Ինչու են լարվել Ախուրյան գետի մի շարք հիդրոէլեկտրոկայաններ շահագործող ընկերությունների հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ախուրյան գետի մի շարք հիդրոէլեկտրոկայաններ շահագործող ընկերությունների՝ «Էրստեդ» (Ամասիայի ՓՀԷԿ), «Լայթէկո» (Փարոս ՓՀԷԿ) եւ «Անի» ԲԲԸ (Ջրաձոր ՓՀԷԿ) հարաբերությունները դարձյալ լարվել են։ Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին «Էրստեդ»-ն ու «Լայթէկո»-ն դիմել էին ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա եւ տեղեկացրել «Անի» ԲԲԸ-ի «Ջրաձոր» փհէկ-ի կառուցման եւ շահագործման գործընթացներում կոռուպցիոնռիսկերի բացահայտումների եւ պետությանը հասցված հնարավոր առանձնապես խոշոր չափերի վնասների մասին: Այս անգամ հերթը «Անի» ԲԲԸ-ինն է, որըչի կարողացել «մարսել» վերը նշված ընկերությունների արածը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Անի» ԲԲԸ-ն դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ հայտնել, որ «Էրստեդ» եւ «Լայթէկո» ընկերությունները էլէներգիայի արտադրության լիցենզավորված գործունեությունն իրականացնում են առանց գործող ջրօգտագործման թույլտվությունների։ Իսկ «Լայթէկո»-ն, իբր, խախտել է էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի 30-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը. շահագործվող խողովակաշարը գտնվում է « Անի» ԲԲԸ-ի 35 ԿՎ լարման հենասյուների մոտ, հեռավարությունը չի գերազանցում 15 մետրը։

Եվ «Անի»-ն հանձնաժողովից պահանջում է պատասխանատվության ենթարկել ընկերություններին։ Սակայն այս դեպքում «Անի»-ի բախտը չի բերում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին կմերժի «Անի»-ի պահանջը։ Նկատենք, որ Ախուրյանի գետի «ջրային այս պատերազմներն» արդեն մի քանի տարվա պատմություն ունեն, եւ հայտնի չէ, թե դրանք երբ եւ ինչ հանգուցալուծում կունենան։ Բանն այն է, որ դեռեւս 2009 թվականից սկսած` այս երեքընկերությունները Ախուրյան գետի վրա հերթականությամբ սկսեցին երեք ՀԷԿ-երի կառուցապատման աշխատանքները, ինչն էլ դարձավ նրանց տարաձայնությունների պատճառ։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս