2015 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից այն մասին, որ կրծքավանդակի և մարմնի տարբեր մասերի շրջաններում ծակած-կտրած վերքերով բուժօգնության են դիմել քաղաքացիներ Էդգար Ս.-ն և Սուրեն Մ.-ն, armlur.am-ին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Վահան Ա.-ն և նրա հայրը վիճաբանել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մ.-ի ու վերջինիս ընկերոջ՝ Էդգար Ս.-ի հետ:
Կատարված նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ կենցաղային հարցի շուրջ ծագած հիշյալ վիճաբանության ժամանակ Սուրեն Մ.-ին ու Էդգար Ս.-ին դանակահարել է Վահան Ա.-ն: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Իր հերթին Վահան Ա.-ի հայրը՝ Արթուր Ա.-ն, հայտնել է, որ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ իր հետ վիճաբանության են բռնվել երկու երիտասարդներ, ովքեր հայհոյանքներ են հնչեցրել իր և կնոջ հասցեին, նախահարձակ են եղել՝ հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Այդ ժամանակ ինքը նկատել է, որ վիճաբանությանը մասնակցում է նաև որդին, ով լսել է մոր բղավոցի ձայները և շտապել բակ:
Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ հիշյալ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է: