցած ենք, որովհետեւ մտածում ենք, որ այդ ջուրը հիմա վարակված է, չէ որ դրանով ենք մենք ոռոգում մեր այգիները»,- անհանգստացած նշեցին Անիպեմզայի բնակիչները:
Իսկ, ահա, Անիպեմզայի գյուղապետ Հարություն Թառլանյանը հայտնեց, որ դեպքից մի քանի օր է անցել, սակայն մինչ օրս իրենք հստակ ոչինչ չունեն պարզաբանած: «Միայն տեղեկացանք, որ ինչ-որ գայլեր են ընկել իրենց ոչխարների մեջ, հոշոտել ու կոտորել: Իրենք էլ որսի միսը չեն կարողացել օգտագործել, շպրտել են գետը: Այսքանն ենք իմացել»,- փոխանցեց գյուղապետը: Նրա պատմելով՝ նման բան առաջին անգամ է պատահում: «Մենք ռուս սահմանապահներից տեղեկացանք, որ խոսքը մոտավորապես 60 ոչխարի մասին է»,- լրացրեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ ե՛ւ Անիպեմզայի, ե՛ւ Արագածավանի գյուղապետերը հավաստիացրեցին, որ իրենք անձամբ գետում գլխատված ոչխար չեն տեսել, այլ լսել են ռուս սահմանապահներից: Անիպեմզայի գյուղապետի խոսքերով՝ Արագածավանի բնակիչներն են նկատել գլխատված ոչխարներին եւ այդ մասին ահազանգել են:
Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանից էլ տեղեկացանք, որ ինքն ահազանգը ստանալուն պես անմիջապես զանգահարել է ազգային անվտանգության ծառայություն: «Նստել եմ, մեքենաս ջարդելով գնացել եմ գետի երկայնքով, բայց ոչ մի ոչխարի չհանդիպեցի: Այս գյուղերում գրեթե բոլորն էլ անասնապահությամբ են զբաղվում, գուցե որեւէ մե՞կն է իր ոչխարին մորթել ու գցել ջուրը»,- ենթադրեց Արագածավանի գյուղապետը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանի հետ, ով ասաց, որ իրենք էլ են նման ահազանգ ստացել եւ գնացել դրա հետքերով: «Կոնկրետ Ախուրյան գետին վերաբերող ջրի հետազոտությունը մենք սովորաբար կատարում ենք Գուսանագյուղ եւ Իսահակյան գյուղերի հատվածներից, այսինքն՝ այն տարածքներից, որոնք սահմանից հեռու են: Բայց քանի որ նման ահազանգ եղավ, մենք տեղում վերցրել ենք ջրի հետազոտություն, սակայն ոչ մի արտառոց բան չենք նկատել: Մեզ ահազանգել էին, որ գետի ջրի մեջ տեսել են ոչխարի ջանդակներ, բայց մենք հետազոտություն անցկացնելու ժամանակ չնկատեցինք նման բան: Ռուս սահմանապահներն էին տեսել ու ահազանգել: Չնայած, որ մենք հետազոտությունները կատարել ենք ու ոչ մի նման շեղումներ չենք նկատել»,- պարզաբանեց Ուռուտյանը:
Մասնագետը շտապեց վստահեցնել, որ անհանգստանալու ոչինչ չկա, եւ բնակիչների մտահոգությունները՝ այս հարցի հետ կապված, համարեց անհիմն: «Գուցե մարդիկ նկատել են, եւ մենք մինչեւ հասել ենք դեպքի վայր, դրանց գետը քշել-տարե՞լ է: Ասեմ, որ այդ գետի ջուրն այնքան արագ է հոսում, որ եթե փայտի մի կտոր գցենք ջրի մեջ, ապա 10 րոպե անց 5-6 կիլոմետր այն կանցնի, կգնա: Բայց այդ գլխատված ոչխարներն իրենցից ոչ մի վտանգ չեն կարող ներկայացնել: Ես չգիտեմ, թե այդ գետը կոնկրետ որ մասում է դանդաղում, հոսքը կանգնում, բայց Անիպեմզայի եւ Արագածավանի տարածքներում դրանց կանգնելու, նեխվելու մասով վստահեցնում եմ, որ ոչ մի նման բան չկա», -հավաստիացրեց Ուռուտյանը:
Խնդրի առնչությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ-ից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ ահազանգը ստացել են, եւ գետից դուրս է բերվել խոշոր եղջերավոր մեկ կենդանի, որը, ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների, որեւէ հիվանդություն չի ունեցել:
Այսպիսով, թեեւ պատկան մարմինները համառորեն պնդում են, որ իրենց ստուգումների արդյունքում ոչ մի տեսակի շեղում չի հայտնաբերվել, այնուամենայնիվ, վերը նշված գյուղերի բնակիչները շարունակում են անհանգստանալ տեղի ունեցածից: Չէ որ այդպես էլ անհասկանալի մնաց, թե կոնկրետ որ կողմն է այդ գլխատված ոչխարները նետել Ախուրյան գետը եւ, ամենակարեւորը, ինչ նպատակով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն երեկ՝ օգոստոսի 26-ին, հանդիպել է «Նոյեմբերի 5»-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանի հետ:
Փաշինյանը գրել է. «Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի Հայկ Կյուրեղյանի հետ, ում համար մեղադրող դատախազը 14 տարվա ազատազրկում է պահանջել:
Կյուրեղյանի դատավարությունը դեկտեմբերից ընթանում է նրա բացակայությամբ. նա դատական սանկցիայի կիրառմամբ 10 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից, ու այդ տասը ժամը, չգիտես ինչու, 8 ամսում չի լրացել:
Մեր զրույցի ժամանակ Կյուրեղյանն ասաց, որ ցանկանում է դատարանում պաշտպանական ճառով հանդես գալ:
Մեծ է հավանականությունը, սակայն առաջիկա դատական նիստերին էլ նրան դատարան չեն տանի, այսինքն՝ կզրկեն պաշտպանական ճառով եւ վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից:
Որպես ՀՀ քաղաքացի եւ ԱԺ պատգամավոր՝ դատապարտում եմ Կյուրեղյանի նկատմամբ կիրառվող հաշվեհարդարային մոտեցումը եւ արձանագրում. դատարանը ուղղակիորեն ոտնահարում է Հայկ Կյուրեղյանի անօտարելի իրավունքները»:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում: 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի: Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել: Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

 

ՎՃԻՌՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է
Օգոստոսի 25-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով օգոստոսի 12-ին կայացված վճիռը օրինական ուժի մեջ մտավ, տեղեկացնում է Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը:
Օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացված արտագնա նիստում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին դատարանը մեղավոր ճանաչեց զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու մեջ եւ դատապարտեց ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Վճռի հրապարակումից հետո Պերմյակովը 10-օրյա ժամկետում այն կարող էր բողոքարկել, ինչն, ըստ էության, տեղի չի ունեցել, եւ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

 

ԼՐԱԳՐՈՂ ԵՆ ՍՊԱՆԵԼ
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում հեռուստակայանի հետ ուղիղ միացման ժամանակ երեկ երկու հեռուստալրագրող է սպանվել: Ռոյթերզե-ի հաղորդմամբ՝ անհայտ անձի գնդակներից սպանվածները CBS-ի գործընկեր WDBJ7 հեռուստաընկերության աշխատակիցներ 24-ամյա Էլիսոն Փարկերն ու 27-ամյա Ադամ Ուորդն են: Երբ լրագրողները զրուցել են Բեդֆորդ շրջանի բնակիչներից մեկի հետ, hամացանցում հայտնված տեսանյութում լսվել են կրակոցներ. երեւում է, թե ինչպես են լրագրողն ու նրա զրուցակիցը փորձում փախչել: Առայժմ հանցագործության դրդապատճառն ու կրակողի ինքնությունը հայտնի չէ:

 

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱՀԱՆՋ
ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղար Լեոնիդ Երմոլաեւի հետ այսօր Աստանայում ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, այլ հարցերի թվում, քննարկել է Ադրբեջանի իրավապահ համակարգի հետ ծագող խնդիրներին ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարության միջոցով լուծումներ գտնելու հնարավորությունը:
Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության կայքէջի՝ Կոստանյանը դիմել է Երմոլաեւին՝ «ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ իրավապահների կողմից քննվող քրեական գործով Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությանն ուղղված քննչական պահանջը Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմնին փոխանցելու խնդրանքով»:
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին Տավուշի մարզի Չինարի գյուղի երիտասարդ բնակիչ Կարեն Պետրոսյանը հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ, որտեղ էլ մահացել էր:




Լրահոս