Սեպտեմբերի 14-ին կմեկնարկի «Ֆուլ հաուս» սիթքոմի երրորդ եթերաշրջանը, որի շրջանակում հեռուստադիտողներին սպասվում են որոշ անակնկալներ: Երրորդ եթերաշրջանը կհամալրվի նոր դեմքերով, որոնցից մեկը Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանն է, ով հեռուստադիտողներին հայտնի է նաեւ սերիալներից: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր նոր կերպարի, անցած ուղու եւ առաջիկայի ծրագրերի մասին:
-Էվա՛, սիթքոմում ի՞նչ կերպար եք մարմնավորելու: Նա բնավորության ո՞ր գծերով աչքի կընկնի, այս ժանրը որքանո՞վ է Ձեզ հարազատ:
-Սիթքոմի ժանրում երբեւէ չեմ ներկայացել, բայց Կամերային թատրոնում աշխատելով` ներկայացել եմ դրան հարող ժանրում, իսկ, ահա, հեռուստատեսությունում դրամատիկ կերպարներ եմ մարմնավորել: Ամեն դեպքում, կարծում եմ՝ չեմ դժվարանա սիթքոմի շրջանակում աշխատել: Ես մարմնավորում եմ հիմնական հերոսներին, նոր հարեւանացած խորամանկ աղջիկներից մեկին: Այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող: Ասեմ, որ սիթքոմի մյուս դերասանների մեծ մասին ծանոթ եմ հեռակա կարգով, ուրախ եմ, որ նրանց հետ աշխատելու եմ, կարծում եմ՝ ամեն բան լավ կլինի: Ինքս տեսակով հանդուրժող եմ եւ աշխատասեր: Կարծում եմ` հաշտ կլինեմ նոր կերպարիս հետ. դերասանի համար կտրականապես մերժելի կերպարներ չպետք է լինեն:
-Խորամանկ աղջկա դեր եք խաղալու. պատրա՞ստ եք այն բանին, որ շատ հեռուստադիտողներ, հնարավոր է, ասոցացնեն Ձեզ Ձեր կերպարի հետ եւ գուցե նաեւ չսիրեն:
-Ես դրանից վատ իրավիճակում եմ հայտնվել, երբ խաղում էի «Եղբայրները» սերիալում: Այդ ընթացքում բախվել եմ մի շարք խնդիրների, օրինակ` տարիքով կանայք «հարձակվում էին» վրաս, ջղայնանում էին, որ իմ կերտած կերպարն ուզում է ընտանիք քանդել: Դա մի քանի տարի առաջ էր, կարծում եմ` հիմա իրավիճակը փոխվել է:
-Հեռուստադիտողները Ձեզ կհիշեն նաեւ «Poker.am» ֆիլմից: Գեղարվեստական ֆիլմերում Ձեզ էլի կտեսնե՞նք:
-Ուրախ եմ, որ այսօր բավական մեծ թվով ֆիլմեր են նկարահանվում, եւ դերասանները հնարավորություն ունեն իրենց փորձելու տարբեր կերպարներում: Մեզ պակասում է միայն գումարը. ունենք շատ լավ մտածող ռեժիսորներ, նկարահանող թիմ. միայն ֆինանսի գործոնն է, որ խոչընդոտում է ֆիլմի մասշտաբայնությանը: Ինչ վերաբերում է նոր ֆիլմում նկարահանվելուն, ապա նշեմ, որ շուտով էկրան կբարձրանա Դավիթ Բաբախանյանի «Հյուսիս-հարավ» ֆիլմը, որտեղ ես նույնպես ունեցել եմ իմ դերակատարությունը:
-Դուք զբաղվել եք նաեւ մոդելային գործունեությամբ: Ռեժիսորները Ձեզ ընտրելիս հաշվի նստե՞լ են այդ հանգամանքի հետ, որքանո՞վ է դա օգնել Ձեզ Ձեր կարիերայում:
-Չեմ կարծում, թե իմ կերպարները կերտելու հարցում կազմվածքս մեծ նշանակություն է ունեցել. երեւի ավելի շատ խառնվածքս է որոշիչ եղել: Թեպետ դերասանը, միանշանակ, պետք է հետեւի իր կազմվածքին: Հայ դերասաններն, օրինակ, բեմ դուրս գալիս ֆիզիկապես շատ պատրաստված չեն: Թեեւ երիտասարդների շրջանում արդեն տեսնում եմ հակառակ միտումը: Ինչ վերաբերում է մոդելային գործունեությանը, ապա դրանով ես զբաղվել եմ մինչեւ թատերական ինստիտուտ ընդունվելը՝ դեռեւս դպրոցական տարիներից: Այդ աշխատանքը, սակայն, շարունակական չեղավ, քանի որ մոդելային ոլորտը Հայաստանում երբեք կայուն հիմքերի վրա դրված չի եղել:
-Դուք հանդես եք եկել Երեւանի խամաճիկների պետական թատրոնում, խաղում եք Երեւանի պետական Կամերային թատրոնում, նկարահանվել եք սերիալներում, բայց Ձեր դեմքը շատ ծանոթ չէ հեռուստադիտողներին: Սիթքոմում նկարահանվելով` այդ առումով առավել հայտնի դառնալու սպասումներ ունե՞ք:
-Ո՛չ, նման սպասումներ չունեմ, քանի որ իմ նպատակն ամենեւին էլ էկրանին երեւալը չէ, այլ իմ առջեւ դրված պահանջները լավագույնս կատարելը: Էկրանին ես երեւացել եմ շատ վաղուց, ինքս ինձ համարում եմ փառքի հետեւից չընկնող դերասանուհի, ուստի աշխատանքային գործընթացում աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին ինձ է պետք: Մինչեւ էկրանին հայտնվելը, ես երկար եւ տանջալից ճանապարհ եմ անցել, այնպես որ ոչինչ հենց այնպես չի տրվել…
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԴԻՄԱԿԱՅԵԼ «ԱՐՀԱՎԻՐՔՆԵՐԻՆ»
«Հուսո Առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնը մեկնարկել էր դեռ նախորդ ամսվա` հուլիսի 31-ին, Սեւանում, որտեղ տեղի էր ունեցել նախնական փուլը: Օգոստոսի 26-28-ն էլ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը Հայաստանի Կոմպոզիտորների միության «Երգի փառատոն-2015» մեգանախագծի շրջանակներում կկայանա փառատոնի եզրափակիչ փուլն ու գալա-համերգը:
Ժյուրիի կողմից ընտրված մասնակիցներին կմիանան նաեւ Երեւանում օգստոսի 24-ին Կոմպոզիտորների միության դահլիճում կայացած լսումների փուլը հաղթահարած երաժիշտները, որոնք էլ կներկայանան փառատոնի երկրորդ փուլին: Ընտրված լավագույն 10 մասնակիցները Բարդ ակումբի` թվով 15 անդամ-երաժիշտների հետ կմասնակցեն օգոստոսի 27-ին կայանալիք գալա-համերգին, որին կմասնակցի նաեւ Ռուբեն Հախվերդյանը:
Փառատոնի կազմակերպիչ, երգահան Վախթանգ Հարությունյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ փառատոնի մասնակիցները հիմնականում պատկանում են 22-30 տարիքային շեմին: «Փորձը ցույց է տալիս, որ ամեն սերնդից 3-4 հոգի մասնակից կան, որոնք փորձում են դիմակայել շուրջը տիրող «արհավիրքներին» եւ մնալ իրենց դիրքերում: Մենք անում ենք ամեն բան` փառատոնի մասնակիցներին քաջալերելու, երաժշտական դաշտին ինտեգրելու համար: Իսկ թե ինչ արդյունքներ կունենա փառատոնը, դեռեւս վաղ է ասել: Ցավոք, մենք չունենք պետական աջակցություն, հուսով ենք, որ պետական այրերը հաջորդ անգամ շահագրգիռ կլինեն օգնելու մեզ` փառատոնի շրջանակները լայնացնելու հարցում»,-ասաց Վ. Հարությունյանը:
Նա ուրախությամբ փաստեց, որ մասնակիցների թվում կան շատ տաղանդավոր բարդեր. «Կմնան նրանք այնպիսին, ինչպիսին կան, կպահեն իրենց դեմքը, թե կկորցնեն` ժամանակը ցույց կտա: Համենայն դեպս, բարդերը պետք է սեփական խղճին դեմ չգնան»,-նկատեց նա:
Երգահանը հավելեց, որ փառատոնի լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան ձայնագրելու լավագույն երգերի տասնյակ, հանդես գալու Բարդերի ակումբում, մասնակցելու հետագայում կազմակերպվելիք մշակութային միջոցառումներին:
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ անհայտ, բայց տաղանդավոր հեղինակ-կատարողների թվում մեծ թիվ են կազմում նաեւ իր տարեկիցները` միջին սերնդի ներկայացուցիչները. «Կան այնպիսի երգահաններ, որոնք մեզ ոչնչով չեն զիջում, պարզապես պրոպագանդված չեն: Ուստի հեռուստաընկերություններին խորհուրդ կտայի պրոպագանդել հեղինակ-կատարողների ստեղծագործությունները: Առհասարակ, նույնիսկ գիգանտ հեղինակ-կատարողների, հենց օրինակ` Ռուբեն Հախվերդյանի երգերը հազվադեպ են հնչում հեռուստատեսությամբ»,-եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ ԵՆ ԲԵՐԵԼ
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում անցկացված The IndieFEST Film Awards մրցանակաբաշխությանը կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի բարձր արժանիքների համար։ Այս մասին «Արմենպրես»¬ին տեղեկացրել են «Այսօր¬Պլյուս» ֆիլմարտադրությունից: «Այս մրցանակաբաշխությունն առանձնանում է նրանով, որ մրցանակները տրվում են չորս անվանակարգերում՝ «Լավագույն շոու»¬ի, «Վարպետության», «Բարձր արժանիքների» եւ «Ճանաչման» համար։ Եվ շատ ֆիլմեր ստանալով այս մրցանակները՝ երաշխիք են ստեղծում մասնակցելու Օսկարի եւ Էմմիի մրցանակաբաշխությանը, քանի որ ժյուրին կազմված է The IndieFEST Awards եւ Emmy մրցանակաբաշխության անդամներից»,¬տեղեկացրել են Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանը: «Ապակե կախազարդը» մինչ այս մասնակցել էր Բուսանի, Կալկաթայի, Մոսկվայի, Մոնրեալի, Հյուստոնի, Լուիզվիլի եւ այլ միջազգային կինոփառատոններին եւ պատվով ներկայացրել Հայաստանը։
10 ԱՆՀԱՅՏ ՊԻԵՍ
Բրիտանացի թատերական պրոդյուսեր Ջուլիուս Գրինը հայտնաբերել է Ագաթա Քրիստիի 10 անհայտ պիեսներ՝ 5 ամբողջական պիես եւ մեկ գործողությամբ 5 դրամա, որոնք նախկինում հայտնի չէին կամ մոռացված էին, գրում է rosbalt.ru-ն։ Դետեկտիվների թագուհին հավատարիմ է մնացել իր ոճին, այդ պատճառով էլ ստեղծագործություններում կատարվում են խորհրդավոր սպանություններ։ Հայտնաբերված պիեսները կներառվեն Curtain Up: Agatha Christie -A Life in Theatre գրքում, որը կթողարկվի սեպտեմբերի 10-ին։
ՋԵՔՍՈՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿ
Ռեփեր, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը օգոստոսի 30-ին կայանալիք MTV Video Music Award 2015 մրցանակաբաշխությանն արժանանալու է Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակի։ Just Jared-ի փոխանցմամբ՝ MTV-ի հայտարարության մեջ ասված է, որ Քանյեն ստանալու է Michael Jackson Video Vanguard Award մրցանակը, քանի որ 38-ամյա ռեփերի՝ նախկին տարիներին թողարկված երգերը «գլուխգործոցներ են»։ Ավելին՝ Քանյեի ելույթները միշտ էպիկական եւ հիշարժան են եղել, ուստի այս տարի նույնպես հանդիսատեսին հաճելի անակնկալներ են սպասվում։