«ԴՐԱՆՔ ԻՆՁ ԻՍԿԱԿԱՆ ՄԱՐԴ ԴԱՐՁՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ երգչուհի Անի Քրիստին, ով տեւական ժամանակ է` բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, այցելել է հայրենիք: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է վերադարձին ուղեկցող զգացումների, ամերիկյան կենսակերպի, այնտեղի գործունեության մասին: Երգչուհին զրուցել է նաեւ նոր համագործակցությունների եւ սպասվող համերգի մասին: Նա անդրադարձել է նաեւ անձնական կյանքին` շեշտելով, որ իր ընտրյալը, միանշանակ, պետք է հայ լինի:

-Անի՛, եթե չեմ սխալվում` երկու տարի էր, ինչ Երեւանում չէիք եղել. այս ընթացքում ի՞նչն է մեր քաղաքում փոխվել:
-Այս ընթացքում շատ բան չի փոխվել, պարզապես, գալով այստեղ` ես տեսա ավելի գեղեցիկ շինություններ եւ մարդաշատ փողոցներ:
-Ֆեյսբուքյան Ձեր էջում գրել էիք, որ 16 տարի Ձեր մայրիկի հետ նույն քաղաքում չէիք եղել. ինչպե՞ս էր այդպես պատահել, կմանրամասնե՞ք: Մայրիկի հետ հոգեւոր կապը, թերեւս, ամուր է, այո՞:
-Մայրս ապրում է Բրյուսելում, նախորդ տարի նա 15 տարվա ընդմիջումից հետո եղել էր Երեւանում, սակայն ես իր հետ չէի: Արդեն այս տարի ես Լոս Անջելեսից, մայրս Բրյուսելից մեկնեցինք Երեւան եւ հանդիպեցինք: Իհարկե, ես նրան շատ եմ այցելել Բրյուսելում, սակայն Երեւանում մեր հանդիպումը կայացավ 16 տարվա ընդմիջումից հետո: Եվ, անկախ մեզ բաժանող տարածությունից, իմ ու մայրիկիս միջեւ հոգեւոր կապն ուժեղ է:
-Երեւանում նոր երգերի ձայնագրությամբ զբաղվո՞ւմ եք: Մենահամերգի մասին մտածո՞ւմ եք, իսկ երկրպագուների հետ հանդիպում կլինի՞:
-Այստեղ ձայնագրություններ եղել են եւ դեռ լինելու են: Համերգ պլանավորում եմ ունենալ հաջորդ տարի` կապված բեմական գործունեության եւ 30-ամյակիս հետ: Համերգի խորագիրը, թերեւս, կլինի «Անին եւ ընկերները». տեսնենք` ինչպես կստացվի: Իսկ երկրպագուների հետ հանդիպում, չգիտեմ, որքանով կստացվի կազմակերպել, բայց մյուս տարի անպայման կլինի:
-Անի՛, ամերիկյան միջավայրում ապրելուց եւ աշխատելուց հետո կա՞ մի փորձառություն, որը կուզենայիք բերել Հայաստան: Առհասարակ, մտածում եք այնտե՞ղ, թե՞ այստեղ հաստատվելու մասին:
-Փորձառությունը` կախված հասունության հետ, ինձ հետ է ամենուր` անկախ բնակության վայրից: Թե ինչ կլինի հետո, ոչինչ ասել չեմ կարող, բայց որ սիրում եմ իմ հայրենիքն ու իր հետ կապված ամեն բան, դա հստակ է:
-ԱՄՆ-ում հետաքրքիր, օրինակ` որեւէ դուետով հանդես գալուն առնչվող առաջարկներ լինո՞ւմ են: Այնտեղ Ձեր հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում: Իսկ Հայաստանյան շուկայի հետ աշխատելը դեռ հետաքրքի՞ր է:
-Դուետի առաջարկ ունեմ. արդեն ավարտին ենք հասցնում Արա Մարտիրոսյանի հետ մեր զուգերգի ձայնագրության աշխատանքները. այն շուտով հասու կլինի լսարանին: Իսկ այնտեղ հնարավորություններս կախված են իմ աշխատասիրությունից միայն…Ինչ վերաբերում է հայաստանյան շուկա ասվածին, ապա ես այն որպես այդպիսին չեմ ընկալում. փոխարենը ավելի լավ ընկալում եմ տաղանդավոր մարդկանց փոքրիկ աշխարհ հասկացությունը:
-Իսկ առաջիկա տարիներին կցանկանաք ԱՄՆ-ո՞ւմ ապրել, թե՞ Հայաստանում: Որտե՞ղ եք տեսնում Ձեր ապագան:
-Այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել:
-Ամերիկացի տղամարդկանց մեջ կա՞ մի բան, որը գրավում է Ձեզ, կամ հակառակը` վանում: Ձեզ համար կարեւո՞ր է, որ Ձեր ընտրյալը հայ լինի: Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է նա օժտված լինի:
-Իմ ընտրյալը, միանշանակ, պետք է հայ լինի, իմ խառնվածքի տեր անձնավորություն. այլ կերպ լինել չի կարող: Իսկ թե որտեղ կհանդիպեմ նրան, դա կարեւոր չէ: Կարեւորը` տվյալ մարդու հետ ճիշտ, հասուն, ներդաշնակ կյանքով ապրելն է:
-Ձեր երգերից մեկում ասում եք` «Ամեն ինչ նորից, նոր մաքուր էջից…»: Կարողացե՞լ եք Ձեզ համար այդ մաքուր էջը բացել, ամեն ինչ նորից սկսել… Այդ հարցում Ձեզ ինչ-որ մեկն օգնո՞ւմ է:
-Ամեն օր իր գալստի հետ բերում է նոր, մաքուր էջ ու նոր էմոցիաներ: Ես կարողանում եմ զգալ եւ վայելել կյանքի գույներն ու երանգները` անկախ այն հանգամանքից` դրանք գորշ են, թե մռայլ: Սա է մեր կյանքը, եւ դրա համար մեզ պետք չեն լրացուցիչ օգնություններ: Ամեն մարդ ինքն է իր բժիշկն ու փրկիչը. պարզապես պետք է հասնել դրան ինքնաճանաչողության շնորհիվ: Ես սիրում եմ կյանքը` իր բոլոր վայրէջքներով եւ վերելքներով. դրանք ինձ իսկական մարդ դարձրին:

 

 

 

 
ՄՀԵՐՆ ԸՆԿԵՐՈՒՀԻ ՈՒՆԻ. ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑ

Այս ամռանը երգիչ Մհերը չի հասցրել հանգստանալ, քանի որ ծանրաբեռնված է եղել աշխատանքով: Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ երգիչն այժմ աշխատում է մի քանի լիրիկական, մելոդիկ երգերի վրա: Պրոդյուսերի խոսքով` իրենք մտածում են նաեւ մենահամերգի մասին. «Եթե հասցնենք աշխատանքներն ավարտին հասցնել, այն կկայանա այս տարվա նոյեմբերին, եթե ոչ, մյուս տարի. ամեն բան կախված է տեխնիկական որոշ հարցերից: Ի դեպ, մենահամերգի ընթացքում կլինեն անակնկալներ, կհնչեն նոր երգեր, կցուցադրվեն նոր շոուներ»,-ասաց նա:

Գ.Հարությունյանը նաեւ նշեց, որ Մհերն ունի արտերկրից` ԱՄՆ-ից, Եվրոպայից, Իրանից համերգային շրջագայությունների հրավերներ, որոնք կիրականացնի արդեն հաջորդ տարում:
Քանի որ երկրպագուները հույս ունեն, որ վերջապես Մհերի անձնական կյանքը կկարգավորվի, մենք հարցրինք` արդյոք երգչի անձնական կյանքում կան նորություններ: Ներկայացնում ենք պրոդյուսերի պատասխանն ու մեր հետագա երկխոսությունը.
-Գիտեք` դա Մհերի անձնական կյանքն է, մի քիչ բարդ է ասել, բայց կան նորություններ. դրանք դեռ նորություն են, ուրիշ ոչ մի բան:
-Այսինքն` Մհերն ունի ընկերուհի, բայց հանրությանը դեռ չի ներկայացնո՞ւմ:
-Այո՛:
-Կարգավիճակի փոփոխություն սպասե՞նք, թե՞ դեռ վաղ է այդ մասին խոսել:
-Չէ՛, վաղ է:
-Իսկ նրա ընտրյալն ազգությամբ հա՞յ է (Ավելի վաղ Մհերը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում չէր բացառել, որ իր ընտրյալը կարող է լինել այլազգի):
-Այո՛:
-Իսկ ի՞նչ մասնագիտություն ունի, գուցե նրա մասին պատմե՞ք:
-Ինքս տեղյակ չեմ մանրամասներից:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ երգիչ Մհերի հետ, ով նշեց, որ չի ուզում անձնական կյանքին առնչվող որեւէ մեկնաբանություն տալ. «Դեռ ոչ մի բան հստակ չէ, երբ իմ կյանքում լինի փոփոխություն, հանրությունը հաստատ կիմանա, ես առաջինը կհրապարակեմ դա»,-ասաց նա, այնուամենայնիվ, չհերքելով, որ իր կյանքում ինչ-որ մեկը կա:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Մհերը բաժանվել էր իր նշանածից` խանդի պատճառով: Դրանից հետո նա հայտարարել էր, որ ունի ընկերուհի: Իսկ արդեն այս տարվա գարնանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հայտնել էր, որ անձնական կյանքում ոչ մի նորություն չունի:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 
ՀԱՆՈՒՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
Անվանի օպերային երգչուհի, մանկավարժ, պրոֆեսոր Լյուբով Կազարնովսկայան եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը Հայաստանում բարեգործական համերգ կկազմակերպեն: Այս մասին երգչուհին նշել է լրագրողների հետ զրույցում` տեղեկացնելով, որ սեպտեմբերի 4-ին կայանալիք համերգի հասույթը կտրամադրվի Հայաստանում ստեղծվելիք Օպերային արվեստի միջազգային ակադեմիային։ Կազարնովսկայան նշել է, որ Գեղամ Գրիգորյանի նախաձեռնությամբ ստեղծվող ակադեմիայում ինքն էլ վարպետության դասեր կանցկացնի. «Ես երջանիկ կլինեմ օգնել, այստեղ բերել կատարողների, դիրիժորների, ռեժիսորների»:
Գեղամ Գրիգորյանն էլ նկատել է, որ ակադեմիան շատ կարեւոր դեր կունենա Հայաստանի ու երիտասարդ կադրերի համար, որոնք նոր գիտելիքներ ձեռք կբերեն եւ կկատարելագործվեն:

 

«ՀԱՅԵՐԻ ԳԱՐՈՒՆԸ»
Ֆրանսիական France 3 հեռուստաընկերությունը Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրելու՝ «Հայերի գարունը» վերնագրով: Այս մասին գրում է Nouvelle D’Armenie-ն։
Ֆիլմում պատմվում է հայկական ծագմամբ ֆրանսիացի Վարուժան Արթինի մասին, ով ժամանակին որոշել էր երբեք ոտք չդնել Թուրքիա: Առաջին անգամ նա որոշում է բացահայտել իր նախնիների երկիրը: Վարուժանը զարմանալի բան է հայտնաբերում: Բազմաթիվ հայեր, որոնք ողջ են մնացել դարաշրջանի առաջին ցեղասպանությունից հետո, իրականում մնացել են Թուրքիայում եւ չեն հեռացել այնտեղից:
«Հայերի գարունը» վավերագրական ֆիլմի տեւողությունը 55 րոպե է, այն կհեռարձակվի օգոստոսի 31-ին՝ ժամը 23:25-ին։

 

VARDA-Ն ԿԱՋԱԿՑԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Օգոստոսի 29-ին հայտնի պարուհի եւ երգչուհի VARDA-ն բարեգործական շոու-ծրագրով ելույթ է ունենալու երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում:
Երեկոյից ստացված ամբողջ հասույթը ուղղվելու է «Գավառի մանկատան» եւ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատան» երեխաների օգնությանը։
«Հայաստանում հազարավոր երեխաներ ընտանեկան ջերմության կարիք ունեն։ Չնայած նրանք ծնողազուրկ են՝ այս փոքրիկ հայերը մեր ապագան են։ Նրանց օգնելն ու ճիշտ ուղղություն ցույց տալը իսկապես կարեւոր է։ Նրանք պետք է գիտակցեն, որ մենք նրանց կարիքն ունենք ու մտածում ենք իրենց մասին… Ես ցանկանում են նաեւ բոլորի ուշադրությունը հրավիրել այս երեխաների խնդրի վրա։ Հուսով եմ, որ իմ երկրպագուները կսատարեն ինձ այդ հարցում»,- ասել է Վարդանուշ Մարտիրոսյանը։




Լրահոս